Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Փաշինյանի կառավարությունը հրաժարվում է Ադրբեջանի դեմ հայցերից, դա դեռ չի նշանակում, որ մենք ամենամոտ ապագայում այդ հայցերով չենք վերադառնա միջազգային դատական ատյաններ»

Մարտ 17,2025 13:30

«Առավոտի» զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

– Պարոն Խզմալյան, ՀՀ ԱԳՆ-ն հայտնեց, որ դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել են, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները, եւ փաստաթուղթը պատրաստ է ստորագրման։ Փաշինյանը հաստատեց, որ երկու չհամաձայնեցված կետերը վերաբերում են միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչելուն եւ Հայաստանից ԵՄ քաղաքացիական դիտորդներին հեռացնելուն։ Միաժամանակ, ադրբեջանական կողմից պահանջ հնչեց, որ սպասում են, որպեսզի Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը։ Ադրբեջանն այլ պահանջներ էլ ունի։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը, ի՞նչ հետեւանքներ կլինեն Հայաստանի համար, ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները գնում Ադրբեջանի պահանջների կատարմանը։

– Ես կարծում եմ, որ սա ոչ թե Հայաստանի համաձայնությունն է, այլ իշխանությունների։ Ես չեմ կարծում, որ Հայաստանի հասարակությունը եւ քաղաքական դաշտը կհամաձայնեն Սահմանադրության այն փոփոխություններին, որոնք առաջարկում են իշխանությունները։ Եթե այդ երկու կետերը իսկապես համաձայնցված են եւ կիրականացվեն, ես համարում եմ, որ դա հանցավոր սխալ է, դա բարոյազրկում ու իմաստազրկում է մեր տանջանքները եւ ազգային ազատագրական պայքարը։ Դա ոչ միայն քաղաքական, այլ նաեւ բարոյական սխալ է՝ ինչի՞ց է հրաժարվում Հայաստանն  իշխանության ձեռամբ, ի՞նչ հայցերի մասին է խոսքը, խոսքը Արցախում կատարված ցեղասպանության ու արցախցիների հայրենազրկման, դրանից առաջացած մարդկային ու տարածքային կորուստների մասին է։ Այդ ամենի՞ց է Հայաստանը փորձում հրաժարվել։ Դա նույնն է, որ մենք քննարկենք Ցեղասպանությունից հրաժարվելու պահանջները, որոնք հնչել են Թուրքիայից 100 տարի շարունակ։ Սկզբունքորեն Թուրքիայի եւ Ադրբեջանի իրագործած հանցանքների միջեւ տարբերություն չկա։

– Ի դեպ՝ թուրք լրագրողներին տված ասուլիսում Փաշինյանը կրկնեց իր այն թեզը, թե Հայոց ցեղասպանության միջազգային հարցը Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնահերթություններից չէ։

– Դա իր կառավարության դիրքորոշումն է, որի համար իր կառավարությունը շատ թանկ գին է վճարելու առաջիկա ընտրություններում։ Ես բազմիցս թուրք ու ադրբեջանցի քաղաքագետների ու լրագրողների հետ հանդիպումներում ասում էի, որ ցանկացած հաջորդ կառավարությունը չեղարկելու է այս հանցավոր մոտեցումը։ Ես սա պարզապես հանցավոր մոտեցում եմ համարում։

– Անդրադառնանք, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրին». հատկանշական է, որ Հայաստանի ԱԳՆ-ն այս ձեւակերպումը տվեց՝ «ՀՀ-ն ընդունում է նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները»։ Այսինքն՝ Ադրբեջանը թելադրում է պահանջներ, հայկական կողմը համաձայնո՞ւմ է, սա ի՞նչ հետեւանքներ կունենա։

– Որեւէ երաշխիքներ Հայաստանը չի կարող ակնկալել։ Ադրբեջանը եւ նրա հովանավորները՝ Ռուսաստանն ու Թուրքիան բազմաթիվ անգամներ՝ եւ պատմության ընթացքում, եւ հենց հիմա, ոտնահարում են բոլոր այն համաձայնագրերը, պայմանագրերը, երդումներն ու խոստումները, որոնք համաձայնեցրել էին։ Խոսքը նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին է, որը մինչեւ հիմա շրջանառության մեջ է, բայց դրա ոչ մի կետ չի կատարվել։ Եվ ամենակարեւորը՝ Արցախի ու արցախցիների անվտանգությունը գոյություն չունի։ Ադրբեջանի զորքերը մինչեւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում, այդ ամենը նշանակում է, որ երաշխիքները չեն կարող լինել թղթի վրա։ Կա միայն մեկ երաշխիք՝ դա ուժի դիրքերից պահանջված եւ ստացված երաշխիքներն են։ Ուժի գործոնը Հայաստանի դեպքում այսօր կարող է լինել միայն մեկը՝ դա եվրաինտեգրումն է, դա Հայաստանի միացումն է Եվրամիությանը, մեր աչքի առաջ ստեղծվող ռազմաքաղաքական դաշինքին։ Միայն այդ դեպքում Հայաստանը կստանա ուժի դիրքերը, որի պայմաններում կարելի է ակնկալել խաղաղություն։ Այս դեպքում որեւէ փոխզիջման մասին խոսելն անգամ ծիծաղելի է, սա պարտադրանք է, թելադրանք է։ Իմիջիայլոց, միջազգային իրավունքը վաղուց նախատեսել է՝ եթե կողմերից մեկը գտնվում է ուժի կիրառման սպառնալիքի տակ, որեւէ պայմանագիր չի կարող լինել օրինական։ Որպես օրինակ՝ հիշեցնեմ Կարսի պայմանագիրը, որտեղ թուրքական կողմը հատուկ ընդգծել է, որ չի ստորագրի ու չի ընդունի որեւէ փաստաթուղթ, որն ուժի թելադրանքի կամ սպառնալիքի տակ է։ Եթե թուրքերը մեջբերում ու օգտագործում էին սա Հայաստանի դեմ, Հայաստանը, բնականաբար, եթե ոչ այսօր, ապա վաղը դա կօգտագործի Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ։

– Ադրբեջանը պատերազմական հանցագործություններ է գործել, ցեղասպանության է ենթարկել Արցախի ժողովրդին։ Նրանք լավ գիտակցում են իրենց գործած հանցանքի հետեւանքը, դրա համա՞ր են պահանջում, որ Հայաստանը միջազգային ատյաններից հետ կանչի Ադրբեջանի դեմ հայցերը։

– Միայն դա չէ, սա պետք է կապել նաեւ Ադրբեջանի տարածքից միջազգային ինստիտուտների՝ Կարմիր խաչի, ՄԱԿ-ի որոշ գործակալությունների հեռացման հետ։ Ադրբեջանը պատրաստում է յուրահատուկ ալիբի։ Ադրբեջանը հասկանում է, որ Եվրոպան կտրուկ փոխվում է ոչ այն ուղղությամբ, որն իրենք կանխատեսում էին։ Ադրբեջանը, որը վերջին տարիներին հակադրվում էր Ֆրանսիային, հիմա գործ ունի բոլորովին այլ Ֆրանսիայի՝ Եվրոպայի ռազմաքաղաքական առաջնորդ Ֆրանսիայի հետ։ Եվ Հայաստանը փոխանակ օգտվի այդ եզակի եւ ժամանակավոր բարենպաստ գործոնից, փաստորեն մենք կտրում ենք սեփական ձեռքերը, որով կարող ենք այդ հայցերը դնել սեղանին։ Եթե Փաշինյանի կառավարությունը հրաժարվում է այդ հայցերից, դա բացարձակապես չի նշանակում, որ մենք ամենամոտ ապագայում այդ հայցերով չենք վերադառնա միջազգային դատական ատյաններ։

– Ասացիք, որ քաղաքական ուժերը չպետք է համաձայնություն հայտնեն այս իրավիճակին։ Կոնկրետ ի՞նչ քայլեր եք պատրաստվում անել՝ փողոց դուրս կգա՞ք, Փաշինյանի հրաժարականը կպահանջե՞ք։

– Նախ, մենք պետք է շատ հստակ հայտնենք մեր դիրքորոշումը եւ հասկանանք, թե որ քաղաքական ուժերի հետ կարող ենք դաշինք կազմել։ Սա լինելու է ուղերձ նաեւ Ադրբեջանին ու Թուրքիային, իրենք կհասկանան, որ գործ ունեն մի քաղաքական խմբակի հետ, այլ ոչ թե հայ ժողովրդի ու պետականության որոշման հետ։ Սա կտրուկ արժեզրկելու է այն հույսերը, որոնք իրենք ունեն։ Թող ոչ ոք ոչ մի պատրանք չունենա, մենք դա չենք ընդունելու, ազգը դա չի ընդունելու։ Որքան հասկանում եմ՝ «Եվրաքվեի» դաշինք կազմող ուժերը համամիտ են մեզ հետ։ Մենք դեռ հնարավորություն կունենանք ընդհանուր հայտարարություն ընդունելու։

– Բայց ձեր գործընկերներից, օրինակ, Արամ Սարգսյանն արդեն հայտարարել է. «Ունենք այն, ինչ ունենք եւ ունեցածից հրաժարվելը պատերազմի վերսկսման պատճառ կարող է դառնալ»։

– Մենք կքննարկենք դա, ես նաեւ ուրիշ կարծիքներ էլ եմ լսել։ Ոչ, դա պատերազմի չի բերի։ Պատերազմի կբերի մեր իրավունքից հրաժարումը, այն հնարավորությունից հրաժարումը, որը հիմա տալիս է մեզ Եվրոպայի հետ մերձեցումը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.03.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31