Լրահոս
Օրվա լրահոսը

Ծմակի ձայները

Մարտ 17,2025 12:30

Մինչեւ տատս հավերին դուրս կհաներ, ոչխարներին արոտ կճանապարհեր, ես բակը ավլեցի ու վուշե պարանները ձեռքիս վրա փաթաթեցի։ Ծմակ պիտի գնայինք՝ ցախի։ Տատիս տղան՝ իմ միակ քեռին, դեռ ուսանող էր, որ Լենինգրադ էր մեկնել։ Էնտեղ սովորել, մեծ մարդ էր դարձել։ Չէր թողնում տատս նեղվեր որեւէ հարցում։ Բայց, տատս ասում էր. «Տղաս չարչարվի, ես փայտ առնեմ վառե՞մ»։ Ճիշտ էր ասում։ Չոր ցախն ի՞նչ էր, որ փողով առնեինք։ Ամռան ամիսներին, օրը մի-մի կապ որ բերեինք, ձմռանը մտածելու բան չէինք ունենա։

Այդ օրը մենք շուտ դուրս եկանք։ Տատս դանդաղ քայլել չէր սիրում։ Նա քայլում էր, ես՝ վազում։ Հասանք մեր ցախի տեղը։ Տատս թե՝ «Տեսնո՞ւմ ես, Նինոկը մեզնից շուտ է հասել»։ Մեր հարեւանն էր Նինոկը՝ ոչ սովորական սրտի եւ ուժի տեր մի կին։ Նա բարձր հասակ ուներ, մեծ ոտնաթաթեր, ուժեղ ձեռքեր ու մի փափուկ սիրտ։ Առաջին անգամ իր ուժը տեսել էի, երբ աղբյուրից գալիս էր, ամեն ուսին մի կուժ դրած։ Կժերը լցնում էր, բամբակե կտորը շա՛տ երկար լվանում, խցանի նման ոլորում, փակում կժերի բերանները, դնում ուսերին։ Շերտավոր էին նրա շորերը՝ խամրած գույներով ու մաքուր։ Գլխին էլ՝ գլխաշոր։

Պատերազմի օրերին, գյուղիս կորցրած ամեն զավակի համար արտասվում էր իրենց բակում կանգնած։ Գերեզմանի ճանապարհը նրանց տան մոտով էր անցնում։

Շերտավոր շորերի վրայից կապած գոգնոցի արանքից թաշկինակը հանում էր, սեղմում աչքերին ու բերանին, որ փափուկ սիրտը տեղից դուրս չգար։

Նինոկի մասին մտածելով՝ չորացած ծառերի ճյուղերը շրխկոցով ջարդեցի, դարսեցի։ Նինոկն իր ցախն արդեն հավաքել՝ մեզ էր սպասում։ Տատիս օգնեց կապուկը կապել, ինձ էլ սովորեցրեց ձիգ կապելու ձեւը ու տուն գնացինք։

Ամեն անգամ ծմակի ձայները մեր հետ գյուղ էին գալիս։

Ասում են՝ դպրոց չի գնացել Նինոկը, ավելի ճիշտ՝ գնացել է, բայց մի քանի օր։ Ուսուցիչներն ասել են թե՝ նա սովորել չի կարող…

Ասթինե ՔԱԼԱՇՅԱՆ

Արցախ, Մեծ-Թաղեր

«Առավոտ» օրաթերթ
15.03.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31