«Առավոտի» զրուցակիցն է Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը։
– Հայտարարվեց, որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է, ձեռք է բերվել պայմանավորվածություն վերջին երկու դրույթների վերաբերյալ։ Դա նշանակում է, որ ՀՀ-ն հետ է վերցնելու միջազգային դատարաններում հայցերն ընդդեմ Ադրբեջանի եւ ԵՄ դիտորդական առաքելությունը դուրս է գալու Հայաստան-Ադրբեջան սահմանի հարակից հատվածից։ Սա ինչպե՞ս կգնահատեք։ ՀՀ իշխանությունները նման որոշում կայացնելու մանդատ ունե՞ն։
– Այս հարցը ճիշտ կլինի, որ ուղղեք ոլորտային մասնագետ իրավաբաններին։ Ես կարող եմ միայն ասել, որ սահմանին ԵՄ դիտորդներ տեղակայելու կամ Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններ հայցեր ներկայացնելու վերաբերյալ որոշումներ ընդունելու իրավունք/մանդատ ունեցողն այդ քայլերը հետողորմյա անելու իրավասությունն էլ, թերեւս, կարող է իրեն վերապահել։ Հավանաբար այս ամենը կստանա նաեւ արտաքին աշխարհի աջակցությունը, որի միջոցով կլեգիտիմացվեն ՀՀ իշխանությունների նշված գործողությունները։
– Ի՞նչ է նշանակում հետ վերցնել միջազգային հայցերը, այն դեպքում, երբ Բաքվում դատվում են ՀՀ քաղաքացիները։
Կարդացեք նաև
– ՀՀ իշխանությունների կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն՝ Արցախը ներառյալ, ճանաչելը Բաքվի բանտում պահվող հայ պատանդների գործունեությունը քրեականացնելու հնարավորություն ընձեռեց ադրբեջանական կողմին։ Նաեւ, այդպիսով, մեր պատանդառված հայրենակիցների ճակատագիրը միջպետական երկկողմ հարաբերությունների տիրույթից հանվեց ու խնդիրը Հայաստանի համար «ապաքաղաքականացվեց»։
– Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով հայտարարում է, որ՝ այո, Ադրբեջանին Մեղրիով ճանապարհ տալու ենք։ Եթե դա իրականություն դառնա, սա ի՞նչ կնշանակի ՀՀ-ի համար։
– Փաշինյանը նոր չէ, որ այդ մասին ասում է՝ «Խաղաղության խաչմերուկ» իշխանական հայեցակարգի կարեւոր տարրերից մեկն է սա։ ՀՀ իշխանությունները նաեւ պնդում են, որ այդ ճանապարհը երկրի ինքնիշխանության հաշվին չի տրվելու եւ այս առումով զիջումներ չեն լինելու։ Բայց դե, ինչպես գիտենք, վարչապետ Փաշինյանը լուրջ գաղափարական էվոլյուցիա է ապրել՝ «Արցախը մերն է» պնդումից հասել է «Արցախն Ադրբեջան է» տարբերակին, որն արդեն հավատամքի ուժ է ձեռք բերել։ Դրա հետ միասին պետք է նկատի ունենանք, որ զարգացումներն այնչափ արագընթաց են, որ տառացիորեն մեկ-երկու ամիս հետո իրավիճակը մեր տարածաշրջանում կարող է կտրուկ փոխվել՝ Հայաստանից ու Ադրբեջանից անկախ պատճառներով։
– Պատերազմի հավանականությունը ինչպե՞ս կգնահատեք այս համատեքստում՝ մանավանդ որ, Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե հայերին հավատալ պետք չէ եւ այլն։
– Պատերազմի հավանականությունը շարունակում է մնալ բարձր։ Գուցե անգամ աճում է։ Բայց այս լարումը պայմանավորված է ոչ այնքան Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորված չլինելով, որքան գլոբալ փոփոխությունների տարածաշրջանային դրսեւորումներով, որոնք այս փուլում հիմնականում կապված են լինելու Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններով։
– Փաշինյանը թուրքական լրատվամիջոցների հետ հարցազրույցում հայտարարել է, որ «Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր»։ Ինչպե՞ս կորակեք Փաշինյանի այս քաղաքականությունը։
– Փաշինյանը կարեւորում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը՝ հայ-թուրքական սահմանի բացումն ու Թուրքիայի տարածքով աշխարհի հետ կապվելու հնարավորությունը Հայաստանի համար։ Նաեւ հանդես է գալիս պատերազմում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանից պարտություն կրած կողմի՝ թույլի դիրքերից։ Ցեղասպանության հարցը քաղաքական օրակարգում թողնելու դեպքում ՀՀ վարչապետը ստիպված է լինելու խաչ քաշել թուրքական ուղղության հետ ունեցած իր հույսերի վրա։ Նա այդ խաչը քաշել չի ուզում։
– Բաքվում ընթացող, այսպես կոչված, դատավարություններն ի՞նչ ընթացք կարող են ստանալ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ռուբեն Վարդանյանի հայտարարությունները։
– Այդ դատական գործընթացները Հայաստանի հանրության վրա ազդելու մեծ ներուժ են պարունակում եւ, իհարկե, օգտագործվում են որպես քաղաքական ճնշման գործիք։ Ռուբեն Վարդանյանի հայտարարությունները հուզիչ էին ու մտորելու լուրջ առիթ տվեցին։ Հետաքրքիր է, որ ադրբեջանական կողմը նրան այս կերպ հրապարակավ արտահայտվելու հնարավորություն էր տվել։ Ռուբեն Վարդանյանին եւ հայ մյուս պատանդներին մաղթում եմ օր առաջ հայտնվել ազատության մեջ ու վերադառնալ հայրենիք։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.03.2025