Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի լեգենդար հրամանատարը Գյումրիում դարձյալ մասնակցում էր քարոզարշավի․ «Մայր Հայաստանի» թիրախում ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանն է

Մարտ 16,2025 20:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին «Մայր Հայաստան» դաշինքը մեծ թվով համակիրների ներկայությամբ Գյումրու նախկին «Տեքստիլագործների ակումբում» ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը։

Թեկնածուները շեշտեցին, որ իրենց առաջնային նպատակը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանազրկումն է։

«Գյումրիում փոփոխությունները կբերեն համապետական փոփոխությունների, Նիկոլ Փաշինյանի պարտության քայլերթին մենք պիտի սկիզբ դնենք գյումրեցիներով։

Մեր թասիբն ու արժանապատվությունը պետք է հենց այդտեղ ցույց տալ, պետք է մերժենք Թուրքիայի առաջ դռները բացող և ադրբեջանական օրակարգով շարժվող այս իշխանությանը և սկիզբ դնենք նոր կյանքի, կյանք, որտեղ չի լինելու թշնամանք, ատելություն, պառակտում, որտեղ գլխավոր հարցերում կլինենք միասնական, որտեղ անվտանգությունն ու խաղաղությունը կլինեն իրական, այլ ոչ թե կեղծ», -ասաց «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող հեռուստամեկնաբան Դերենիկ Մալխասյանը։

«Մայր Հայաստան» դաշինքի քարոզարշավին, ինչպես երեկ, այսօր ևս մասնակցում էր Արցախի հերոս Կարեն Ջալավյանը՝ Քյոխը։

«Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու, գործարար Կարեն Սիմոնյանն էլ մինչ բուն ելույթին անցնելը՝ հայտարարեց, որ Գյումրի քաղաքում հյուր ունեն, և դեռ չէր հնչեցրել անունը, դահլիճը թնդաց ծափահարություններից։

Քաղաքապետի թեկնածուն պարզաբանեց, թե ինչու է լեգենդար հրամանատարը իրենց հետ։

Նա շեշտեց, որ հրամանատարը Գյումրիում է՝ ոչ թե քաղաքականությամբ զբաղվելու, այլ ցույց տալու, որ յուրաքանչյուր մարզում, համայնքում աջակցում է յուրաքանչյուր արցախցու և փորձում է ինտեգրել նրանց տվյալ բնակավայրի հետ։

«Նա ցույց է տալիս, որ ինքը թիկունք է կանգնելու բոլոր արցախցիներին Հայաստանի Հանրապետությունում և նաև այնտեղից դուրս»,-ասաց Կարեն Սիմոնյանը։

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն էլ իր ելույթում նշեց, որ Գյումրիում ճակատագրական և բախտորոշ ընտրություններ են տեղի ունենալու, և եթե իրավիճակը չփոխեն, ապա ողջ Հայաստանը կհայտնվի այդ նույն վիճակում, որի մեջ հայտնվեց Արցախը։

«Արցախցիների աջակցությունը շատ պարտավորեցնող ու խորհրդանշական է, իրենք կենդանի վկան են այն բանի, որ «Քաղաքացիական պայմանագիրը» Նիկոլ Փաշինյանով հանդերձ պետք է մերժվի, և պետք է մերժվի հենց Գյումրիից սկսած», -ասաց Անդրանիկ Թևանյանը։

Նա նշեց, որ որևէ թեկնածուի, նույնիսկ ՔՊ-ի Գյումրու թեկնածուին չի անդրադառնալու, քանի որ իր թիրախը «Քաղաքացիական պայմանագիրն» է և նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

«Նիկոլ, եթե ռիսկ ունես, գլուխդ բնից հանի, արի Գյումրի, արի ներկայացիր գյումրեցիներին»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։

Նա անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի՝ նախորդ շաբաթ Գյումրիում հնչեցրած ելույթին, հայտարարելով, Հայաստանի թիվ մեկ թալանչին եկել էր Գյումրի ու թալանից էր խոսում։

«Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից՝ արցախցիներին, գյումրեցիներից, երևանցիներից թալանել է 9 քաղաք, մայրաքաղաք Ստեփանակերտով, 243 գյուղ, ներառյալ Հայաստանի գյուղերի հատվածները, 70 գործարան, ձեռնարկություն, ֆաբրիկա, մոտ 400 եկեղեցի և այդքան էլ հին գերեզմանատներ, 25 թանգարան, 100-ի հասնող հիդրոէլեկտրակայաններ, հանքեր, ջրամբարներ։

Ավելի քան 5000 հուշարձան, 240 դպրոց, 4 բարձրագույն կրթական հաստատություն, 7 քոլեջ կամ ուսումնարան, 12 հիվանդանոց, 5 մարզադաշտ, 11 մարզադպրոց, 240 քառակուսի կիլոմետրից ավելի Հայաստանի օկուպացված տարածք Սյունիքի մարզից, Վայոց Ձորից, Գեղարքունիքից ու Տավուշից։ Ու էս թալանչին խոսո՞ւմ է թալանից, ամոթ «Քաղաքացիական պայմանագրին», ամոթ Նիկոլ Փաշինյանին»,- ասաց բանախոսը։

Նա նշեց, որ ամենահամեստ հաշվարկներով՝ հարյուր միլիարդ դոլարի կորուստ ենք ունեցել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում․ կորցրել ենք պատմական Արցախը։

«Եթե այդ հարյուր միլիարդը միջին գնով բաժանենք, իրա սիրած հինգ հարյուր հազար Ռենջ ռովերի գին է կազմում, դե հիմա հատիկ առ հատիկդ ցույց տուր, տեսնենք որտեղ է, այ անամոթ, այ հայրենադավ, այ դավաճան»,- բացականչում էր Անդրանիկ Թևանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31