Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա սրանք ռուսներին ուզում են էստեղից քշեն, որ ո՞ւմ բերեն, թուրքերի՞ն, երբեք, երբեք չի ստացվի»․ Վարդան Ղուկասյանը սկսեց քարոզարշավը

Մարտ 16,2025 15:55

Երեկվանից Գյումրիում պաշտոնապես մեկնարկեց քարոզարշավը․ տարբեր քաղաքական ուժեր այն սկսեցին տարբեր կերպ՝ բակային այցերով, արցախահայության հետ հանդիպումով, նախընտրական ծրագրերի ներկայացմամբ, մամուլի ասուլիսներով, ինչպես նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մոտ օրհնություն ստանալով։

«Կոմունիստական կուսակցության» ցուցակը գլխավորող Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր քարոզարշավը սկսեց այսօրվանից՝ Գյումրու Անի թաղամասի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակից։

Քարոզարշավը հանրահավաք էր հիշեցնում․ մեծ թվով բնակիչներ էին հավաքվել, այդ թվում երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ, որոնք Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման տարիներին շատ փոքր են եղել։ Անի թաղամասի Պարույր Սևակի անվան գլխավոր փողոցը դարձել էր անանցանելի․ մեծ թվով մեքենաներ, այդ թվում նաև ոստիկանական, անցուդարձ էին անում՝ հսկելով շուրջբոլորը։

Վարդան Ղուկասյանը, ինչպես քաղաքապետի մյուս թեկնածուները, իր ելույթում ներկայացրեց «Կոմունիստական կուսակցության» նախընտրական ծրագիրը, սակայն նրա խոսքն առավել ուղղված էր երկրի իշխանությանը։

Նախկին քաղաքապետը խստորեն քննադատեց կառավարությանը՝ թուրքամետ քաղաքականություն վարելու, ճանապարհ բացելու, Հայոց Ցեղասպանություն կասկածի տակ դնելու համար։

Նա բոցաշունչ ելույթ էր ունենում՝ժողովրդին կոչ անելով՝ բացել աչքերը։

«Սա քաղաքապետի պայքար չէ, լավ իմացեք, եթե միայն քաղաքապետի խնդիր լիներ, ես իմ սուրը փառքով դրել էի պատյան, չէի մասնակցի։ Սա երկրի հետ է կապված, երկրի ճակատագրի հետ է կապված, իրենք բարձրաձայն ասում են՝ մենք ապագան կապում ենք թուրքերի հետ, ճանապարհը բացում ենք, ասում են՝ Հայոց Ցեղասպանությունը մեր պետական առաջնային խնդիրը չէ։

Տեսնում եք՝ ինչ են անում օր օրի, ժամ ժամի, ոնց են թուրքերի խոսքը կատարում։ Սահմանադրություն են ուզում փոխել, մի խոսքով, եթե ձեր երակներից հոսում է հայկական արյուն, եթե իրոք մոր կաթ եք կերել, ոտքի կանգնեք, պաշտպանեք ձեր հող հայրենին։

Ես ընկել եմ առաջ, եկեք հետևիցս, կողքս կանգնեք, որպեսզի կարողանանք էս թուրքահպատակ շներին վռնդենք Հայաստանից»,-ասաց Վարդան Ղուկասյանը։

Նա խոսեց Գյումրու բյուջեն ավելացնելու մասին, ասաց, որ 10 հազարից ավելի ապօրինի շինություններ կան քաղաքում, որոնց տերերը չեն կարող հողահարկ ու գույքահարկ մուծել, դրանք թույլ կտա օրինականացնել, իսկ օլիգարխների գույքահարկը, որոնք 140 հազար են վճարում, 10 անգամ ավել կբարձրացնի, քանի որ հասարակ քաղաքացիներն ավելին են մուծում, քան նրանք։ Խոստացավ պատժել նրանց, գումարները բերել քաղաքի բյուջե։

«Վարկերը, որ տալիս են՝ 0․25 տոկոս, 7 տարի երկրի վարչապետ ես, հլը մի հատ ցուցակը հրապարակի, ովքե՞ր են էդ վարկերի տերերը։ Կտեսնեք, որ պետական ամենաբարձրադիր չինովնիկներն են, իրենց ախպերներն են, իրենց ընտանիքներն են․ 0,25 տոկոս վերցրել են, բացել են բանկեր, 20 քանի տոկոսով վարկերը տալիս են ժողովրդին։ Դուք պատկերացնում եք 18-20 տոկոսով են տալիս, ինչ բիզնեսի մեջ պիտի խորանանք, որ կարողանանք էդքան շահույթ հետապնդել»,- ասաց Վարդան Ղուկասյանը։

Նա քննադատեց կառավարությանը, որը ձեռնամուխ չէ Գյումրիում գործարաններ կառուցելու։ Գովաբանեց «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանին, որն իր ծրագրում ներառել է Գյումրին ազատ տնտեսական գոտի ստեղծելու։

Անդրադարձավ նաև իրեն մեծահարուստ անվանելուն։

«Ինձ որ ստից ասում եք հարուստ, բանկերի տակ ճռռում է ամբողջ քաղաքը, ես էլ ձեզի հետ միասին, հլը գնացեք, բերեք էդ գումարները, երկիրը կառուցեք, քաղաքը կառուցեք, 7 տարի դուք ոչ մի բան չեք անում, միայն ստից թոզ եք փչում, ժողովրդին խաբում եք, ժամանակ եք անցկացնում։ Եվ գիտենք, ձեզ ովքեր են բերել, նախկիններն են ձեզ բերել, նույն մարդիկ, բոլորդ իրար հետ, հերիք է ժողովրդին խաբեք», -ասաց Վարդան Ղուկասյանը։

Նա նաև ասաց, որ ջրմուղի 44 տոկոսը քաղաքապետարանի ենթակայության տակ էր, իրեն համոզում էին, չէր նվիրաբերում, իրենից հետո այն անցավ «Վեոլիա Ջրին»։ Խոստացավ հենց վերադառնա, հետ վերցնելու ու պատժել «Վեոլիա Ջրին»։

Թեկնածուն խոսեց նաև պարենային ու ոչ պարենային ապրանքները դրսից ներկրելու մասին։

«Երկրի պարենային ու ոչ պարենային ապրանքների 60 տոկոսը ներկրվում է դրսից, 40 տոկոսը Թուրքիայից, ուրեմն էս պետությունը՝ էսքան գիտական պոտենցիալով, էսքան ինստիտուտներով ու համալսարաններով չի կարող նստի, մտածի, թե մեզ ինչ է հարկավոր։Պամպեռս ընդհուպ չեք արտադրում Գյումրիում, այ․․․․ Գյումրիում կամ Հայաստանում։

1925 թվականին Կիրովականի քիմիական կոմբինատն արտադրում էր գարբիտ ու էլեկտրոտ, էդ էլ փակեցիք, Թուրքիայից եք ներկրում»,- մի պահ զայրացավ նախկին քաղաքապետը։

Նա նաև ասաց, որ 1941 թվականին՝ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ՀՀ-ն արտադրում էր 110-120 տեսակի զենք -զինամթերք, իսկ այսօր պատերազմի շեմին կանգնած․ պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, ոչինչ չենք արտադրում։

«Էն Հրանտ Բագրատյանը, հարգում եմ էդ մարդուն, ասում էր պատռոնի գործարանը դրեցինք ու շատ լավ արտադրում էինք, սնարյադներ էինք արտադրում, թուրքերը զարմացել էին, հիմա չի գործում, ո՞ւմ եք սեփականաշնորհել։ Միայն բանակը կարող է շուկա դառնալ յուրաքանչյուր հայ գործարարի համար։

Երկու կոշիկի գործարան ունեինք այստեղ, հարյուր տարիներով Գյումրիում զարգացած է եղել կոշկագործությունը, բանակի կոշիկներն ու սապոգներն ո՞վ է կարում, դրսից եք բերո՞ւմ, Չինաստանից կամ հագուստը որտեղի՞ց եք բերում, բանակը ո՞վ է մատակարարում, հլը թափանցիկ ասեք, կտեսնեք, որ իրենք են՝ նախկին ու ներկա այդ չինովնիկները։
Երկիրը պահել են իրենց բռի մեջ, և մեր տեսակին ճանապարհին խփում են, բանտարկում են կամ երկրից աքսորում են, որպեսզի մնան ստրուկները, և իրենք իրենց գործը կատարեն ու քանդեն Հայաստանը։ Երկիրը ղեկավարվում է անգլո-թուրքական շների կողմից, լավ իմացեք, բարձրաձայնում եմ սա»։

Նա նաև նշեց, որ իրեն վախեցնելն անհնար է։

«Ինչ մնում է ինձ վախեցնելուն, իմ տերս Աստված է, լավ իմացեք, հավատքով եմ, ես աստվածապաշտ տղա եմ, մի բան գիտեմ, որ ասում են՝ վախկոտությունը թերահավատության նշան է, ոնց որ ասում էր Վարդան Մամիկոնյանը, մեռնիմ էս քո գերեզմանին»։

Վարդան Ղուկասյանը նշեց, որ սրբերը գնում էին նահատակության, և եթե անհրաժեշտություն լինի, ինքը պատրաստ է նահատակության։

Ասաց նաև, որ ամբողջ պատմության մեջ հինգ տարի հայ ազգն առանց կռվի չի մնացել, միայն ռուսների հետ եղած 75 տարիների ընթացքում ենք խաղաղ մնացել։

«Հիմա սրանք ռուսներին ուզում են էստեղից քշեն, որ ո՞ւմ բերեն, թուրքերի՞ն, ուրեմն երբեք, չի ստացվի, չի ստացվի»,- հայտարարեց Վարդան Ղուկասյանը։

Նա անդրադարձավ նաև մրցակիցներին։

«Ասում են՝ մեր էսինչը, մեր էնինչը, երեսներն էլ չենք տեսել, որ ասես վարը որտե՞ղ է, չգիտեն էլ Գյումրու վարը որտեղ է։Դրանք ինչ գյումրեցի, ինչ լեննականցի, մենք ոչ դրանց հորերին ենք տեսել, ոչ իրանց ենք տեսել։ Մի խոսքով, անհատական դրանց անունները չտամ, չեմ ուզում անհատական վիրավորել»։

Նախկին քաղաքապետն անդրադարձավ նաև լրատվամիջոցներին, որոնք իր խոսքերով ասած՝ իրեն կապում են կրակոցների հետ։

«Ինչ կրակոց, ոստիկանության տվյալներով՝ երկրորդ քաղաքը յոթերորդ կամ հինգերորդ տեղն է եղել կրիմինալով, մենք «պանյատով» ենք ապրել, ասել ենք ճիշտ ու սխալ կա, չի կարելի խուլիգանություն անել, խուլիգանություն չենք սիրել, ջեբկիրություն չենք սիրել, անշնորհքություն չենք սիրել, երեխեքին բարիշցրել ենք, որ կոնֆլիկտ չլինի։

Ինչ էլ որ արել եք, դուք էնտեղ նստած՝ խառնել եք Լինինականը, Գյումրին, բաժանիր, որ տիրես սկզբունքով, որպեսզի գյումրեցիք չբռունցքվեն»։ Նա նաև հայտարարեց․ «Հիմա սրանք իմ ճանապարհը պիտի փակեն, հարձակվեն, ինչ ասես պիտի անեն, տո էլ կարող է խփեն, կարող է բանտարկեն, ինչ ուզում են անեն, ես պատրաստ եմ, դուք իմ կողքին եք և մեր տերն է բարձրյալ Աստված»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31