Լրահոս
Օրվա լրահոսը

Ողջաբերդցիները ճանապարհ էին փակել, նրանք պահանջում են նախկին գյուղապետին

Մարտ 16,2025 14:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչները ի նշան բողոքի՝ առավոտյան 10 րոպեով փակել էին գյուղի ճանապարհը: Նրանք պահանջում են վերադարձնել գյուղի նախկին ղեկավար Աշոտ Մուշեղյանին։

Ողջաբերդցիները պնդում են, որ Աշոտ Մուշեղյանին ապօրինի կերպով են ազատել աշխատանքից, նրանք նաեւ դեմ են, որ գյուղը ղեկավարի Գրիգոր Մելքոնյանը, որի հայրը, ժամանակին եղել է իրենց գյուղապետը։ «Ողջաբերդը սահող գյուղ է, իսկ Գրիգոր Մելքոնյանի հայրը՝ Նորայր Մելքոնյան ժամանակին ոչինչ չի արել այս գյուղի համար՝ լինելով գյուղապետ, մինչդեռ Աշոտ Մուշեղյանը բավականին բան է փոխել համայնքում, կանգառները վերանորոգել է, լուսավորությունը տեղին է, տուրիզմը զարգանում է, գյուղը կանաչապատ է: Գյուղացու հետ աղբը հավասար հավաքել է: Ի դեպ, Աշոտ Մուշեղյանին ազատելուց հետո գյուղը 8 ամիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար չի ունեցել: Եթե ժողովրդավար երկիր ենք, մեր ձայնը լսելի է, մեր քվեն հաշվելի է, ինչու մեզ չեն հարցնում՝ ում ենք ուզում տեսնել գյուղապետի պաշտոնում»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց Անժելիկա Մարգարյանը:

Ողջաբերդի բնակիչները դիմել են Կոտայքի մարզպետին, նաեւ նամակ են ուղղել Նիկոլ Փաշինյանին: Նրանք մարզպետարանից պահանջում են ներկայացնել հիմնավորումները, որոնցով համայնքի ղեկավարին ազատել են աշխատանքից, քանի որ վստահ են, որ անձնական խնդիրների պատճառով է մարզպետը նրան աշխատանքից ազատել: Ողջաբերդցիները, որ կարճատեւ էին փակել ճանապարհը, նաեւ զարմացած են, որ փոքր գյուղն այդ ընթացքում լցրել են մեծաթիվ ոստիկաններով:

Մասնագիտությամբ իրավաբան Ամիդա Դավթյանը, որ երկար տարիներ ապրել է Ողջաբերդում, եւս ներկա էր ցույցին: Նա ասում է, որ եթե չկար ազատման հրաման, բայց մարդուն ազատում են աշխատանքից, դա արդեն հանցակազմ է պարունակում: Մեկ այլ ողջաբերդցի՝ Ժորա Փոթոյանն ասում էր, որ ցույցի մասնակիցների մեջ նախկին գյուղապետը որեւէ բարեկամ չունի, իրենք գյուղացիներ են, որոնք ուղղակի պահանջում են իրենց գյուղապետին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31