Ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքը Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 56 հոգանոց ցուցակով։ Ցուցակը գլխավորում է անկուսակցական Կարեն Սիմոնյանը, որը գործարար է, «Քարհատ մեքենա» ՓԲԸ-ի տնօրենն է։
Այս քաղաքական ուժի ցուցակում քիչ չեն գործարար աշխարհի մարդիկ՝ ՍՊԸ տնօրեններ, անհատ ձեռներեցներ, շուկայի զարգացման պատասխանատուներ, իհարկե, կան նաև աշխատանք չունեցող թեկնածուներ։
Ցուցակի երկրորդ համարը զբաղեցնում է ճանաչված հեռուստամեկնաբան, մասնագիտությամբ պատմաբան Դերենիկ Մալխասյանը։ Նա աշխատել է ԳԱԼԱ հեռուստաընկերությունում, իսկ վերջին շրջանում աշխատում էր «5-րդ ալիքում», սակայն աշխատանքից դուրս եկավ՝ առաջադրվելով Գյումրու ավագանու թեկնածու։
Բազմաթիվ մտավորականներ նրան ճանաչում են «Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրի» ֆեյսբուքյան խմբով, որտեղ նա բացառիկ, արխիվային տեղեկություններ է հաղորդում, փաստաթղթեր ու լուսանկարներ է հրապարակում քաղաքի պատմության, նշանավոր գերդաստանների ծագումնաբանության, կյանքի, կենցաղի, սովորույթների, պատմական կառույցների մասին։ Այն, ի դեպ, յուրահատուկ ուղեցույց է գիդերի համար։
Կարդացեք նաև
Դերենիկ Մալխասյանը նաև «Կեղծ խաղաղության գինը» վավերագրական ֆիլմի հեղինակն է, որտեղ ներկայացված են 1918-1921 թվականների պատմական դեպքերը, թե ինչպես հայերը, հավատալով թուրքերի կեղծ խաղաղությանը, ականատես են լինում Կարսի ու Ալեքսանդրապոլի հանձմանը, կոտորածներին, բռնագաղթին։ 1918 թվականին թուրքերը վեց ամսով օկուպացրել են Ալեքսանդրապոլը՝ հայտարարելով, թե այն իրենց պատմական տարածքն է ու հրաժարվել են դուրս գալ, 1920 թվականին ևս բռնազավթել են՝ դարձյալ հրաժարվելով դուրս գալ Ալեքսանդրապոլից։
Ֆիլմի միջոցով նախազգուշացվում է, որ անցյալը վերադառնում է, երբ իրականությունը թաքցնում ես ինքդ քեզանից ու չես առերեսվում պատմությանը։
Ի դեպ, Կարեն Սիմոնյանի ցուցակում ընդգրկված է նաև Մհեր Խաչատրյանը, որը մի շրջան ղեկավարել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի աշխատանքները։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ