Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Երկրորդը գոհունակությամբ անդրադարձավ Մոսկվայի պետական համալսարանի և ԵՊՀ-ի միջև ձևավորված կապերին և հայագիտության ոլորտում նախանշվող ծրագրերին

Մարտ 15,2025 19:38

Մարտի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Ալեքսեյ Մասլովի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։

Տիար Մելքոնյանը, ներկայացնելով հյուրերին, Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց երկու կրթական հաստատությունների միջև ձևավորված համագործակցության մասին, որի նպատակն է ՄՊՀ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտում «Հայագիտություն» բակալավրիատի ծրագրի ստեղծումն ու այդ ոլորտում համագործակցության խորացումը։

Հայոց Հովվապետը գոհունակությամբ անդրադարձավ Մոսկվայի պետական համալսարանի և ԵՊՀ-ի միջև ձևավորված կապերին և հայագիտության ոլորտում նախանշվող ծրագրերին, որոնք կնպաստեն փոխադարձ ճանաչողության առավել խորացմանը, կրթության, մշակույթի և գիտության մշակների գործակցությանը` ի նպաստ երկու եղբայրական ժողովուրդների բարեկամության զորացման։

Զրույցի ընթացքում ՄՊՀ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրենը, շնորհակալություն հայտնելով Հայոց Հայրապետին ընդունելության համար, ներկայացրեց հայագիտության ծրագրի հեռանկարները՝ հայագետների պատրաստման, հայ մշակույթի, լեզվի և պատմության ուսումնասիրության ու տարածման գործում։ Այս առնչությամբ տիար Մասլովը կարևորեց նաև համագործակցությունը Մայր Աթոռի և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հետ։

Իր հերթին Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայ Եկեղեցին կարելի իր նպաստը կբերի հայագիտական ծրագրի արդյունավետ իրագործման համար։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31