Գյումրիում այսօր պաշտոնապես մեկնարկեց ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը, որը կտևի մինչև մարտի 28-ը՝ ժամը 24:00-ն։ Ընտրապայքարի դուրս եկած 9 քաղաքական ուժերը տարբեր կերպ սկսեցին այն․ «Եվրադաշինքը» Տեխնոպարկի դահլիճում հանգամանալից ներկայացրեց 12 գլխից բաղկացած իրենց նախընտրական ծրագիրը։ Քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը մատնանշեց Գյումրու խնդիրների լուծման ուղիները, որոնց մասին, ի դեպ, բազմիցս առաջարկներ հնչեցրել է, իսկ Սամվել Բալասանյանի պաշտոնավարման տարիներին, երբ Լևոն Բարսեղյանն ավագանու ամենաակտիվ անդամներից էր, նրա առաջարկներից շատերն իրագործվել են։
Ինչևէ, թեկնածուն հայտարարեց, որ իրենց ծրագրում ամբոխահաճություն չկա և չկան այնպիսի խոստումներ, որոնք հեքիաթներ են այն մասին, թե «լավ կէղնի, ձեր ցավը տանիմ, քեզի ղուբան էղնիմ, էս քաղաքի ջանին մեռնին»։ Թեկնածուն ասաց՝ լեզվից խեղճ չեն և կարող էին նման տեքստեր շարադրել, բայց իրենց արժանապատվությունը թույլ չի տալիս «մարդկանց ականջներից փլավ կախել»։
«Անցած ՏԻՄ ընտրություններին Գյումրիում մասնակցել է ընտրողների 24 տոկոսը, խիստ ցածր ցուցանիշ է, եթե չասեմ Հայաստանի համայնքային ընտրությունների շարքում մասնակցության ամենացածր ցուցանիշն է․ 4 հոգուց մեկն է գնացել ընտրության։ Չեմ բացառում, որ պատճառը եղել է նաև հետպատերազմյան ծանր ճգնաժամը, ինչպես նաև այն, որ մարդիկ հույս չեն ունեցել, նախկինից դասեր են քաղած եղել, ընտրակաշառք չի եղել։
Կարդացեք նաև
Մեր ակնկալիքը և ջանքն այն է լինելու, որ քաղաքացիները մի քիչ ավելի պատասխանատու լինեն քաղաքի նկատմամբ, այդ օրը բազմոցին, հեռուստացույցի դիմաց ժամանակ անցկացնելը վնասում է իշխանություն ձևավորելու գործընթացին։ Թևավոր խոսք կա, ասում են՝ վատագույն իշխանությունները ձևավորվում են ընտրությունների չմասնակցողների պասիվության պատճառով», – ասաց Լևոն Բարսեղյանը։
Տեխնոպարկի դահլիճում քարոզարշավի մեկնարկ տվեց նաև «Մեր քաղաքը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը՝ համակիրների, աջակիցների հետ հանդիպելով՝ ծրագրային դրույթներ ներկայացնելով։ Դաշինքի նախընտրական ծրագիրը բաղկացած է 86 կետից, ունի 12 դրույթ։
Իշխանական թեկնածուն՝ Սարիկ Մինասյանը՝ «Մեր Սարիկը»՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի ու ՔՊ-ական մյուս թեկնածուների ուղեկցությամբ քարոզարշավը սկսեց իր թաղից՝ «Գծի ետևից»։ Այս ուժը լուսանկարներ է տեղադրել, շնորհակալություն հայտնել քաղաքացիներից ջերմ ընդունելության համար։
Ուշագրավ քարոզարշավ է սկսել «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանը․ նա հյուրընկալել էր Արցախի հերոս Կարեն Ջալավյանին, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին, Արցախից բռնի տեղահանված ու Գյումրիում ապաստան գտած մեր հայրենակիցներին։
Քարոզարշավը մեկնարկեց՝ արցախահայության խնդիրները լսելով․ բնականաբար սա ժեստ է՝ ցույց տալու արցախահայության նկատմամբ հարգանքն ու ուշադրությունը։ Վաղը քաղաքական այս ուժը նախկին Տեքստիլագործների ակումբի դահլիճում կներկայացնի իր ծրագիրը։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն էլ քարոզարշավը սկսեց «Ֆլորենս» ռեստորանում մամուլի ասուլիսով։ Կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, ավագանու ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանը, ավագանու թեկնածուներ Գագիկ Ադամյանն ու Սեդա Խաչատրյանը ներկայացրին նախընտրական ծրագրի դրույթները: Թիմը քաղաքական պայքարի մեջ է մտել «Ճիշտ քաղաք» կարգախոսով:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ