ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը հրամանագիր է ստորագրել լուծարելու ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող «Ամերիկայի ձայն» լրատվամիջոցը վերահսկող կառույցը և ևս 6 այլ դաշնային գործակալություններ, հայտնում է Reuters-ը:
«Այս հրամանով շարունակվում է դաշնային բյուրոկրատիայի այն տարրերի կրճատումը, որոնք ԱՄՆ նախագահը որոշել է, որ անհրաժեշտ չեն», – նշվում է հրամանում:
«Ամերիկայի ձայն»-ը, որը գործում է ավելի քան 40 լեզվով, վերահսկվում է ԱՄՆ գլոբալ լրատվամիջոցների գործակալության կողմից: Գործակալությունը ֆինանսավորում է նաև «Ազատ Եվրոպա/Ազատություն» և «Ազատ Ասիա» ռադիոկայանները:
Թրամփի հրամանի թիրախում են նաև Դաշնային միջնորդության և հաշտեցման ծառայությունը, Վուդրո Վիլսոնի գիտնականների միջազգային կենտրոնը, թանգարանային և գրադարանային ծառայությունների ինստիտուտը, ԱՄՆ-ի անօթևանության հարցերով միջգերատեսչական խորհուրդը, Համայնքային զարգացման ֆինանսական հաստատությունների հիմնադրամը և փոքրամասնությունների բիզնեսի զարգացման գործակալությունը:
Կարդացեք նաև
Հրամանում նշվում է, որ այդ գերատեսչությունները պետք է վերացնեն օրենքով չձևակերպված բոլոր գործողությունները, ինչպես նաև «նվազեցնեն օրենքով սահմանված իրենց գործառույթների կատարման ծավալն ու անձնակազմի թիվը՝ հասցնելով այն նվազագույն անհրաժեշտ մակարդակի»:
Reuters-ի բնութագրմամբ՝ սա Թրամփի վերջին քայլն է բյուրոկրատիան կրճատելու, մի խնդիր, որը նա հիմնականում դրել է տեխնոլոգիական միլիարդատեր Իլոն Մասկի և նրա ղեկավարած կառույցի՝ Կառավարության արդյունավետության վարչության (DOGE) ուսերին:
Ինչպես նշում է Reuters-ի հոդվածագիրը՝ DOGE-ի ջանքերը հանգեցրել են ավելի քան 100 000 աշխատատեղի կրճատման, օտարերկրյա օգնության սառեցման և հազարավոր ծրագրերի ու պայմանագրերի չեղարկման: