Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի համար «Պրագա 2» է. այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց «Սրբազան» պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից հնչած պաշտոնական հայտարարություններին այն մասին, որ խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքն ավարտված է, այն պատրաստ է ստորագրման։ Սրբազանը այս համաձայնագիրը համեմատում է 2022 թվականի հոկտեմբերի 22-ին՝ Պրագայում Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի հետ, որի արդյունքում Արցախը հանձնվեց թշնամուն։ Այսպիսով, ըստ նրա՝ Փաշինյանը մեր հայրենիքը, բոլորիս, մեր պատիվն ու արժանապատվությունը, մշակութային ժառանգությունները հանձնում է թշնամուն։
Սրբազանի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին եւ խոստացել՝ դիմումով կամ հայտարարությամբ հանդես գալ՝ դիմելով ժողովրդին այդ ճակատագրական փաստաթղթի հետ կապված, բայց դա, իր բնույթին հարիր, արեց մոլորեցնելով՝ նախ թշնամու ԱԳ նախարարի հայտարարությամբ, ապա՝ ՀՀ ԱԳ նախարարի, ապա, ոտքի վրա՝ լրագրողների հետ խոսելով, ասաց, որ միջանցը հանձնելու է։
Սրբազանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ այս հայտարարություններից հետո, անմիջապես Ադրբեջանից խոսեցին ՀՀ-ի նկատմամբ անվստահության մասին եւ նոր պահանջներ առաջադրեցին։
Ստեղծված իրավիճակում Բագրատ սրբազանը կոչ է անում բոլորին՝ քաղաքական ուժերին, գործարարներին, զինվորականներին՝ ի դեմս սպայակազմի, անհատներին՝ դադարել միմյանց նկատմամբ մեղադրանքները, մեղավորների փնտրտուքը, միավորվել եւ պայքարել այս իշխանության եւ նրա գործողությունների դեմ։ Պնդեց՝ սա ներքաղաքական պայքար չէ, ազգային-ազատագրական պայքար է, որին պետք է բոլորը լծվեն։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Սրբազանը դիմեց նաեւ միջազգային կառույցների ղեկավարներին, որոնք այս օրերին միմյանց հերթ չտալով ողջունեցին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այս համաձայնությունը՝ ասելով․ «Բավարար է մեր արյան հաշվին ձեր աշխարհաքաղաքական շահերն առաջ մղեք։ Մենք չենք հանդուրժելու, մենք ենք կերտելու մեր ճակատագիրն ու առաջնորդությունը, ցանկանալու ենք արդար եւ ուղիղ բարեկամություն՝ ուժեղ Հայաստանով առաջնորդվելով»։
Մանրամասները՝ տեսանյութում
Սրբազանի այսօրվա ելույթը վերնագրված էր՝ «Ազատագրության խորհրդով բարի պատերազմը…»։ Նա խոսեց Աստվածաշնչի ամենահայտնի առակներից մեկի՝ Անառակ որդու վերադարձը առակից՝ հիշեցնելով, որ Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի կիրակի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ