Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր նպատակն է՝ վաղ տարիքից կրթել երեխաներին»․ Գուրգեն Հովհաննիսյան

Մարտ 15,2025 13:17

Հայաստանում առաջին օգնության դասընթացներ իրականացնող շատ կազմակերպություններ և անհատներ կան, բայց դրանցից քչերն են լիցենզավորված և դասավանդում միջազգային վերջին չափորոշիչներին համապատասխան։ «Faster First Aid» ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2024 թվականի մարտ ամսից։ Ընկերության հիմնադիր և տնօրեն Գուրգեն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թեպետ կազմակերպությունը նոր է, բայց դասընթացավարների ամբողջ կազմը բժիշկներ և առաջին օգնության պրոֆեսիոնալ մասնագետներ են, որոնք ոլորտում ունեն երկար տարիների փորձ։ Կազմակերպության նպատակն է՝ վաղ տարիքից կրթել երեխաներին և մատուցել միջազգային վերջին ստանդարտներին համապատասխան առաջին օգնության դասընթացներ։
   

 «Առաջին օգնության ոլորտում գործունեությունս սկսել եմ 2006 թվականից։ 2017 թվականին տեղափոխվել եմ ՀԿԽԿ-ի կենտրոնական գրասենյակ՝ որպես մարզային մասնաճյուղերի զարգացման պատասխանատու։ 2021 թվականից Հայկական Կարմիր խաչի ընկերության առաջին օգնության բաժնի դասընթացների վերապատրաստման և որակավորման համակարգողն էի։ Հետո հիմնադրեցի իմ ընկերությունը։ Շատերն առաջին օգնությունը շփոթում են առաջին բուժօգնության հետ, սակայն դրանք լրիվ տարբեր ծառայություններ են։ Առաջին բուժօգնություն կարող են ցուցաբերել միայն բուժաշխատողները՝ դեղահաբերով, ներարկումներով, բժշկական սարքավորումներով, իսկ առաջին օգնությունը հասանելի է յուրաքանչյուրին, ամեն ոք կարող է ցուցաբերել առաջին օգնություն՝ ձեռքի տակ ունեցած միջոցներով՝ առանց դեղահաբերի և բժշկական սարքավորումների։ Ի վերջո, նույնիսկ լավագույն բժիշկը, վիրաբույժն ու սրտաբանը, եթե առանց բժշկական պայուսակի հայտնվեն դեպքի վայրում, նրանք ստիպված կլինեն ցուցաբերել սովորական առաջին օգնություն՝ մինչ շտապօգնության ժամանումը։ Ուստի առաջին օգնություն պետք է իմանա մեզնից յուրաքանչյուրը։ Կազմակերպությունն իրականացնում է նաև վարժանքներ, տարհանումներ և սպասարկման ծառայություններ։ Եթե մարզերում դասընթացների կարիք է առաջանում, մենք այնտեղ էլ ենք իրականացնում», – ասում է Գուրգենը։

Գուրգենի խոսքով՝ մենք ունենք լավ հասարակություն, լավ երիտասարդություն, որոնց սխրագործությունը բազմիցս տեսել ենք թե պատերազմի ընթացքում, թե դրանից առաջ ու հետո՝ ինքնակազմակերպման և ճգնաժամային պահերին համախմբման արդյունքում։ Տարհանումների և առաջին օգնության հետ կապված բավականին լուրջ խնդիրներ ունենք, դրա հետ մեկտեղ ապաստարանների բացակայությունը կամ ոչ պատշաճ ապաստարաններ ունենալու բացը։ Նրա խոսքով՝ այդ բոլոր խնդիրները կան թե Երևանում, թե մարզերում։

«Պատերազմից առաջ և առավել ևս պատերազմից հետո այդ բացերն ունենալը մեծ խնդիր է մեր երկրի և պետության համար։ Դպրոցները չունեն ապաստարաններ, բայց ունեն ապահով սենյակներ, որոնք չեն կարող համեմատվել ապաստարանների հետ»,- ասում է Գուրգենը։

Նրա խոսքով՝ մեր երկրում չկա առաջին օգնության վերաբերյալ օրենք, և ոմանք փորձում են մատուցել նմանատիպ ծառայություններ՝ մեկ կամ երկու դասընթացի մասնակցելուց հետո, ինչն ինքնին ազդում է ճիշտ գիտելիքների տարածման վրա, և ամենավատն այն է, որ այդ ամենն իրականացնում են ուսումնական հաստատություններում։ Կազմակերպությունը քայլեր է ձեռնարկում այդ խնդիրների լուծման ուղղությամբ։

«Դպրոցների և մանկապարտեզների հետ աշխատում ենք անվճար սկզբունքով, մեր կազմակերպության առաքելությունն է՝ կրթել երեխաներին վաղ տարիքից։ Երկու ժամ տևող իրազեկման դասընթացներն իրականացվում են շատ հետաքրքիր։ Երեխաները գործնական պարապմունքի միջոցով փորձում են ստացած գիտելիքներն ու դրանք ավելի ամրապնդում», – ասում է Գուրգենը։

Ընկերությունը համագործակցում է միջազգային կազմակերպությունների և դեսպանատների հետ։ Գուրգենի խոսքով՝ շուկայում հայտնի և տեսանելի դառնալու ուղղությամբ չեն մտածում, բայց վստահ է՝ բոլոր քայլերն ուղղված են թիմն ընդլայնելու և ճիշտ առաջին օգնության դասընթացների, տարհանումների և վարժանքների մատուցման ծավալը մեծացնելու վրա։

Գուրգենը նաև ստեղծագործում և փոդքասթ է վարում։

«Առհասարակ բանաստեղծություններ գրել եմ, բայց նախկինում չեմ հանրայնացրել։ Վերջին իրադարձությունները մեր կյանքի և երկրի հետ կապված, պատերազմը և արցախցիների տարհանումը, նրանց աջակցելու աշխատանքներում ներգրավվածությունը թողեցին իրենց հետքը։ Վատ պայմանները տվեցին քաղցր պտուղներ։ Այդ ապրումներից ծնվեցին բանաստեղծություններ, որոնք գնահատվել են շատերի կողմից։ Փոդքասթ սկսեցի վարել, երբ բավականին ազատ ժամանակ ունեի, և այդ ընթացքում ձևավորվեց փոդքասթային հաղորդաշարը, որի մասին արձագանքները նույնպես լավ ու դրական են։ Այս տարվա ընթացքում հետաքրքիր հաղորդումներ դեռ կլինեն»,-ասում է Գուրգենը։

Գուրգեն Հովհաննիսյանը նաև աշխատել է «Զինվորի տանը»՝ որպես կրթական ծրագրերի համակարգող։ Նրա խոսքով՝ այնտեղ աշխատելն առանձնահատուկ կարևոր ու հետաքրքիր էր, որովհետև ինքն առնչվեց պատերազմի մասնակից տղաների հետ, նրանց կրթության և աշխատանքի տեղավորման հարցում ունեցավ նաև իր ներդրումը։

«Այս պահին «Պաշտպանված սրտի քաղաք» նախաձեռնության կրթական մասն ենք ապահովում, չորսժամյա դասընթացների միջոցով սովորեցնում ենք գնահատել արտակարգ իրավիճակները, հասկանալ գիտակցության խանգարումները, ցուցաբերել ճիշտ օգնություն շնչուղիների խցանման ժամանակ և, իհարկե, իմանալ սրտի կանգի մասին և ցուցաբերել համապատասխան առաջին օգնություն՝ օգտագործելով դեֆիբրիլյատորը։ Ծրագրի շրջանակներում Երևանի Փոքր կենտրոնում ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորներ պետք է տեղադրվեն, և փողոցում մարդու սրտի կանգի դեպքերի ժամանակ, հատուկ հավելվածի միջոցով, շտապօգնության օպերատորի կողմից զանգ ստացած կամավորները պետք է մոտենան և փրկեն տուժածի կյանքը՝ մինչ մասնագետների ժամանելը։ Երևանաբնակ երկու հարյուրից ավել մարդ մասնակցել է դասընթացներին։ Մեր հասարակության մեջ կան տարբեր մասնագիտության տեր մարդիկ, ովքեր ձգտում և փորձում են երկրի առաքելությունն իրենց կարողություններով, կամքով և փորձով թեքել դեպի վառ ուղղություն։ Մարդիկ պետք է համբերատար, բարի և կամեցող լինեն, որովհետև ոչ բոլորն են պատրաստակամ օգնել դիմացինին։ Ես մտածում էի՝ գիրք կարդալն այլևս ժամանակակից չէ, բայց տարբեր տարիքային խմբերի մարդկանց հետ աշխատելուց հետո հասկացա, որ այդպես չէ, և դա շատ կարևոր է։ Մենք ունենք լավ երիտասարդություն, որը ցույց տվեց իր ուժն ու կարողությունը, և ես գտնում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Մեր բոլոր հերոսները հասարակ մարդիկ են և ժամանակին չեն պատկերացրել, թե ինչ հնարավորություններ ունեն, բայց պահը եկել է, և իրենք ցույց տվեցին դրանք, և այսօր մենք ապրում ենք այդ անուններով։ Ճակատագրական պահերին հայ ժողովուրդը միշտ ինքնակազմակերպվել է, և ես հուսով եմ, որ մենք դեռ կունենանք հաղթանակներ»,-ասում է Գուրգենը։

 Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31