Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մարտիրոսյան. Բաքուն նորանոր պահանջներ է առաջ քաշելու` այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը բավարարում է դրանք. «Հրապարակ»

Մարտ 15,2025 11:45

Զրուցել ենք արտակարգ եւ լիազոր դեսպան Լեւոն Մարտիրոսյանի հետ:

– Փաշինյանը պատրաստվում է «խաղաղության պայմանագիր» կնքել, խոսվում է Մեղրիի միջանցքը բացելու մասին, դրան գումարած` նա արդեն բացահայտորեն հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից: Ի՞նչ պրոցեսներ են, հնարավո՞ր է հասնել խաղաղության:

– Խաղաղություն հնարավոր է հաստատել, սակայն ես վստահ եմ` Ադրբեջանը ո՛չ խաղաղություն է ցանկանում, ո՛չ էլ, առավել եւս` ստորագրելու է այդ փաստաթղթի տակ, պարզապես դիվանագիտական էթիկայից ելնելով՝ այս պրոցեսի մեջ են ներգրավվել, քանի որ միջազգային հանրությունն արդեն իսկ կարող է լուրջ մեղադրանքներ ներկայացնել Բաքվին: Ադրբեջանի նպատակը Հայաստան պետության վերացումն է, ի դեպ` Ալիեւը չի էլ թաքցնում, թե ինչ է ցանկանում ինքը, նա որեւէ իմաստ չի տեսնում ո՛չ խաղաղության պայմանագրի տակ ստորագրելու, ո՛չ էլ հայերի հետ խաղաղ ապրելու հարցում: Ալիեւի նպատակը Հայաստանի վերացումն է: Մնացածը պարապ զրույցներ են: Հայաստանը, ցավոք, այս պահին այնքան թույլ վիճակում է, որ կարելի է պարտադրել ամեն ինչ: Բաքուն, օգտվելով առիթից, նորանոր պահանջներ է առաջ քաշելու` այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը բավարարում է դրանք:

– Ալիեւը նշում է, որ Հայաստանին ու Փաշինյանին վստահել չի կարելի, ուստի անպայման փաստաթուղթ է հարկավոր, որպեսզի կողմերը կոնսենսուսի գան: Այս հայտարարություններից տպավորություն է, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Ալիեւը խաղաղություն է ուզում:

– Այստեղ ամենամեծ խնդիրը հետեւյալն է. վաղ թե ուշ, փոխվելու են Հայաստանի իշխանությունները, այդ բոլոր պայմանավորվածությունները, ստորագրությունները հաջորդ իշխանություններն անվավեր են ճանաչելու: Անգամ սահմանադրական փոփոխությունները ոչինչ չեն տալու, եթե իշխանափոխություն տեղի ունենա, դա էլ է փոխվելու կրկին:

– Բայց եթե Սահմանադրությունը փոխվի, չի՞ տուժի Հայաստանը:

– Թեպետ Սահմանադրությունը հիմնական օրենքն է ու շատ կարեւոր է, սակայն այն ինչպես այսօր են ցանկանում փոխել, այդպես էլ վաղը կարող են շատ հանգիստ փոխել: Այդտեղ ոչ մի բարդ բան չկա: Հույս դնել այն բանի վրա, որ Սահմանադրության փոփոխությամբ ինչ-որ բան է փոխվելու, միամտություն է: Հայաստանի իշխանությունները հեռանալու են: Հաջորդ տարի ընտրություններ են լինելու: Այդ բոլոր պայմանավորվածությունները դառնալու են ի չիք: Հետեւաբար, շատ տրամաբանական է, որ Ալիեւը չունի շտապողականություն եւ անվերջ նորանոր պահանջներ է առաջ քաշում:

– Երբեւէ կմտածեի՞ք, որ մի օր Հայաստանի իշխանության ղեկին Քաջ Նազարի բախտով հայտնվելու է մեկը, որը հրաժարվելու է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցից: Իսկ շատ երկրներում ցեղասպանությունը կասկածի տակ դնելը հանցանք է համարվում:

– Մենք շատ բան չէինք կարող մտածել: Օրինակ` չէինք կարող մտածել, որ մի օր սկուտեղի վրա հանձնվելու է Արցախի Հանրապետությունը, չէինք կարող մտածել, որ կգա մի օր, եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի դատարանում կդատվի: Հազար ու մի բան չէինք կարող մտածել, բայց զարմանալի ոչինչ չկա, ի վերջո՝ մեր հասարակությունը պետք է եզրակացություններ անի:

 

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31