Ակտիվորեն ընթացող աշխարհաքաղաքական վերաձևումների արդյունքում առաջիկայում պարզ կդառնա նաև Հարավային Կովկասում ստեղծվող պատկերը, թե այս տարածաշրջանը որ ուժի ազդեցության ներքո է հայտնվելու։ Թեպետ հիմա արդեն իսկ պարզ է, որ նախկինում եղած ստատուս քվոն խախտվել է։ Եթե նախկինում տարածաշրջանը գտնվում էր Ռուսաստանի ազդեցության ներքո, ապա Արցախյան պատերազմից հետո ծանրացել է Թուրքիայի ազդեցությունը։ Ու այսպես շարունակվելու դեպքում մեր ամբողջ տարածաշրջանը մի օր էլ կարող է հայտնվել թուրքական ազդեցության ներքո։
Իսկ դրա համար կան բոլոր անհրաժեշտ պայմանները, բայց որպեսզի թուրքական կողմը հաջողացնի իր պանթուրքական ծրագրերն ամբողջապես իրականություն դարձնել, պետք է լուծի նաև Հայաստանի հարցը, իսկ ավելի ճիշտ՝ Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման խնդիրը, որի միջոցով Թուրքիան առանց խոչընդոտների՝ մաքսային ու այլ վերահսկողական գործընթացների, կարող է կապվել Ադրբեջանի հետ։ Այդ դեպքում Թուրքիան կարող է հարկ եղած ժամանակ սպառազինությունների այնպիսի չափաբաժին մատակարարել Ադրբեջանին, որքան կամենա, իսկ դա էլ հետագայում հնարավորություն կտա իր ազդեցությունն ու ռազմական կշիռը ընդլայնել ու տարածել դեպի Միջին Ասիա։
Իհարկե, Հայաստանի համար կարևոր է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, սակայն այն չպետք է լինի մեր դիրքերի հաշվին՝ պարտվողականության և զիջողականության շրջանակներում։ Ի վերջո, ՀՀ իշխանություններն իրենց պարտվողականությամբ և թուրք-ադրբեջանական պահանջներին ամեն անգամ ընդառաջ գնալով՝ հիմքեր են ստեղծում մեր պետականության կազմաքանդման համար։ Եվ պարտադիր չէ, որ այն լինի արագ ընթացող գործընթաց։ Տարիների, նույնիսկ տասնամյակների արդյունքում կարող են դրվել Հայաստանի կազմաքանդման հիմքերը։ Արդյոք պատահակա՞ն է, որ Ադրբեջանը պահանջում է, որ, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիները» «վերադառնան» Հայաստան։ Այդպիսով քիչ-քիչ փորձեր կձեռնարկվեն Հայաստանում ադրբեջանական ու թուրքական ներկայությունն ավելացնելու ու հայերի արտագաղթին նպաստելու համար, իսկ ապագայում իրենց ձայները կդառնան վճռորոշ։ Այսինքն, Հայաստանի ապագայի մասով Թուրքիայի հետ հույսեր կապելը լիովին դառնում է անիմաստ։
Ինչ վերաբերում է տնտեսական մասին, ապա ինչքան էլ թուրքական տնտեսությունը խոշոր է, այն չի կարող մեզ այնպիսի մրցունակ գներով ռեսուրսներ մատակարարել, ինչը հիմա Ռուսաստանն է անում։ Հենց Թուրքիան ինքն է շահագրգռված Ռուսաստանից գազ և այլ հումքային ապրանքներ ստանալու հարցում։ Մյուս կողմից էլ՝ երբ թուրքական էժան ապրանքները հեղեղեն մեր շուկան, հայկական արտադրողները, հատկապես գյուղատնտեսության ոլորտում, մեծ խնդիրների առաջ կկանգնեն։ Տնտեսության որոշ ուղղություններով փլուզում կարող է տեղի ունենալ, իսկ թուրքական կապիտալը կարող է գերիշխող դառնալ Հայաստանում։
Կարդացեք նաև
Տարածաշրջանային զարգացումների մյուս տարբերակը Ռուսաստանի հետ համագործակցության խորացումն է ու ռուսական ազդեցության ուժեղացումը։ Առանց այն էլ Հայաստանը բազմաթիվ ինտեգրացիոն խողովակներով կապված է Ռուսաստանի հետ։ Ռուսական կողմում պետք է հաշվի առնեն, որ եթե Հայաստանում Թուրքիան ու Ադրբեջանը գերակայություն ստացան, ապա Ռուսաստանը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու ոչ միայն Հարավային Կովկասի մասով, այև հենց իր տարածքում՝ Հյուսիսային Կովկասում, որտեղ կարող են ակտիվանալ սեպարատիստական ձգտումները ու ստեղծվել տարբեր գրոհային ու ահաբեկչական խմբավորումներ։
Ռուսաստանի հետ կապերի սերտացումը Հայաստանին ամենաձեռնտու տարբերակն է՝ հատկապես այն պարագայում, երբ ռուսական կողմը Հայաստանում Արցախյան պատերազմից հետո իմիջի վերականգնման խնդիր ունի։ Նախ՝ հանրային տրամադրություններում Ռուսաստանի դրական կերպարը դեռևս պահպանվում է, քաղաքացիների 32 տոկոսը մեր հատկապես սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը կապում է հենց Ռուսաստանի հետ, մյուս կողմից էլ՝ հայ և ռուս ժողովուրդներին կապում են պատմական անցյալն ու քաղաքակրթական արժեքները, այդ թվում և հատկապես՝ քրիստոնեությունը։ Մյուս կողմից էլ՝ եթե Ռուսաստանը Հայաստանի միջոցով փակում է Թուրքիայի ճանապարհը, ապա հնարավոր է դառնում ժամանակի ընթացքում լուծել նաև Ադրբեջանի հարցերը ու Հարավային Կովկասում վերականգնել սեփական ազդեցությունը։
Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում