Երևանի ամենաբանուկ հատվածներից մեկում՝ Օրբելի-Բաղրամյան խաչմերուկում, ծրագրում են կառուցել 35 հարկանի 5 շենք՝ հարակից ենթակառուցվածքներով։ Օրբելի 23, 27, 29 հասցեներում այդ բարձրահարկ շենքերով բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցումը հանրության ու հատկապես տարածքի բնակիչների մոտ բազում հարցեր ու մտահոգություններ է առաջացրել, մինչդեռ պետական մասնագիտական կառույցները Երևանի համար անսովոր հսկայական շինությանը դեմ չեն ու դրական եզրակացություն են տվել այն կառուցելուն։
«Փաստերի ստուգման հարթակը», անսալով ընթերցողների խնդրանքին, փորձել է պարզել՝ ի՞նչ է կառուցվում տարածքում ու մասնագիտական ի՞նչ կարծիքներ են հնչել այդ նախագծի վերաբերյալ։
Այս հասցեում նախկինում 9905.21 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունների և ավելի քան 3 հեկտար մակերեսով հողամասի օտարման գործընթացը մեկնարկել էր դեռևս 2020 թվականին։ Կառավարությունը որոշել էր օտարել Օրբելի 23 հասցեում գտնվող պետական գույքը, սակայն հայտեր չլինելու պատճառով մրցույթն այդպես էլ չէր կայացել։
Կարդացեք նաև
2022 թվականին կառավարությունը տարածքն օտարման ներկայացրեց գնահատված արժեքի 80 տոկոսի չափով՝ շուրջ 6․6 միլիարդ դրամ ծավալով։ Առաջին անգամ օտարման գին էր սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափով։
2022 թ․ հուլիսի 28-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում ստեղծված մրցութային հանձնաժողովն ամփոփել էր ներկայացված առաջարկությունները, և մրցույթի հաղթող էր ճանաչվել «Ռենշին» ՍՊԸ-ն։
Ըստ ներկայացրած ներդրումային ծրագրի՝ ընկերությունը պարտավորվել էր Օրբելի 23 հասցեում գտնվող գույքի օտարման նպատակով 5 տարիների ընթացքում վճարել 7 մլրդ 100 մլն ՀՀ դրամ (հավասարաչափ) և կատարել 71 մլրդ ՀՀ դրամի ներդրում՝ տարածքում հասարակական նշանակության կառույցի ստեղծման համար։
«Ռենշին» ՍՊԸ-ի մասին
Բաղրամյան-Օրբելի փողոցների խաչման հատվածում գտնվող շուրջ 35,000 քմ տարածքում բնակելի համալիրը կառուցում է «Ռենշին» ընկերությունը: Ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին, հիմնադիրներն ու բաժնետերերն են ձեռնարկատերեր Էդուարդ Մարությանը և Արայիկ Կարապետյանը (ըստ պետռեգիստրի տվյալների՝ յուրաքանչյուրն ունի 50 տոկոս մասնակցություն-խմբ․)։ Երկուսն էլ իրենց կարիերան սկսել են բանկային ոլորտից։ Բաժնետերերը մասնագիտացած են տարատեսակ ոլորտներում, ինչպիսիք են անշարժ գույքի կառավարումը, վերականգնվող էներգիայի լուծումները, տեղեկատվական տեխնոլոգիաները, ներդրումներն ու սոցիալական ծառայությունները, ծխախոտի ներմուծումը և այլն: Արայիկ Կարապետյանը նաև «Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպության բաժնետեր է և խորհրդի անդամ, իսկ Էդուարդ Մարությանը՝ նույն կազմակերպության բաժնետեր ու խորհրդի նախագահ։ Նրանք երկուսն էլ «Ռենեսա» ՓԲԸ-ի բաժնետեր են։
Մամուլում նաև տեղեկություններ էին շրջանառվում, թե «Ռենշին» քաղաքաշինական ներդրումային ընկերությունն անմիջական կապ ունի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Ըստ տարածվող տեղեկությունների, Մհեր Գրիգորյանի հովանավորչությամբ է «Ռենշին» ընկերությունը հաջողություններ գրանցում կառուցապատման ոլորտում։ Այդ առնչությունը փոխվարչապետի գրասենյակը չի հերքել։ «Փաստերի ստուգման հարթակը» հարցում է ուղարկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ՝ պարզելու, թե որքան ստույգ են տարածվող տեղեկությունները։
Նկատենք՝ 2017 թ․ օգոստոսի 11-ին «Ռենշինի» հիմնադիրները պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով՝ «քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար»:
Երևանի քաղաքապետարանի արձագանքը
«Փաստերի ստուգման հարթակը» այս շինարարության հետ կապված մի քանի հարց էր ուղղել Երևանի քաղաքապետարան, որտեղից տեղեկացրել են, որ «Ռենշին» ընկերության կողմից նշված հասցեի վերաբերյալ աշխատանքային նախագծի համաձայնեցման և շինարարության թույլտվության տրամադրման հայտ Երևանի քաղաքապետարան չի ներկայացվել: «Երևանի քաղաքապետարան ներկայացված ցանկացած հայտ կքննարկվի բացառապես ՀՀ գործող նորմերի և սահմանված ընթացակարգերի համաձայն»,— հավելել են քաղաքապետարանից:
Նաև տեղեկացրել են, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն, նշված նախագիծը դասվում է 4-րդ կատեգորիայի՝ բարձր ռիսկայնության օբյեկտների դասին, հետևաբար ենթակա է պետական համալիր փորձաքննության։
Երևանի քաղաքապետարանից, սակայն, չեն պատասխանել համալիրի կառուցման վերաբերյալ մի քանի ընդհանուր հարցերի, օրինակ, արդյո՞ք Երևանի գլխավոր հատակագծով նախատեսվում է այդ տարածքում բնակելի շենքեր կառուցել, կա՞ն արդյոք տվյալ տարածքում բարձրահարկ շենքերի կառուցման սահմանափակումներ, արդյո՞ք հաշվի է առնվել Օրբելի փողոցի երթևեկության սպասվող աճը և ենթակառուցվածքային փոփոխությունները։
ՇՄԱԳ փորձաքննության արդյունքները
Այս տարվա փետրվարի 14-ին շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ստորագրությամբ հաստատել է շրջակա միջավայրի վրա կառուցվող համալիրի ազդեցության գնահատման փորձաքննական դրական եզրակացությունը։
«Փաստերի ստուգման հարթակի» հարցմանն ի պատասխան, «Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացրել են, որ բնակելի համալիրի շինարարության՝ շրջակա միջավայրի ազդեցության գնահատումը (ՇՄԱԳ) և փորձաքննություններն իրականացվել են «Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի հիման վրա և օրենքով ներկայացվող չափորոշիչները հաշվի են առնվել հաշվետվությունը կազմելիս։
Այսպես, ըստ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության, շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունները կառաջանան շինարարության փուլում։ Օրինակ, նշվում է, որ օդի աղտոտվածություն կլինի շինարարության ընթացքում, սակայն դա կլինի «կարճաժամկետ ու թույլատրելի նորմերի սահմաններում»։
FIP.am-ը ՊՈԱԿ-ից նաև հետաքրքրվել է, թե ինչպիսի ազդեցություն կունենա այս շինարարությունը, մասնավորապես, Հրազդանի կիրճի և գետի վրա: Ի պատասխան, ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Մարտիրոսյանը վստահեցրել է, որ բնակելի համալիրի կառուցապատման աշխատանքների արդյունքում Հրազդան գետին ոչինչ չի սպառնա։ «Հարկ է նշել, որ Հրազդան գետը կառուցապատվող տարածքից գտնվում է 250 մ հեռավորության վրա։ ՇՄԱԳ-ում նախատեսվել են նաև միջոցառումներ, որոնցով կբացառվեն շինարարության փուլում շինհրապարակից հնարավոր արտահոսքերի, կեղտաջրերի, թափոնների հեռացնելը կամ լցնելը Հրազդան գետ»,— իր պատասխանի մեջ նշել է պաշտոնյան։
Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը, սակայն, նշում է, որ տարածքը Երևանի գլխավոր հատակագծով բնակելի շենք կառուցելու համար նախատեսված չէ․ «Դա առողջապահական գոտի է, դա Հրազդանի կիրճի բաղկացուցիչ հատված է, իսկ 5 հատ 35 հարկանի շենքը աղավաղելու է Հրազդանի ձորի բնական կենսապատկերը։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Երևանի քաղաքապետարանը Հրազդանի կիրճը հատուկ պահպանվող գոտի է հայտարարում»,— ասում է Պետրոսյանը։
Սյուզաննա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»