Ցանկացած պայմանագիր գործարք է: Այդ բառից պետք չէ վախենալ. դու ինչ-որ բան զիջում ես, որպեսզի ինչ-որ բան ստանաս: Եթե քեզնից ստանալիք չկա, կամ դու ստանալիք չունես, պայմանագիր կնքելն անիմաստ է:
Հիմա փորձենք հասկանալ, թե ինչից ենք հրաժարվում եւ ինչ ենք ստանում: Մի կողմ թողնենք հավաստիացումները, թե Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը: Այս պահին աշխարհում մի քանի զինված հակամարտություն կա՝ այն պետությունների միջեւ, որոնք փոխադարձաբար (թղթի վրա) այդ ամենը ճանաչել են:
Վերցնենք որպես օրինակ այն երկու կետերը, որոնք մինչեւ վերջերս, ըստ կողմերի, համաձայնեցված չէին, իսկ հիմա «համաձայնեցվեցին», այլ կերպ ասած՝ Հայաստանը կատարեց նաեւ այդ զիջումները:
1/ Միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելը: Բացի նրանից, որ կառավարությունն այդ հայցերից հրաժարվելու իրավասություն չունի, բովանդակային առումով դա նշանակում է, որ մենք այլեւս չենք պնդում, թե Ադրբեջան պետությունը, ադրբեջանցիները հայերի դեմ հանցագործություններ են կատարել: Դա, իհարկե, համապատասխան էմոցիոնալ արձագանք է առաջացնում: Բայց, դրանից զատ, կա գործարքի տրամաբանություն. Ադրբեջանն էլ այդ դեպքում պետք է հայտարարի, թե այլեւս չի պնդում, որ Հայաստանը, հայերը հանցագործություններ են կատարել ադրբեջանցիների դեմ: Արդյոք մենք ստացե՞լ ենք այդ դիվանագիտական արդյունքը: Ո՛չ, հայերին այժմ դատում են Բաքվում: Ավելին՝ Ադրբեջանը հիմա փաստացի պահանջում է, որ Հայաստանն իրեն հանձնի իր տարածքում գտնվող «հանցագործներին»:
Կարդացեք նաև
2/ «Երրորդ երկրների ներկայացուցիչների», ավելի կոնկրետ՝ Եվրամիության դիտորդների հեռացում հայ-ադրբեջանական սահմանից: Հիշեցնեմ, որ այդ դիտորդների ներկայությունից ամենաշատը բողոքում էր Ռուսաստանը: Իսկ Փաշինյանի «եվրոպամետ» քարոզիչները, հակառակը, պնդում էին, որ այդ դիտորդների առկայությունը մեր ինքնիշխանության եւ անվտանգության առհավատչյան է: Դա, իհարկե, այդպես չէ: Բայց ի՞նչ ենք մենք ստացել այդ զիջման դիմաց: Ադրբեջանցիները գոնե մեկ մետր նահանջե՞լ են Հայաստանի ինքնիշխան տարածքի այն հատվածից, որը զավթել են երկու-երեք տարի առաջ:
Որ «խաղաղության համաձայնագիրն» ամենեւին խաղաղության մասին չէ, դա լավագույն ձեւով փաստում են հենց իրենք՝ Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչները: Ըստ նրանց՝ իրենք համաձայնագիր չեն ստորագրի, մինչեւ Հայաստանը չփոխի սահմանադրությունը եւ չմիանա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին հայտարարությանը: Կարծում եք, դրանք վերջի՞ն պահանջներն են:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ինչ? է ուզում ալիևը
1. Միջազգային ատյաններում Հայաստանը հրաժարվի հայցերից – կստացվի, որ ադրբեջանն ինչ անօրինականություններ արել է (պատերազմում ֆոսֆորային արգելված զենքի կիրառում, Արցախի բլոկադա բնակչությանը սովի մատնելով, արցախցիների զանգվածային արտաքսում իրենց բնօրրանից, Արցախի եկեղեցիների վերափոխումներ, բնակելի և հասարակական շենքերի ավերումներ, Հայաստանի տարածքների բռնազավթումներ և այլն) դրանք միջազգային ատյաններում այլևս քնարկման առարկա չդարձնել և ամեն ինչ կոծկել։ Բայց դրան զուգահեռ ազերիները բաքվում կշարունակեն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը հանցագործ ճանաչելու և Հայաստանին էլ ագրեսոր ճանաչելու դատավարությունները։
2. “Երրորդ երկրների” ներկայացուցիչների հեռացում հայ-ադրբեջանական սահմանից – դրանից հետո ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելը դառնում է շատ հեշտ, անվերահսկելի և անքննարկելի, փաստորեն այդ քայլով կանաչ լույս է վառվում ադրբեջանական հարձակումների համար։
Այս կետերը նիկոլի և իր թիմի կողմից ընդունելը կարելի է միայն դավաճանություն որակել ազգային և պետական շահերի նկատմամբ։
Իսկ ինչ? ռեալ հակաքայլեր են փորձում ձեռնարկել սրա դեմ մեր երկրում իրենց ընդդիմություն կոչող կուսակցությունները, խմբակցությունները, անհատները։
Ոչ միայն հիմա, ոչ թէ վերջին տարիներուն, այլ՝ 2018ի Ապրիլէն սկսեալ, խնդիրը՝ Փաշինյանը չէ:
Բուն խնդիրը, էական միակ խնդիրը՝ հակա-փաշինյանիսթների տկարութիւնն է, անզօրութիւնն է, աննշան չափն ու քանակն է:
Ազգային ուժեր չկան: Արցախի ազատագրական պատերազմի հրադադարի յաջորդ հանգրուանէն սկսեալ, այլեւս ազգային ոգի չկար, չմնաց արդէն՝ ՀՀի մէջ: Ոչ ալ, Արցախի:
Թէ որ այսպէս պիտի լինէր, Առաջին նախագահը թող մնար: Եւ ինք վերջացնէր ամէն բան: Ոչ այդքան ժամանակ կը կորսնցնէինք, ոչ էլ այսքան կեանքեր:
Ամբողջ ընթացքը հիմնուած է մէկ տրամաբանութեան վրայ՝ որքան որ էլ տանք, միակողմանի եւ յօժարակամ՝ տանք, վնասներն ու կորուստները նուազ վատ, նուազ ողբերգական են լինելու, քան եթէ իրենք առնեն ամէն ինչ որ արդէն տալիս ենք, եւ դեռ աւելին ալ, պատերազմի միջոցաւ:
Եւ այս տրամաբանութիւնը վաւերացուցած է՝ Արցախի նախադէպով: Այդ «փորձառութեամբ»:
Գործօն քաղաքական գործիչները պարտաւոր են բացատրելու թէ իրենք ի՞նչ են անելու, եթէ իրենք ստանձնեն իշխանութիւնը: Գործնական, իսկական, շօշափելի՝ ի՞նչ քայլեր:
Միակ ենթադրութիւնը որ կարող եմ երեւակայել այն է որ, ըստ Ընդդիմութեան՝ եթէ Քոչարյանը դառնայ վարչապետ, հեսա, Ռուսաստանը օգնութեան պիտի հասնի, եւ ուղղակի պիտի կռուի Թուրքիոյ դէմ: Չեմ գիտեր քանի քուէարկող պիտի հաւատայ այս «ծրագրին», յաջորդ ընտրութիւններուն…
Այն օրէն որ այս իշխանութիւնը գոյացաւ, հենց այդ պահին արդէն, ամէն բան վերջացաւ:
Մ. Հայդուկ Շամլեան