Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ենք մենք ստանում գործարքից

Մարտ 15,2025 10:00

Ցանկացած պայմանագիր գործարք է: Այդ բառից պետք չէ վախենալ. դու ինչ-որ բան զիջում ես, որպեսզի ինչ-որ բան ստանաս: Եթե քեզնից ստանալիք չկա, կամ դու ստանալիք չունես, պայմանագիր կնքելն անիմաստ է:

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչից ենք հրաժարվում եւ ինչ ենք ստանում: Մի կողմ թողնենք հավաստիացումները, թե Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը: Այս պահին աշխարհում մի քանի զինված հակամարտություն կա՝ այն պետությունների միջեւ, որոնք փոխադարձաբար (թղթի վրա) այդ ամենը ճանաչել են:

Վերցնենք որպես օրինակ այն երկու կետերը, որոնք մինչեւ վերջերս, ըստ կողմերի, համաձայնեցված չէին, իսկ հիմա «համաձայնեցվեցին», այլ կերպ ասած՝ Հայաստանը կատարեց նաեւ այդ զիջումները:

1/ Միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելը: Բացի նրանից, որ կառավարությունն այդ հայցերից հրաժարվելու իրավասություն չունի, բովանդակային առումով դա նշանակում է, որ մենք այլեւս չենք պնդում, թե Ադրբեջան պետությունը, ադրբեջանցիները հայերի դեմ հանցագործություններ են կատարել: Դա, իհարկե, համապատասխան էմոցիոնալ արձագանք է առաջացնում: Բայց, դրանից զատ, կա գործարքի տրամաբանություն. Ադրբեջանն էլ այդ դեպքում պետք է հայտարարի, թե այլեւս չի պնդում, որ Հայաստանը, հայերը հանցագործություններ են կատարել ադրբեջանցիների դեմ: Արդյոք մենք ստացե՞լ ենք այդ դիվանագիտական արդյունքը: Ո՛չ, հայերին այժմ դատում են Բաքվում: Ավելին՝ Ադրբեջանը հիմա փաստացի պահանջում է, որ Հայաստանն իրեն հանձնի իր տարածքում գտնվող «հանցագործներին»:

2/ «Երրորդ երկրների ներկայացուցիչների», ավելի կոնկրետ՝ Եվրամիության դիտորդների հեռացում հայ-ադրբեջանական սահմանից: Հիշեցնեմ, որ այդ դիտորդների ներկայությունից ամենաշատը բողոքում էր Ռուսաստանը: Իսկ Փաշինյանի «եվրոպամետ» քարոզիչները, հակառակը, պնդում էին, որ այդ դիտորդների առկայությունը մեր ինքնիշխանության եւ անվտանգության առհավատչյան է: Դա, իհարկե, այդպես չէ: Բայց ի՞նչ ենք մենք ստացել այդ զիջման դիմաց: Ադրբեջանցիները գոնե մեկ մետր նահանջե՞լ են Հայաստանի ինքնիշխան տարածքի այն հատվածից, որը զավթել են երկու-երեք տարի առաջ:

Որ «խաղաղության համաձայնագիրն» ամենեւին խաղաղության մասին չէ, դա լավագույն ձեւով փաստում են հենց իրենք՝ Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչները: Ըստ նրանց՝ իրենք համաձայնագիր չեն ստորագրի, մինչեւ Հայաստանը չփոխի սահմանադրությունը եւ չմիանա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին հայտարարությանը: Կարծում եք, դրանք վերջի՞ն պահանջներն են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31