Սկիզբը՝ այստեղ
Նրանք, ովքեր 2018-ին հրապարակներում ու եթերներում Սերժ էին մերժում, «քաղաքագիտորեն» հիմնավորում էին Սերժին մերժելու ու Նիկոլին բերելու հրատապ թեզը, իսկ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը շամպայն էին տրաքացնում, այսօր՝ «Սերժն է բերել Նիկոլին» ինֆանտիլ պնդումը հիմնավորելու համար օրակարգ են բերել եւս մեկ ապուշագույն թեզ՝ «բա ինչի՞ Սերժը չկրակեց»։ Մի կողմ թողնենք տեսական այն իրավիճակը, որ եթե Սերժը կրակեր, ապա սույն առանձնյակները որեւէ կենսաբանական հնարավորություն չէին ունենալու այսօր իրենց թեզերը շաղ տալու, որովհետեւ իրենք ու իրենց մերձավորներն էին կանգնած Սերժ մերժողների ու Նիկոլ բերողների առաջին շարքերում։ Ուստի, այսօր նման պահանջ դնողներն արդեն յոթ տարվա հպարտ հանգուցյալներ կլինեին, ինչին, բնականաբար, Սերժ Սարգսյանը չգնաց ու ճիշտ արեց։
Ի դեպ, երրորդ նախագահն իր հրաժարականի տեքստում այդ մասին բաց ասել է՝ «Իրավիճակն ունի մի քանի լուծում, որոնցից ոչ մեկին ես չեմ գնա»։ Այսինքն, կրակելու հրաման չեմ տա, որովհետեւ «ա»՝ թափվելու էր հայի արյունն ու դեռ մարտի 1-ի դեպքերից ծանոթ լինելով Նիկոլի սադրանքների գերդոզային, քաղաքացիական բախումները՝ ծանրագույն ելքերով, միանշանակ կանխատեսելի էին, քանզի Նիկոլն արդեն հնչեցրել էր իր վտանգավոր ֆրազներից մեկը՝ «կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»։ Այսինքն, երկիրը կվերածեմ քաոսի։
Եվ «բ»՝ զոհասեղանին էր դրվելու երկիրն ու Նիկոլի արտաքին խամաճիկավարները Հայաստանը մտցնելու էին ծանրագույն սանկցիաների տակ։ Եկեք չմոռանանք նաեւ, հանրահավաքային խելահեղության պիկն ապրիլի վերջին էր եւ արդեն իսկ տարբեր շրջանակներից հնչում էին սպառնալիքներ, որ ապրիլի 24-ի Ցեղասպանության հուշահամալիր երթը պիտի իշխանության վերջին օրը լինի. այսինքն, բախումների եւ արյան բացահայտ կոչեր էին անում։
Կարդացեք նաև
Եվ հիմա գանք՝ «ինչի՞ Սերժը հրաժարական տվեց» հարցին, որը քաղաքական տարբեր ճամբարի լեգեոներներ այսօր թմբկահարում են, ու ես չեմ հոգնելու կրկնել, որ թմբկահարում են նրանք, ովքեր 18-ին Նիկոլ են բերել։ Հիշենք Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստի վերջին նախադասությունը՝ «հրաժարական տալով, ես կատարում եմ ձեր բոլորի պահանջը»։ Ինչպես ասում են՝ կլյուչեվոյե սլովո՝ «բոլորի», որովհետեւ երկրում ստեղծվել էր բոլորն ընդդեմ մեկի՝ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի իրավիճակ. բոլորն ընդդեմ մեկ քաղաքական ուժի եւ մեկ մարդու։ Ու հիմա ես հարց ունեմ այսօր տարբեր հարթակներից հոխորտացողներին՝ իսկ դուք, կամ ձեր քաղաքական ուժը ի՞նչ արեցիք, որ Սերժ Սարգսյանը հրաժարական չտար։ Ո՞ր քաղաքական ուժը եկավ, կանգնեց ՀՀԿ-ի եւ երրորդ նախագահի կողքին եւ ասաց՝ մենք պատրաստ ենք ձեզ հետ միասին թույլ չտալու նիկոլաարհավիրքը։ Ես ուզում եմ տեսնել այն քաղաքական ուժին, ով երբ ՀՀԿ-ի 55 պատգամավորին հռչակում էին ազգի դավաճան, այդ ուժը դրա հետ համաձայն չի եղել ու բողոքի իր ձայնն է բարձրացրել, ես ուզում եմ տեսնել այն քաղաքական ուժին, կամ գործչին, ով երբ հանրապետականների տներ դագաղներ էին տանում ու սեւ լենտեր կապում, իր իսկ ձեռքով մի սեւ լենտ պոկած լիներ եւ փորձեր կանգնեցնել ատելությունից գազազած ամբոխին։ Ես ուզում եմ լսել այն քաղաքական ուժին, ով խելահեղության այդ օրերին իր աջակցությունը հայտնած լիներ Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ-ին։ Չի եղել նման քաղաքական ուժ։ Պարզապես չի եղել։ Եղել է՝ «բոլորն ընդդեմ մեկի՝ մարտեր առանց կանոնների», երբ նույնիսկ ժամանակին գաղափարական համախոհները ՀՀԿ-ի թաղման հոգեթասն էին խմում։
Հիմա, երբ հանձնված Արցախն ու շագրենի կաշու նման փոքրացող Հայաստանն իրականություն են, եւ «բոլորն ընդդեմ մեկի» շարժման ակտիվիստները հասկացել են, որ նաեւ իրենց պատասխանատվության բաժինը կա այս արհավիրքում՝ սկսել են կոկորդ պատռել։
Չի օգնի, տիկնայք եւ պարոնայք։ Յոթ տարի առաջվա դեպքերը միջնադարում չեն եղել, որ պատմիչներն իրենց ճաշակին հանգույն շարադրեին պատմական անցքերը։ Բացեք 18-ի տեսանյութերը, գտեք ձեզ, ձեր ընտանիքի անդամներին, ձեր մերձավորներին հրապարակներում Սերժ մերժելիս ու Նիկոլ բերելիս, նաեւ հիշեք, որ որեւէ մեկդ կիսափորձ անգամ չարեց կանգնելու օրվա իշխանության կողքին, ավելին, դանակն առած՝ վազում էիք` թիկունքից առաջինը հարվածելու դափնին ստանալու համար, ու հիմա, իբր, զարմանում եք, ինչի՞ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց ու էս Նիկոլն էդ ո՞նց եկավ իշխանության։
Եկավ, որովհետեւ երբ բոլորն ընդդեմ մեկի են՝ այդտեղ խաղն ուղղակի ավարտվում է։ Իսկ քաղաքական եւ մերձքաղաքական տարբեր շառլատանների այսօրվա կաղկանձից չստացված տրագիկոմեդիայի էժան հոտ է գալիս։
Մի՛ արեք, սիրուն չի։
Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.03.2025