Լույս է տեսել ՀՀ Դատավորների միության «Դատական իշխանություն» գիտամեթոդական պարբերականի 2024 թվականի վերջին համարը (ընդգրկում է հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսները): Այնտեղ կարող եք կարդալ Գագիկ Համբարձումյանի «Իրավահասկացման տիպաբանությունն իրավունքի ժամանակակից հայեցակարգային մոտեցումներում», Լիլիթ Ֆանարջյանի «Իրավական համակարգի հասկացությունը, կառուցվածքը եւ համակարգաստեղծ կապերը», Արման Բաբախանյանի «Քրեական ենթամշակույթը բնութագրող եզրույթների օրենսդրական ամրագրման որոշ հիմնահարցեր», Ինգա Ավագյանի «Պաշտպանի մասնակցությունը նախաքննության փուլում իրականացվող ապացուցմանը», Սուրեն Բաղինյանի «Պետական դավաճանության քննության փուլերի խնդիրներն ու առանձնահատկությունները» եւ այլ հետաքրքիր ուսումնասիրություններ, հրապարակումներ:
Ձեզ ենք ներկայացնում ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի օգնական, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Արման Բաբախանյանի «Քրեական ենթամշակույթը բնութագրող եզրույթների օրենսդրական ամրագրման որոշ հիմնահարցեր» հրապարակումից մի հատված:
«Կարծում ենք, հանցավոր ենթամշակույթ եւ քրեական ենթամշակույթ եզրույթները համարժեք չեն»
Հանցավոր ենթամշակույթը շատ ավելի լայն երեւույթ է եւ իր մեջ, ի թիվս այլնի, ներառում է նաեւ քրեական ենթամշակույթը, այլ կերպ՝ հանցավոր ենթամշակույթը եւ քրեական ենթամշակույթը հարաբերակցվում են որպես ամբողջ եւ մաս։ Այսինքն, քրեական ենթամշակույթն առավել համընդգրկուն երեւույթի՝ հանցավոր ենթամշակույթի բաղկացուցիչ մասն է միայն, դրա տարրերից մեկը:
Կարդացեք նաև
Այսպես, քրեական ենթամշակույթը վերաբերելի է գողական աշխարհի ներկայացուցիչներին կամ վերջիններիս գաղափարներին հարողներին, որոնք ղեկավարվում են «գողական օրենքով» («պռագոնով»), եւ հանդիսանում է հանցավոր ենթամշակույթի տեսակներից մեկը։ Մինչդեռ, իրենց ենթամշակույթն ունեն նաեւ այլ հանցանքներ կատարող անձինք (օրինակ՝ «հաքերները», «կոռուպցիոներները»), այդ թվում նաեւ՝ այնպիսիք (օրինակ՝ «նարկոբիզնեսում» ընդգրկվածները), որոնց կողմից կատարված հանցանքներն ընդունելի չեն համարվում գողական աշխարհի ներկայացուցիչների կողմից։ Նմանօրինակ պայմաններում, գտնում ենք, որ գործող Օրենսգրքի 238-րդ հոդվածում նախատեսված հանցակազմով օրենսդիրը քրեական պատասխանատվություն է նախատեսել անչափահասի մեջ հանցավոր ենթամշակույթի ավանդույթներ սերմանելու համար՝ որպես այդպիսին դիտելով ոչ միայն քրեական ենթամշակույթը, այլ նաեւ հանցանք կատարողներին բնութագրող այլ ենթամշակույթները։ Իսկ գործող Օրենսգրքի այլ կարգավորումներում, օգտագործելով քրեական ենթամշակույթ եզրույթը, օրենսդիրը նկատի է ունեցել հենց գողական աշխարհի ներկայացուցիչների եւ վերջիններիս գաղափարներին հարող անձանց կողմից ընդունված, «գողական օրենքի» («պռագոնի») վրա հիմնված ենթամշակույթը։
Հետեւաբար, օրենսդիրը, գործող Օրենսգրքում հանցավոր ենթամշակույթ եւ քրեական ենթամշակույթ եզրույթները միաժամանակ կիրառելով, թույլ չի տվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի խախտում, այլ կերպ՝ օրենսդիրը վերը նշված երկու եզրույթները չի կիրառել միեւնույն միտքն արտահայտելիս։
Քրեական ենթամշակույթի դեմ քրեաիրավական պայքար մղելու տեսանկյունից կարեւոր է անդրադառնալ նաեւ այն հարցին, թե արդյո՞ք ընդունելի է օրենսդրական մակարդակում գողական խոսվածքի՝ գողական աշխարհում կիրառվող եզրույթների օգտագործումը։
Գողական խոսվածքում առանձնակի տեղ են գրավում բառերի ու հասկացությունների այն խմբերը, որոնք ձեւակերպում են այդ աշխարհի կարգավիճակները եւ հիերարխիան, կարգավորում են տարբեր աստիճանակարգերում գտնվողների փոխհարաբերությունները, սահմանում դրանց մեջ թույլատրելին ու անթույլատրելին՝ շատ խիստ ու հստակ տարանջատելով
«ճիշտն» ու «սխալը», սահմանազատում են բանտային տարածքում գողական աշխարհի եւ մնացած բանտարկյալների կարգավիճակներն ու փոխհարաբերությունների ձեւերը, սահմանում են՝ ըստ բանտարկյալների կարգավիճակների՝ նրանց տեղը բանտային տարածքում՝ սկսած բանտախցի տարածքից, վերջացրած բանտարկյալների համար ընդհանուր տարածքները, սահմանում են բանտարկյալների եւ բանտային վարչակազմի ու ծառայողների հետ բանտարկյալների փոխհարաբերման սկզբունքները, թույլատրելին ու արգելվածը, սահմանում են խրախուսելի եւ արգելված արարքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով հատկապես արգելվածներին, սահմանում են պատիժների ձեւերը՝ սահմանված հասկացություններն ու վարվելակարգային նորմերն ու պրակտիկաները խախտելու դեպքում, սահմանում են գողական աշխարհի ներկայացուցիչների իրավունքներն ու պարտականությունները, սահմանում են գողական աշխարհի կարգուկանոնն ապահովող հիմնական ինստիտուտները, ներառյալ՝ ֆինանսատնտեսականը, ձեւակերպում են մեխանիզմները, որոնք ապահովում են այդ ինստիտուտների գործունեությունը:
Այս հարցի առնչությամբ տեսության մեջ արտահայտվել են միմյանցից տարբերվող կարծիքներ։ Մասնավորապես, կարծիքներ են արտահայտվել թե գողական խոսվածքի՝ օրենսդրական մակարդակում կիրառման հնարավորության, եւ թե դրա կիրառման անթույլատրելիության մասին։
Ըստ Յու.Գոլիկի՝ գողական հասկացություններին անցնելը հիմարություն է եւ վիրավորական ողջ ժողովրդի համար…
Ինչպես մեր կողմից արդեն նշվել է, օրենսդիրն իրավացիորեն ընդունելի է համարել օրենսդրական մակարդակում գողական աշխարհի անդամների կարգավիճակը բնութագրող տերմինոլոգիայի կիրառումը: Զարգացնելով նախկինում արտահայտված դիրքորոշումները՝ կարծում ենք, որ դրանք կիրառելի են ոչ միայն գողական աշխարհի անդամների կարգավիճակը բնութագրող եզրույթների, այլ նաեւ գողական աշխարհում կիրառվող այլ եզրույթների նկատմամբ եւս:
Այս տեսանկյունից ուշագրավ է հատկապես Իտալիայի քրեական օրենսգրքի 416-bis հոդվածի իրավակարգավորումը (մաֆիոզային տեսակի միություն), որում օգտագործվում են կոնկրետ հանցավոր խմբավորումների անունները եւ նշվում է, որ այդ հոդվածի դրույթները տարածվում են նաեւ կամորրայի (իտալերեն՝ camorra), նդրանգետայի (իտալերեն՝‘ndrangheta) վրա։
Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է հստակեցնել գողական խոսվածքի՝ գողական աշխարհում կիրառվող եզրույթների օրենսդրական մակարդակում օգտագործման թույլատրելիության սահմանները:
Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նաեւ իրավական օրենքի առկայություն։ Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում։ Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձեւակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական եւ ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետեւանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը:
Իրավական որոշակիության սկզբունքն անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետեւանքները եւ վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների եւ պարտավորությունների հարցում:
Այսպես, քրեական ենթամշակույթին վերաբերող որոշ երեւույթներ (օրինակ՝ գողական
աշխարհ, գողական օրենք) կամ կարգավիճակներ (օրինակ՝ օրենքով գող) չունեն իրենց էությունն ամբողջությամբ ընդգրկող հոմանիշները գրական խոսքում։ Հետեւաբար, օրենսդրական մակարդակում այդ երեւույթները եւ կարգավիճակները գրական խոսքի եզրույթները կիրառելու միջոցով նկարագրելիս, կարող է առաջանալ խնդրահարույց իրավիճակ՝ իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից եւ համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի չլինեն կանխատեսել իրենց վարքագծի հետեւանքները։
Վերը նշվածը, սակայն, չպետք է մեկնաբանվի, որպես օրենսդրական մակարդակում գողական խոսվածքի կիրառման չարաշահման թողտվություն։ Ինչպես գողական խոսվածքի՝ օրենսդրական մակարդակում կիրառման կատեգորիկ բացառումը, նույն կերպ մեր կողմից ընդունելի չէ նաեւ գողական խոսվածքի եզրույթների օրենսդրական մակարդակում համատարած կիրառումը։ Քրեական ենթամշակույթին առնչվող քրեաիրավական նորմերում ցանկացած երեւույթ եւ կարգավիճակ գողական խոսվածքի եզրույթներ կիրառելով նկարագրելը՝ նույնիսկ այդ նորմերն իրավական որոշակիության սկզբունքին առավելագույնս համապատասխանեցնելու նպատակով եւս խնդրահարույց է, քանի որ գողական խոսվածքի եզրույթներից որոշներն ունեն իրենց հոմանիշները գրական խոսքում, որոնք ամբողջությամբ բացահայտում են քրեական ենթամշակույթին վերաբերող երեւույթների, կարգավիճակների էությունը, եւ որոնք էլ կարող են կիրառվել օրենսդրական մակարդակում՝ գողական խոսվածքի փոխարեն։ Այսինքն, գողական խոսվածքի եզրույթների կիրառումն օրենսդրական մակարդակում պետք է լինի վերջին՝ բացառիկ միջոցը (ultima ratio) եւ կիրառվի այն դեպքերում, երբ գրական խոսքում առկա չեն քրեական ենթամշակույթին վերաբերող երեւույթների եւ կարգավիճակների էությունը նույնությամբ արտահայտող եզրույթներ։
Բացի դրանից՝ գողական խոսվածքի որոշ եզրույթներ (մասնավորապես՝ գողական աշխարհի ներկայացուցիչ չհանդիսացող եւ վերջիններիս կողմից բացասական վերաբերմունքի արժանացող անձանց բնութագրող եզրույթներ) մարդու պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող բնույթ ունեն եւ դրանց կիրառումն օրենսդրական մակարդակում եւս ընդունելի չէ՝ նույնիսկ իրավական որոշակիության սկզբունքն ապահովելու նպատակով։
«Առավոտ» օրաթերթ
14.03.2025