Հոդվածի վերնագիրը հստակորեն հուշում է, որ 2025թ. ընթացքում՝ օր առաջ, ֆորմալ կերպով կկնքվի հայ-ադրբեջանական, այսպես կոչված՝ «խաղաղության» համաձայնագիրը եւ սկիզբ կդրվի հայոց պետականության փլուզմանը՝ Հայաստան պետության վերացմանը:
Ուզում եմ մի քանի բառով ներկայացնել Սիրիայի հետ կատարվածը, որը բացարձակապես անսպասելի էր: Ամբողջ աշխարհը զարմացած է ու բացատրություն չունի, թե ի՞նչ կատարվեց եւ մի քանի օրվա ընթացքում փաստացի վերացավ Սիրիայի նման հզոր երկիրը, որն ավելի շատ երազի է նման, քան իրականության: Դա իր խորը արմատներն ուներ եւ դրանց մասին չէ, որ ուզում եմ խոսել: Սա արդեն կատարված իրողություն է եւ ուզում եմ որոշակի զուգահեռներ անցկացնել Սիրիայի նման հզոր պետության կայծակնային (երկօրյա) վերացման համար, այն էլ այն դեպքում, երբ դրա համար այդ ժամանակ հիմքեր չկային, իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, որը վերջին չորս եւ ավելի տարիներին բառիս բուն իմաստով օրեցօր մաշվում է, բզկտվում եւ ոչ մի օր, ոչ մի անգամ որեւէ մեկի կողմից՝ իշխանություններ, ժողովուրդ, որեւէ օգնության, փրկության քայլեր չեն ձեռնարկվել, ուստի բնական է, թե իրականում ինչ վիճակում է հայտնվել մեր հայրենիքը եւ ինչ է սպասվում նրան… Նույնքան ժամանակ է, ինչ ամեն օր մի շարք անգամներ տարբեր հարթակներից բարձրաձայնվում են Հայաստանի մոտալուտ վախճանի մասին, իսկ հայ ժողովրդի կողմից զրո ռեակցիա, կարծես դա իրեն չի վերաբերվում, կարծես դա այլ ժողովրդի հայրենիք է, հետեւաբար թող նա էլ մտածի: Փաստացի, հայ ժողովուրդն ուրանում է իր հայրենիքը եւ իրեն բացարձակապես հետաքրքիր չէ, թե ինչ կկատարվի նրա հետ: Այսօր Ադրբեջանը շատ ավելի է հետաքրքրվում Հայաստանով եւ նրա ապագա «զարգացման» ծրագրերն է մշակում, իսկ հայ ժողովուրդը հետաքրքրվում է այնքանով, որքանով նա կվերաբերվեր, ասենք՝ Մոզամբիկին: Այս վերաբերմունքն աշխարհն էլ է տեսնում եւ զարմանքից ապուշ է կտրել:
Զուտ շահերի դիրքերից ելնելով, աշխարհի համարյա բոլոր երկրներին ձեռք է տալիս, որ նրանք լինեն Ադրբեջանի կողքին եւ պաշտպանեն նրա շահը (սրա մասին շատ է խոսվել), որի մասին եւ բարձրաձայնում են, սակայն, այնուամենայնիվ, նրանք ապուշ են կտրել հայ ժողովրդի անհասկանալի պահվածքից:
Կյանքի երկարատեւ ժամանակահատվածում, մարդկային պատմության ընթացքում այնքան զարմանալի բաներ են տեղի ունեցել աշխարհում, որ թվում է, թե շատ քիչ բան կա, որը կարող է զարմացնել մարդկությանը, սակայն այս մեկը՝ հայ ժողովրդի կողմից իր հայրենիքի հոժարակամ հանձնումը թուրք-ադրբեջանական տանդեմին, իրոք, զարմացնող է, քանզի այն նվիրական ճանապարհը, որով հայ ժողովուրդն անցել է աննկարագրելի տառապանքներով, պետք է մշտապես ատամներով պաշտպաներ իր հայրենիքը, եթե անգամ չնչին վտանգ սպառնար նրան, էլ չեմ ասում՝ կորստյան վտանգի սպառնալիքի դեպքում:
Կարդացեք նաև
Փաստացի, տարիներ շարունակ բարձրաձայնվում է, որ օր օրի Հայաստան պետությունը գնում է կործանման, սակայն հայ ժողովուրդը դրան բանի տեղ չի դնում եւ ահա Տերը մեզ փաստացի ցուցանում է հետեւյալը. այ միամիտ հայեր, եթե Սիրիայի նման հզոր պետությունը երկու օրում կործանվեց, դուք ո՞վ եք, որ այսքան հիմքերի առկայության դեպքում, չկործանվեք: Այնպես որ, խելքի եկեք ու փորձեք ճիշտ հետեւություններ անել, որ հետո չասեք, դե մենք չհասկացանք, մեզ չհուշեցին:
Մնում է բարձրաձայնել ամենավերջին տարրական բանը. հայեր, վերջապես հասկացեք, որ եկող ամեն օրը Հայաստան պետության վերջին շունչն է:
Եթե Հայաստանից բացի, աշխարհում այլ երկրներ էլ կան, որոնց ժողովուրդները եւս պատրաստակամ են իրենց հայրենիքները «հոժարակամ» հանձնել դրան ձգտող իրենց թշնամիներին, ապա նման դեպքում կյանքի աշխարհագրությունն աշխարհում լիովին կփոխվի եւ պատերազմները կվերանան, քանզի ոչ միայն շատ երկրներ այլեւս չեն փորձելու այլ երկրներից հողատարածքներ խլել, այլեւ նրանք են իրենց հայրենիքները «հոժարակամ» հանձնելու իրենց թշնամիներին՝ «բարեկամներին»: Այնպես որ, ամբողջ աշխարհում՝ բոլոր երկրների միջեւ կկնքվեն «խաղաղության» համաձայնագրեր, որոնք կփոխեն կյանքի իրական բովանդակությունն աշխարհում եւ անտարակույս «խաղաղություն» կբերեն ամբողջ աշխարհին:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
14.03.2025