Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է հարձակվել ողջ սահմանով՝ նպատակ ունենալով գրավել նոր տարածքներ»

Մարտ 15,2025 13:00

«Առավոտի» զրուցակիցն է «Հայկական ընտրություն» նախաձեռնության համակարգող Արմեն Աղայանը:

-Հայաստանյան ներքաղաքական դաշտի վերջին շրջանի խոսույթը կրկին հարցն է՝ ո՞վ բերեց Նիկոլին իշխանության։ Ձեր գնահատմամբ, ո՞վ եւ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերեց,  տարբեր կարծիքներ  են հնչել։ Ի՞նչ նպատակով է այս հարցը կրկին օրակարգ բերվել։

-Թե մաթեմատիկայի կամ բնագիտության, թե հասարակագիտության մեջ, եթե փորձում ես բարդ խնդիր լուծել, կամ բացահայտել ճշմարտությունը, շատ կարեւոր է ճիշտ հարցեր ձեւակերպելը։ Ճիշտ հարցադրումներն են ճիշտ պատասխանների երաշխավորը։ Այս տեսակետից ուղղակի հնարավոր չէ ձեւակերպել սրանից ավելի անհեթեթ, բացարձակ անիմաստ, մոլորեցնող, ուղղակի հիմար հարց, որը, չգիտես թե ինչու, սկսել է քննարկվել։

Կարծում եմ, այս տարօրինակ ձեւով ժամկետանց հայրենակործան ընդդիմությունը իր ներքին նախընտրական գզվռտոցն է սկսել, ինչը էլ ավելի հայրենակործան իշխանության երազանքն է նաեւ։ Ի վերջո, նման մերժված ընդդիմությունն է միշտ եղել Նիկոլի իշխանության գրավականը։

Իրականում ոչ ոք չի կարող միայն սեփական ցանկությամբ ինչ-որ մեկին բերել իշխանության՝ անգամ շատ մեծ ռեսուրսների առկայության դեպքում։ Դա չեն կարող անել ոչ ներքին, ոչ արտաքին ուժերը։ Նման զառանցական նախագծերը դատապարտված են տապալման շատ պարզ պատճառով՝ քաղաքական կյանքում չափից ավելի շատ խաղացող կա, չափից ավելի շատ են տարատեսակ ազդող հանգամանքները, որոնց մասին անգամ այդ խաղացողները ունեն խիստ սահմանափակ պատկերացում։ Քաղաքականության մեջ անգամ տեսականորեն հնարավոր չէ շախմատի նման քայլեր հաշվել։ Պատկերացրեք մի կույր շախմատ, որտեղ երկուսի փոխարեն տասնյակ խոշոր ու բազմաթիվ մանր խաղացողներ կան, նրանցից յուրաքանչյուրը թեեւ ունի հարյուրավոր խաղաքարեր, բայց այդ խաղաքարերն իրենց հերթին խաղացողներ են, իսկ քայլերը կատարվում են ոչ հերթականությամբ ու հաճախ առանց կանոնների։ Երբ նման շախմատում հնարավոր դառնա քայլեր հաշվել, այդ ժամանակ միայն ես կհավատամ, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին բերեց իշխանության։

Եթե կարճ ձեւակերպենք։ Նիկոլը իշխանական բարձունքում հայտնված հերթական քաջնազարն է։ Իսկ եթե փորձեմ առանձնացնել նրա վերելքին հանգեցրած հանգամանքներից ամենակարեւորները, ապա առաջին տեղում հենց «սուտի շախմատիստ» Սերժ Սարգսյանի՝ իշխանությունն աստիճանաբար Վիգեն Սարգսյանին փոխանցելու զառանցական պլանն էր։ Հարկադրական շեղումն այդ պլանից, ապրիլյան պատերազմը, ՊՊԾ գրավումը, մրցակից Կարապետյանների հետ իշխանությունը կիսելու գործարքի կնքումը, հանգեցրեցին իշխանական ճամբարի էլ ավելի արագ քայքայմանը, ինչպես նաեւ հոգնած ու օր առաջ պաշտոնը թողնել երազող շեֆի ճակատագրական ստախոսությանը։ Հակառակ նրան, որ ընդդիմությունը փաստացի ոչնչացված էր, իշխանությունը նրանից չէր վախենում եւ կարծում էր, թե վերահսկում է նաեւ խորհրդարանական ընդդիմությանը, հայտնի զույգից արդեն զզված ժողովուրդը աստիճանաբար հավատաց, որ իշխանությունն արդեն շատ թույլ է։

Ինչո՞ւ այդ առիթից օգտվեց հենց Նիկոլը։ Իսկ էլ ո՞վ կար։ Հին ընդդիմադիրները բոլորը իրենց առիթները բաց էին թողել ու ծերացել։ Ծռերը բանտում էին, նրանց մարտավարությունը ձախողվել էր։ Նորերը որտե՞ղ հայտնվեին։ Նիկոլն այդ պահին միակն էր, որ ժողովրդից ընդդիմության առաջնորդի ինչ-որ մանդատ ուներ ու կարող էր ցույց անել ու չձերբակալվել, քանի որ պատգամավոր էր։

Իսկ ո՞ւր էր, օրինակ, ազգային ընդդիմությունը։ Այն ոչ թե վատ էր կազմակերպված, այլ ընդհանրապես գոյություն չուներ, ոչ ձեւով, ոչ էլ բովանդակությամբ։ Միայն առանձին անհատներ էին, որ ազգային դիրքից էին քննադատում հիմնականում իշխանությանը, երբեմն էլ ապազգային ընդդիմությանը։ Ապաքաղաքականության ախտը առաջին հերթին պատել էր հենց պոտենցիալ ազգային ընդդիմությանը։ Քաղաքականության անբարոյական լինելու մասին պնդումները, նաեւ հակակուսակցական ու հակաընտրություն քարոզը ակտիվ եւ հայրենասեր մարդկանց դուրս էին մղել քաղաքական կյանքից եւ ուղարկել էին Գինոսյանի հետ պարելու, Վարդանովի մոտ կրակելու, «Արմաթ» լաբորատորիաներում ինժեներներ պատրաստելու, ոմանց էլ ապստամբ էին դարձրել։ Ավելին, լեւոնանիկոլական ապազգային ընդդիմության ֆոնին, իշխանությունն ավելի ազգային էր ներկայացվում, ու ազգայինը դառնում էր վատ բան, Ղարաբաղն ու ղարաբաղցին էլ չարիք ու բոլոր դժբախտությունների պատճառ։ Արդյունքում, ազգային ընդդիմությունը իր տեղը վաղուց զիջել էր այն ժամանակվա նախկիններին՝ լեւոնականներին։ Իսկ վերջինների ավագ սերնդի ձախողումից ու հեռացումից հետո, ընդդիմության դրոշակը ձեռքը կարող էր վերցնել ու վերցրեց հենց Նիկոլը։ Ուստի Նիկոլին բերեցինք բոլորս, ոչ անպայման նրան աջակցելով, այլ թեկուզ մեր սխալներով, մեր գործը չանելով, նրան չկարեւորելով, անգամ նրանից զզվելով։

-Իսկ ինչպե՞ս հեռացնել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից. Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ հերթական, 2026-ի ընտրություններով, ընդդիմադիր մյուս միավորները պնդում են՝ փողոցով եկել է, փողոցով էլ պետք է գնա՝ մինչ 2026-ի ընտրությունները, այլապես Հայաստանն ենք կորցնելու։

-Սա էլ ճիշտ հարցադրում չէ։ Ինչո՞ւ են ընդհանրապես պայքարի մեթոդները հակադրվում միմյանց։ Ընտրությունից անմիջապես առաջ, փողոցով իշխանություն չես կարող փոխել։ Բայց ընտրությունում հաղթելու համար էլ նախապես փողոցում բոլորին պետք է ցույց տաս, որ ընդդիմության առաջատարը հենց դու ես։ Վերջապես, անգամ այն դեպքում, երբ փողոցը դառնում է միակ տարբերակը, միեւնույն է, փողոցը արդյունավետ կարողանում է առաջնորդել նա, ով նախորդ ընտրության ժամանակ ընդդիմության առաջատարն է եղել։ Իսկ փողոցով իշխանությունը հեռացնելուց հետո էլ, միեւնույն է, ընտրությամբ է դա ամրագրում։ Սա շատ պարզ է։

Բայց ինչո՞ւ է մեթոդների մասին այս անհեթեթ հարցն այսքան քննարկվում եւ ովքե՞ր են այն քննարկում։ Քննարկում են ձախող ընդդիմադիրները։ Մարդիկ, որոնք իրենք են իրենց ոչ միայն ընդդիմության առաջնորդ, այլեւ ազգի փրկիչ հռչակել։ Կամ էլ հավատում են, որ նախկինում  թալանչի իշխանավոր լինելու հանգամանքը իրենց ավտոմատ դարձնում է գլխավոր ընդդիմադիր ուժ։ Ու չեն հասկանում, որ ձախողումների պատճառը ոչ թե պայքարի սխալ մեթոդն է, այլ հենց իրենք են, իրենց մերժվածությունը, հավակնությունների չհիմնավորվածությունը։

Իրականում բոլոր իշխանավորները սովորաբար իրենք են իրենց հեռացնում, երբ գալիս է ժամանակը։ Երբ սա հասկանում ես, ծնվում են ճիշտ հարցադրումները։ Ո՞վ է փոխարինելու, կամ ումո՞վ ենք ուզում փոխարինել այս իշխանությանը, եթե զգում ենք, որ այն իրեն սպառել է։ Ինչպիսի՞ ընդդիմադիր այլընտրանքի առկայության դեպքում այս իշխանությունն իրեն ավելի արագ կսպառի, իսկ ո՞ր ընդդիմադիրներն են նպաստում, որ այդ իշխանությունը շարունակի իրենց ֆոնին չարիքի փոքրագույն ընկալվել։ Պետք է մտածել ոչ թե եղածին հեռացնելու մասին, այլ նորերին ընտրելու, միայն այդպես կլուծենք նաեւ առաջին կետը եւ հետո չենք հիասթափվի մեր արածից։ Հակառակ դեպքում մի օր իշխողները կհեռանան ու հերթական անգամ իշխանությունը կզավթի հերթական սատանան կամ խեղկատակը, կամ էլ երկուսը մեկում։

Ինչ ունենք այսօր։ Հայաստանում բռնապետության պաշար գրեթե չկա։ Ուստի որեւէ իշխանություն պետք է որոշ հանրային աջակցություն ունենա՝ առնվազն պետք է շատերի կողմից ընկալվի որպես այդ չարիքի փոքրագույնը։ Այդպես է նաեւ հիմա։ Վաղուց Նիկոլը կորցրել է իր բացարձակ աջակցությունը, ու դեռ իշխանություն ունի, քանի որ մարդիկ առկա ընդդիմադիրներին ավելի լավը չեն համարում։ Պատահական չէ այն համոզմունքը, որ նախկիններն են Նիկոլի իշխանության գրավականը։ Երբ ընտրենք ճիշտ ընդդիմադիրներին, նիկոլենք անգամ ճամպրուկները չեն հասցնի հավաքել։

Այս պահին էլ մեթոդի երկընտրանք գոյություն չունի։ Ինչ կապ ունի, թե հրապարակում ես ելույթ ունենո՞ւմ, թե՞ թեկնածուների ցուցակ ես գլխավորում, եթե ասելիք չունես կամ մարդիկ դեռ չեն մոռացել արածներդ։ Խնդիրն այն է, թե ինչպես անենք, որ հերթական անգամ ստիպված չլինենք չարիքի փոքրագույն ընտրել նախկին դեմքերից, կամ նրանց արբանյակներից, ոչ էլ հաճախ ոչինչ չասող տարատեսակ ինքնակոչ փրկիչներից։ Իշխանափոխությանը պետք է նախորդի ընդդիմությունափոխությունը։ Անհրաժեշտ է իրական ընտրական գործընթաց, որին կմասնակցեն նոր եւ ասելիք ունեցող ազգային գործիչներ, սակայն պետական ընտրությունները դա չեն ապահովում, հանրահավաքներում ընտրություն կազմակերպել հնարավոր չէ ու մարդիկ էլ հոգնել են դրանցից։ Մի խոսքով, անհրաժեշտ է հատուկ նախընտրություն կազմակերպել պետական ընտրություններից առաջ։ Բայց դա էլ բարդ գործ է ու վախեցնում է շատ գործիչների։

-Աշխարհաքաղաքական զարգացումները հուշում են, որ այս տարին՝ 2025-ը, Հայաստանի ճակատագրի առումով եւս կարեւոր է լինելու։ Հնարավոր ի՞նչ սցենարներ եք կանխատեսում։

-Կանխատեսումներով չեմ զբաղվում։ Նախորդ հարցին պատասխանելիս ասացի, որ քաղաքական շախմատում հաշվելն անհնար է։ Իսկ առանց հաշվարկի գուշակություններ անելը անպատասխանատվություն է։

Ուստի կարող եմ խոսել միայն արդեն իսկ իրագործվող սցենարների մասին։ Ակնհայտ է, որ Բաքուն չի պատրաստվում ոչ մի տեսակի խաղաղության։ Բանակցությունները նա օգտագործում է իր հավակնությունները ուրվագծելու, սպառնալիքի դիմաց Երեւանից նոր զիջումներ կորզելու եւ հետագայում, Հայաստանին մեղադրելով ինչ-որ խոստումներ չկատարելու հարցում, ավելի շահեկան դիրքից լայնածավալ ռազմական գործողությունները վերսկսելու համար։ Ընդ որում, նպատակը սոսկ Մեղրիի միջանցքը չէ։ Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է հարձակվել ողջ սահմանով՝ նպատակ ունենալով ամբողջությամբ գրավել Սյունիքը, Վայոց ձորը, ինչպես նաեւ Գեղարքունիքի արեւելքը, որոշ հատվածներ Տավուշում եւ Արարատի հարավը։ Այս պատերազմը դեռ չի սկսվել նախ այն պատճառով, որ Նիկոլը որոշ բաներ դեռ խոստանում է զիջել, որոշ բաներ էլ կկարողանա զիջել միայն վերընտրվելուց հետո։ Երկրորդ պատճառը թերեւս Թուրքիայի օժանդակության հարցն է։ Այսօր թուրքական աշխարհի վարձկանները Անկարային դեռ Սիրիայում են պետք։ Վերջապես, մինչ Թրամփի գալը Բաքվին կարող էր մտահոգել ԱՄՆ-ի վերաբերմունքը, որը Ֆրանսիայի հետ միասին կարող է խնդրահարույց լինել։ Իսկ այսօր, երբ Թրամփն ինքը պատերազմ է սկսել Կանադայի դեմ ու Ռուսաստանին էլ թույլ է տալիս տիրանալ Ուկրաինայի զգալի մասին, Բաքվին այլեւս ոչ ոք ոչինչ չի կարող ասել։ Այլ հանգամանքներ էլ կան, որ Ալիեւը պետք է հաշվի առնի որոշում կայացնելիս, գուցե դեռ շատ զորավարժություններ են անհրաժեշտ, բայց թե այդ ամենի արդյունքում նա երբ կարձակի հարձակման հրամանը, չեմ կարող ասել։ Չեմ զարմանա, եթե դա տեղի ունենա վաղը, 2-3 ամսից, մեր ընտրությունների օրերին կամ դրանից երկու տարի անց։ Բայց շատ կզարմանամ, եթե նման հարձակման հրաման ընդհանրապես չարձակվի։ Ճիշտ այնքան, որքան հիմա զարմացած եմ Ուկրաինայի հանդեպ ԱՄՆ-ի դավաճանությամբ։

Ամեն դեպքում, մեր խնդիրը գուշակությունները չեն, այլ մեծ պատերազմին նախապատրաստվելը։ Իսկ դա կարող է անել միայն նոր ազգային կառավարությունը։ Այն երկնքից չի ընկնելու, ստիպված ենք ինքներս ընտրել ընդդիմության նոր ձեւաչափը, որպեսզի իշխանափոխությունն էլ հնարավոր դառնա եւ իմաստ ունենա։ Այս իմաստով, 2025-ը իրոք անչափ կարեւոր է։ Ինչ վերաբերում է մինչեւ ընտրությունները Հայաստանի լինել-չլինելուն, ապա ասեմ, որ փաստացի մի քանի տարի է, այն արդեն չկա։ Խնդիրը այն վերացնելն է։

-Բաքվում ընթացող դատավարությունների, Հայաստանից, իշխանական շրջանակներից դրան արձագանքի մասին ի՞նչ կասեք։ Նաեւ՝ Ռուբեն Վարդանյանի ուղերձը` Բաքվի բանտից, ինչի՞ մասին էր։

– Ալիեւը թուրք է ու թուրքական վարքը բնականորեն այդպիսին է։ Իսկ ինչո՞ւ նա չպետք է դատեր իր ձեռքն ընկած «սեպարատիստներին»։ Նրանից այլ բան չէինք կարող սպասել։ Ինձ ավելի շատ կատաղեցնում է այդ մարդկանց՝ Ալիեւի ձեռքն ընկնելու փաստը, նրանք գերի ընկնելու իրավունքը չունեին։ Հատկապես եթե հիշենք, թե ինչպե՞ս են մեր խիզախ շարքայիններից շատերը նախընտրել մահը։

Չգիտեմ, թե ինչո՞ւ է Ալիեւը առանձնացրել Ռուբեն Վարդանյանի գործը եւ ինչո՞ւ է նրա անվան շուրջ աղմուկը մյուսներից ավելի մեծ։ Նրա նամակին ծանոթանալու ցանկություն էլ չեմ ունեցել։ Այս դեպքում իմ առաջին մտահոգությունը հաստատ «անկախ ԼՂՀ» ազգակործան թատրոնի առաջին պլանի դերակատարները չեն, այլ, օրինակ, բադարացի ծերունի Վագիֆ Խաչատրյանը, որը չի մնացել ու հանձնվել, այլ առեւանգվել է ճանապարհից ու հիմա նրան պատրաստվում են դատել բոլոր բադարացիների փոխարեն՝ Արցախյան ազատամարտի սկզբում խորհրդանշական գործողություններից մեկի համար։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
13.03.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31