Պատասխանելով հարցին, թե ինչու հավասարության սկզբունքը չի պահվում. մի դեպքում թքում են քաղաքացու վրա՝ գործ չի հարուցվում, մյուս դեպքում ժեստերով են հասկացնում՝ գործ չի հարուցվում, բայց արցախցի 71-ամյա Ալբերտ Առստամյանի գործով (խնձորի գործ) արագ արձագանք եղավ, դատական նիստերի դահլիճ սովորական քաղաքացու կարգավիճակով եկած իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ասաց. «Առաջին դեպքը չի: Մեր երկրում խտրականության փաստը հաստատված կարելի է համարել տասնյակ ու տասնյակ օրինակներով:
Նույն դատարանում երեկ մենք մեկ այլ նիստի էինք եւ նույն կերպ խոսեցինք խտրականության մասին: Սկսեմ լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործից, երբ որ նույն շրջանում ինչ ասես չէին ասում, եւ միայն Արմեն Գրիգորյանի նկատմամբ կիրառվեց այդ խայտառակ քրեական հետապնդումը, որն սկսվեց արժանապատվությունը նվաստացնող ձերբակալմամբ: Մյուսները, որոնք իշխանության կողմից էին, որեւէ քրեական հետապնդման չենթարկվեցին, բացառությամբ մեկ անձի, որը ենթարկվեց ձեւական քրեական հետապնդման: Այն էլ այն բանից հետո, երբ որ Արմեն Գրիգորյանը արդեն ողջ չէր: Բոլոր մնացած դեպքերում կարող ենք այս նույն փաստարկը բերել:
Ինչ վերաբերում է այս գործին, դա անձամբ իմ համար, իրավապաշտպանների կազմակերպության իմ գործընկերների համար սկզբունքային հարց էր: Մենք առաջին օրը այցելել ենք պարոն Առստամյանին, Ռոման Երիցյանի հետ էլ կապ մեջ ենք եղել: Եթե կարիք լիներ, մենք կներգրավվեինք: Բայց որեւէ կարիք չկար: Բոլորս տեսանք, որ բարձր պրոֆեսիոնալիզմով Ռոման Երիցյանը իր փաստարկները ներկայացրեց թե դատարանին, թե հանրությանը:
Կարդացեք նաև
Ես որպես այնտեղ նստած քաղաքացի, ուզում եմ հատուկ ուշադրություն դարձնել մեղադրանքի վկայի ցուցմունքներին: Այդ ցուցմունքների պայմաններում ես ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է այս քրեական հետապնդումը շարունակել: Ես անկեղծ հույս ունեի, որ մեղադրանքից ուղղակի կհրաժարվեն: Գոնե մի դեպքով դատախազությունը մեղադրանքից հրաժարվեր, որ տեսնեինք, որ այդ գործիքը նույնպես աշխատող է, որովհետեւ դատարանում էր տրվել, այլ ոչ թե նախաքննության ընթացքում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ