Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնձորի գործով» արցախցի Ալբերտ Առստամյանի պաշտպան. «Գտնում եմ, որ ապացուցված չէ իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը եւ նա պետք է արդարացվի»

Մարտ 14,2025 23:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ կայացավ արցախցի, 71-ամյա Ալբերտ Առստամյանի գործով (խնձորի գործ) դատական նիստը, որի ժամանակ մեղադրանքի եւ պաշտպանության կողմերը հանդես եկան եզրափակիչ ելույթներով: Մեղադրող դատախազը միջնորդեց Ալբերտ Առստամյանին մեղավոր ճանաչել քր. օր. 297-րդ հոդվածի 1-ին մասով եւ կայացնել վերդիկտ:

Ալբերտ Առստամյանի պաշտպան Ռոման Երիցյանը ընդգծեց, որ իր պաշտպանյալին մեղսագրված արարքում խուլիգանության օբյեկտիվ կողմի հատկանիշներն անգամ բացակայում են: Սկսելով վկա Գրիգոր Մանուկյանից, որը Նիկոլ Փաշինյանի թիկնապահներից է, պաշտպանը նշեց, որ նա ոչ թե մեղադրանքը հաստատող, այլ հերքող բովանդակությամբ ցուցմունքներ եւ պարզաբանումներ է տվել՝ իր հարցերին պատասխանելով, որ խնձորը նետելու ժամանակ բացի կոնկրետ թիկնապահներից որեւէ մեկը կամ հասարակության որեւէ անդամ ներկա չի եղել, որ այդ գործողությունը որեւէ մեկի անդորրը չի խախտել, որ իր պաշտպանյալի այդ գործողության կատարումը իրենց ծառայողական պարտականությունները կատարելը չի խաթարել:

Հակադարձելով մեղադրող դատախազի հայտարարությանը, թե Ալբերտ Առստամյանը նշել է, թե իր համար միեւնույն է եղել, թե իր նետած խնձորը ում կդիպչի, Ռոման Երիցյանը ասաց, որ իր պաշտպանյալը կոնկրետ դատարանում այդպիսի ցուցմունք չի տվել, այլ ասել է, որ ինքը որեւէ մեկին վնաս պատճառելու նպատակ չի ունեցել: «Ես ընդամենը արտահայտել եմ իմ քաղաքական դժգոհությունը, որի հիմքը կայանում է նրանում, որ մորս ծննդյան տարելիցին ես զրկված էի նրա գերեզման այցելելու հնարավորությունից: Այդ ամեն ինչի մեջ ես մեղադրում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին: Հեռուստացույցով տեսնելով, որ նա խաշլամա է ուտում, զայրույթ եմ ապրել, դուրս եմ եկել պատշգամբ՝ ծխելու: Եվ նկատելով վերջինիս, որպես քաղաքական դժգոհություն, նետել եմ խնձորը, որպեսզի վերջինը իրեն մի քիչ մեղավոր զգա Արցախի հանձնման գործում»,- Ալբերտ Առստամյանի այս ցուցմունքը մեջբերեց փաստաբանը:

Անդրադառնալով մեղադրյալին մեղսագրված արարքի նկարագրությանը, ըստ որի Ալբերտ Առստամյանը հասարակության նկատմամբ անհարգալի, իրավական եւ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ շքամուտքի պատշգամբից խնձոր է նետել՝ այդ կերպ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ խախտել մարդկանց անդորրը, պաշտպանն ասաց. «Այդ ո՞ւմ անդորրն է խախտել, եթե անգամ մեղադրանքի կողմից ներկայացված վկան, մասնավորապես, Գրիգոր Մանուկյանը, նշում է, որ որեւէ մեկը այդ տեսարանին ներկա չի եղել»,-ասաց պաշտպանը:

Նա նաեւ ընդգծեց, որ հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական եւ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու արարքի փաստական նկարագրի հիմքում դրված հանգամանքները իր համար եւս անհայտ են: Վկայակոչեմ քր. օրենսգրքով ամենահիմնարար սկզբունքներից մեկը՝ օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը, խտրականության արգելքը: Այս կապակցությամբ հարց է առաջանում, թե արդյո՞ք իրավաչափ է իր պաշտպանյալին հասցեագրված մեղադրանքը, եթե խուլիգանությունը կարող է արտահայտվել, ինչպես քիչ առաջ նշեց մեղադրողը, նաեւ ժեստերով:

Ռոման Երիցյանը դատարանին ցուցադրեց հանրությանը հայտնի դեպքերից լուսանկարներ, մասնավորապես, խորհրդարանի խոսնակի մոր կողմից հասարակության անորոշ շրջանակի նկատմամբ բացահայտ արհամարհական եւ վիրավորական ժեստի ցուցադրումը, որում դատախազությունը խուլիգանության հանցակազմ չի տեսել:

Երկրորդ լուսանկարում անձամբ խորհրդարանի խոսնակն էր, որը թքել էր հասարակության անդամի վրա:

Երրորդում Բելառուսի դեսպանատան դարպասների ուղղությամբ քաղաքացիների, նաեւ պաշտոնատար անձանց կողմից լոլիկ, ձու եւ կարտոֆիլ նետելու դրվագն էր:

Եվ չորրորդ լուսանկարում Հայաստանի ղեկավարն էր, որտեղ նա մուրճով բացահայտ հիշեցնում է, որ ՏԻՄ մարմինների որոշ ներկայացուցիչների արմատախիլ է անելու:

Նա արձանագրեց, որ դատախազությունը այս բոլոր դրվագներով վարույթ չի նախաձեռնել, իսկ իր պաշտպանյալի նկատմամբ ցուցաբերվել է բացահայտ խտրական վերաբերմունք:

Այս ամենի համատեքստում գտնում եմ, որ ապացուցված չէ իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը եւ նա պետք է արդարացվի»,-եզրափակիչ խոսքն ավարտեց փաստաբան Ռոման Երիցյանը:

Նախագահող դատավոր Արման Հովհաննիսյանը հայտարարեց, որ վերդիկտ կայացնելու համար դատական նիստը նշանակվում է ապրիլի 11-ին, ժամը 16:00-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31