Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում վաղ են համարում քննարկելը, թե որտեղ է ստորագրվելու խաղաղության պայմանագիրը. «Ազատություն»

Մարտ 14,2025 22:22

«Ազատություն». Բաքուն ողջույններ է ստանում աշխարհից Հայաստանի հետ խաղաղության բանակցության ավարտի վերաբերյալ, հընթացս սթափեցնում՝ «դեռ վաղ է քննարկել, թե որտեղ ենք ստորագրելու սպասված պայմանագիրը»։

«Սպասում ենք, որ հայկական կողմը մեր ինքնիշխան տարածքների նկատմամբ հավակնությունները հանի Սահմանադրությունից ու լուծարի Մինսկի խումբը», – այսօր հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը։ Էլնուր Մամեդովը շեշտել է՝ կոնֆլիկտը կարգավորված է, Մինսկի խումբն անելիք չունի, նկատել, թե Հայաստանում ռևանշիստական ուժեր կան։ Բաքվի պաշտոնյան եվրոպական դիտորդների ներկայությունը սահմանին լուրջ սպառնալիք է համարում Հարավային Կովկասի համար։

«Եթե մենք խոսում ենք տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու մասին, կարևոր է բացառել այս գործոնները։ Հարաբերությունների կարգավորման համաձայնագրում երկու կետեր էին մնացել, մեկը երրորդ ուժերի բացառումն էր սահմանին՝ սրան Հայաստանը համաձայնեց», – նշել է Մամեդովը։

Երեկ Բաքուն «Գյուլիստան» պալատում ընդունում էր Գլոբալ ֆորումի հյուրերին, թեման՝ ինչպես մարտահրավերները դարձնել հնարավորություններ։ Նույն ժամերին Բաքվից հնչեց առաջին հայտարարությունը հայ- ադրբեջանական բանակցային գործընթացի ավարտի մասին, որ համաձայնեցված են բոլոր կետերը, և նույն ժամերին էլ Ադրբեջանի նախագահը ոչ թե նոր համաձայնությունից էր խոսում, այլ այն մասին, թե դեռ էլ ինչ պիտի անի Հայաստանը։

«Հայաստանի նկատմամբ վստահությունը մոտ է զրոյին։ Այդ պատճառով մենք չենք վստահում նրանց ոչ մի խոսքին։ Այն մարդիկ չեն, որոնց մենք կվստահենք՝ ներառյալ այսօրվա իշխանությունը։ Այն ամենը, ինչ ասում են, մեզ համար նշանակություն չունի։ Մեզ պետք են փաստաթղթեր, թղթեր։ Մեզ պետք է, որ նրանց Սահմանադրությունում որևէ տարածքային հավակնություն չմնա։ Դրանք այնտեղ կան», – հայտարարում էր Իլհամ Ալիևը։

Ալիևը հյուրերի առջև հանդես է եկել որպես խաղաղության առաջամարտիկ, դժգոհել, որ Եվրոպան չգիտես ինչու խաղաղության աղավնի Հայաստանին է համարում։

«Մենք պետք է ապագային նայենք։ Մեզ խաղաղություն է պետք Հարավային Կովկասում, և հենց դրա համար Ադրբեջանը դարձավ խաղաղության գործընթացի նախաձեռնողը։ Ըստ էության, Ադրբեջանը նույնիսկ խաղաղության պայմանագրի հեղինակն է», – ասել է նա։

Ադրբեջանի նախագահը պնդել է, թե հայերը պատերազմի են պատրաստվում, ռազմական կարողություններն ավելացնում են։ «Ֆրանսիացիների տված մահաբեր զենքը մեզ է ուղղված», – հայտարարել է Ալիևը և նաև եվրադիտորդներին հասել, նրանք, ըստ այս նախագահի, լրտեսներ են․ – «Գիշեր-ցերեկ նրանք մեր սահմաններին են, լրտեսների պես ծիկրակում են՝ հարմար սողանցք գտնեն մեր կողմ թափանցեն։ Մեր ձեռքի տակ բավարար տվյալներ կան այդ այսպես կոչված դիտորդական առաքելության մասին»։

Ադրբեջանի քաղաքագետներից Ռաուֆ Միրքադիրովն «Ազատության» ադրբեջանական ծառայությանն ասել է՝ եթե նույնիսկ կողմերը համաձայնեն ստորագրել խաղաղության պայմանագիրը, մոտ ապագայում դա դժվար թե իրագործվի։

«Լիարժեք խաղաղության համար անհրաժեշտ է անվերապահ ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հավանականությունը զրոյական է, որ առաջիկա մեկ-երկու ամիսներին Հայաստանը սահմանադրական փոփոխություններ կանի։ Եթե փաստաթուղթը տարածքային ամբողջականության երաշխիք չէ, դա ուրեմն իսկական խաղաղության համաձայնություն չէ, ինչ էլ անունը դնենք», – ընդգծել է Միրքադիրովը։

Բաքվի տեղեկատվական հարթակներում ակտիվ տարածվում է թեզը, թե հայկական կողմն է շտապում ստորագրել պայմանագիրը, որպեսզի մինչև ընտրությունները խաղաղության գործընթացում ձեռքբերում ցույց տա։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31