Լրահոս
Օրվա լրահոսը

99 հոգանոց ցուցակ ՔՊ-ից՝ մեծ թվով բուժհաստատությունների ու դպրոցների տնօրեններով

Մարտ 14,2025 21:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրու ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է 99 հոգանոց ցուցակով, որի կազմում մարզպետարանի ու քաղաքապետարանի պաշտոնյաներ են՝ վարչության, բաժնի պետերից սկսած մինչև գործավարներ, բավական մեծ թվով անհատ ձեռներեցներ ու «փրայմերիզին» մասնակցած անձինք։

Ցուցակը գլխավորում է Գյումրու քաղաքապետի ժ/պ Սարիկ Մինասյանը, եզրափակում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։

Սարիկ Մինասյանից՝ «Մեր Սարիկից» հետո ցուցակի 2րդ տեղը զբաղեցնում է վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը՝ Վահագն Մկրտչյանը։ 3-րդ, 4-րդ և 5-րդ տեղերում «փրայմերիզին» մասնակցած անձինք են՝ Էմմա Բարսեղյանը՝ Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի և մշակման ու իրականացման բաժնի ավագ մասնագետ, Լևոն Անանյանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության բաժնի պետ, Շավարշ Արամյանը՝ ՀՀ ՆԳՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ։

Ցուցակում ընդգրկված են ՔՊ-ի գրեթե բոլոր անդամները, կարկառուն դեմքերը։ Ընդգրկված են նաև շիրակցի պատգամավորները, նույնիսկ պատգամավորներից մեկի Էմմա Պալյանի ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը՝ Գյումրու անտառտնտեսության անտառապետը։

Ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, որոնց ցուցակում ընտանիքի անդամներն են որդիները, դուստրերը կամ բարեկամ-ազգականները, ՔՊ-ի ցուցակում ընդգրկված են մեծ թվով բուժահաստատությունների ու դպրոցների տնօրեններ։

Օրինակ՝ ցուցակի 12-րդ տեղում Գյումրու «Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրեն Աստղիկ Բեյբությանն է, 14-րդ համարում «Հանրապետական շտապօգնության ծառայության» ՓԲԸ հյուսիսային տարածաշրջանի ղեկավար Կարեն Թորոսյանն է, 19-րդ տեղում Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկայի տնօրեն Դավիթ Դավոյանն է։ Գյումրի բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը ևս ցուցակում է՝ 27-րդ տեղում, Գյումրու «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Մանուկյանը ևս ընդգկրված է։ Ցուցակում է նաև «Ազատանի բուժ ամբուլատորիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Իննա Դանիելյանը։ Գյումրի բժշկական կենտրոնի պատանատոմիական բաժանմունքի վարիչ Անդրիասյան Արկադին ևս ցուցակում է՝ 51-րդ տեղում։

Կան նաև բավական մեծ թվով դպրոցների տնօրեններ, օրինակ՝ 36-րդ տեղում «Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Արմեն Վարդանյանն է, 37-րդ տեղում Հայկավանի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգող Անահիտ Շահնազարյանն է։ Ցուցակում է նաև «Պեմզաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Արմեն Հովհաննիսյանը, Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրեն Արտակ Մարտիրոսյանը, Գյումրու թիվ 30 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի տնօրեն Էդվարդ Գրիգորյանը, Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոցի տնօրենի ժ/պ Լիանա Հարությունյանը, Գյումրիում գրանցված Ղարիբջանյանի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Հակոբյանը։

Նշենք, որ բոլոր տնօրեններն առանց բացառության կուսակցականներ են, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Սա այն դեպքն է, երբ ավելորդ ջանքեր պետք չեն ձայներ բերելու համար դիմել վարչական ռեսուրսների օգնությանը․ վարչական ռեսուրսներ կրող անձանց իրար գլխի են հավաքել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31