Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում առկա անհամամասնությունը բխում է ոչ թե մշակութային նախապատվություններից, այլ համակարգային խոչընդոտներից». Նարեկ Մկրտչյանը նշել է ծնելիության խթանմանը նպաստող մեխանիզմների կարևորությունը

Մարտ 14,2025 18:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել «Ժողովրդագրական փոփոխություն և գենդերային հավասարություն» թեմայով հարակից քննարկումը․ այն կազմակերպվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, Հայաստանի, Էկվադորի, Կոտ դ’Իվուարի, Մեքսիկայի կառավարությունների և ԵՄ համատեղ ջանքերով։

Միջոցառման հիմնական բանախոսը եղել է քաղաքական ժողովրդագրության աշխարհահռչակ մասնագետ Ջենիֆեր Սքյուբբան, որը ներկայացրել է անվտանգության, տնտեսության և գլոբալ գործընթացների վրա բնակչության փոփոխությունների ունեցած ազդեցությունները։

Քննարկմանը ելույթով հանդես է եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Անդրադառնալով ժողովրդագրության ոլորտում սահմանված առաջնահերթություններին՝ նախարարը խոսել է ծնելիության մակարդակի նվազեցման, ծերացման ցուցանիշի աճի և մի շարք այլ մարտահրավերների կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին։ Այս համատեքստում նա ընդգծել է 2024-2040 թթ․ Ժողովրդագրության ռազմավարության մշակման կարևորությունը, որով սահմանված միջոցառումներն ուղղված են ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծմանը, մահվան ռիսկի գործոնների նվազեցմանը, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովմանը, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի ձևավորմանը։

«Ժողովրդագրական խնդիրների լուծումը պահանջում է երկարաժամկետ, իրավունքների վրա հիմնված և կառուցվածքային անհավասարությունների լուծմանն ուղղված մոտեցումներ: Արդյունքում՝ մեր նպատակն է ունենալ հասարակություն, որտեղ, օրինակ՝ երեխաներ ունենալու որոշումը ընտանիքները կկայացնեն ազատորեն՝ առանց տնտեսական հարկադրանքի կամ գենդերային խտրականության»,- նշել է նախարարը։

Շեշտելով ծնելիության խթանմանը նպաստող մեխանիզմների կարևորությունը՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ այս ուղղությամբ ՀՀ-ում առկա անհամամասնությունը բխում է ոչ թե մշակութային նախապատվություններից, այլ համակարգային խոչընդոտներից, որոնք են՝ աշխատավայրում խտրականությունը, վերարտադրողական առողջության սահմանափակ հասանելիությունը, միգրացիան և այլն:

Նախարարի խոսքով՝ Ժողովրդագրության ռազմավարությունը վերոնշյալ խնդիրներին արձագանքում է երեխայի նպատակային պլանավորմանն աջակցող խթանների ներդնման, մայրերի առողջության պահպանման բարելավված ծառայությունների ստեղծման, հղիության ու հետծննդաբերական շրջանում կրթական և աշխատանքային ճկուն հնարավորությունների ստեղծման միջոցով։

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31