Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ այսօր միավորում է ֆրանսիացի և հայ պարադոքսալ հերոսի կերպարը, որը երբևէ չի ունեցել ո՛չ Ֆրանսիայի քաղաքացիություն, ո՛չ Հայաստանի». մեկնարկել է Մանուշյանական շաբաթը

Մարտ 14,2025 17:58

Մարտի 14-18-ը Երևանում և Արտաշատում կանցկացվի Մանուշյանական շաբաթ՝ նվիրված Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին:

Նախագծի մեկնարկն ազդարարվել է մամուլի ասուլիսով, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, «Մանուշյանական շաբաթ» նախագծի հեղինակ և կազմակերպիչ Սաթէ Խաչատրյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը:

Միջոցառմանը ներկա են եղել Միսաք Մանուշյանի պանթեոնիզացման կոմիտեի նախագահ Ժան-Պյեռ Սակունը, վավերագրող, Մելինե Մանուշյանի զարմուհի Կատյա Գիրագոսյանը, Միսաք Մանուշյանի զարմուհիներ Լուիզա և Հասմիկ Մանուշյանները:

Դանիել Դանիելյանն ընթերցել է հատվածներ Միսաք Մանուշյանի նամակներից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ողջունելով ներկաներին, հիշեցրել է՝ նախարարությունն այս տարին հռչակել է մշակութային կրթության տարի, որի շրջանակում Մանուշյանական շաբաթ անցկացնելու հնարավորությունը բացառիկ է:

«Սա հիանալի առիթ է անդրադառնալու Միսաք Մանուշյանի կյանքին, թողած ժառանգությանը, հերոսական կերպարին։ Այս ընթացքում երիտասարդները, հաղորդակից դառնալով նրա գաղափարներին, կարող են նաև ճանաչել Մանուշյանին՝ որպես բանաստեղծ, քաղաքացի, սիրող ամուսին: Խորհրդանշական է, որ նախագիծը մեկնարկում է հենց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում. մեկ այլ մեծանուն հայ, որն իր գաղափարներով և հայրենասիրական մոտեցումներով մեծ ժառանգություն է թողել»,- նշել է նախարարի տեղակալը։

Դանիել Դանիելյանը նաև հատվածներ է ընթերցել Միսաք Մանուշյանի՝ կնոջը՝ Մելինեին ուղղված վերջին նամակից, որը նա գրել է Ֆրանսիայի բանտից՝գնդակահարումից ժամեր առաջ։

«Նամակն ասես բացահայտում է Մանուշյանի էությունը։ Այն կարող է հրաժեշտի նամակ դիտարկվել, բայց ավելի շատ ուղերձ է սերունդներին։ Նա գրել է. «Իմ սիրելի՛ Մելինե, որբուկ, մի քանի ժամից  կլքեմ այս աշխարհը։ Մեզ գնդակահարելու են այսօր՝ ցերեկը ժամը 15։00-ին»։

«Ես ներում եմ նրանց» հատված նամակից

Նամակներից մեկում, ըստ փոխնախարարի, Մանուշյանն արտահայտել է մտքեր, որոնք կարող են գաղափարախոսություն դառնալ. «Երջանկություն նրանց, ովքեր կվերապրեն մեզ ու կհամտեսեն վաղվա ազատության և խաղաղության քաղցրությունը։ Մահվանս շեմին ես հայտարարում եմ, որ բացարձակ ատելություն չեմ զգում ո՛չ գերմանացի ժողովրդի, ո՛չ որևէ մեկի հանդեպ։ Յուրաքանչյուրը կստանա այն, ինչին կարժանանա որպես պատիվ և որպես պարգև։ Գերմանացի և մյուս բոլոր ժողովուրդները կապրեն խաղաղության և եղբայրության մեջ պատերազմից հետո, որը երկար չի տևի։ Ես ներում եմ նրանց»։ «Մանուշյանը նաև Մելինեին խնդրել է իր հուշերը տանել Հայաստան»,- նշել է Դանիել Դանիելյանը:

Մանուշյանական շաբաթը հագեցած կլինի

ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է՝ «Մանուշյանական շաբաթ» նախագծի միջոցառումների շարքն ընդգրկում է թատերական ներկայացումներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ: Այսօր երեկոյան էլ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կկայանա Շոշանա Բուխոբզայի «Մանուշյան …» ներկայացման առաջնախաղը, բեմադրիչ՝ Սաթէ Խաչատրյան: Դանիել Դանիելյանն ընդգծել է «Սաթէ-Աթղը» ֆրանսիական թատերական միության հետ արդեն իսկ առկա է արդյունավետ համագործակցության փորձ, որի շրջանակում անցյալ տարի բեմադրվել էր «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին:

Դանիել Դանիելյանը խորհրդանշական է համարել նաև «Մանուշյան..» ներկայացման բեմադրումը հենց Արտաշատի դրամատիկական թատրոնում, որն իրավամբ համարվում է հայ թատրոնի օրրանը: Դանիել Դանիելյանը տեղեկացրել է՝ «Մանուշյան…» ներկայացմամբ այսօր կտրվի նաև Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը:

Հայֆրանսիական համատեղ նախագիծ

Բեմադրիչ Սաթէ Խաչատրյանի տեղեկացմամբ՝ ներկայացումն արդեն իսկ դարձել է խաղացանկային մարզային թատրոնի համար:

«Արտաշատի պետական թատրոնի հետ մեր համագործակցությունը երկարաժամկետ է: Հուսով ենք՝ թե՛ մայրաքաղաքային, թե՛ մարզային դպրոցների ավագ դասարանների աշակերտները ևս հնարավորություն կունենան դիտելու այս ներկայացումը, քանի որ այն նաև լեցուն է մանկավարժական ուղերձներով՝ հրաշալիորեն ներկայացնելով Մանուշյանի կյանքը: Սա հայ-ֆրանսիական համատեղ նախագիծ է: Ստեղծագործական կազմում, բացի Արտաշատի թատրոնի անձնակազմից, ընդգրկված են նաև ֆրանսիացի արտիստներ»,- ասել է Սաթէ Խաչատրյանը:

Նա կարևորել է, որ Մանուշյանը ներկայացվի տարբեր տեսանկյուններից՝ գիտական, պատմական, մշակութային և կրթական:

Ժամանակավոր ցուցադրություն ԳԱԹում՝ «Միսաք Մանուշյան ականատեսի աչքերով» 

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանի գնահատմամբ՝ միջոցառումների այս շարքը տրամաբանական շարունակությունն է այն հրաշալի իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել Ֆրանսիայում, և որոնց առանցքում Փարիզի պանթեոնում Միսաք Մանուշյանի հիշատակի ոգեկոչման արարողությունն էր:

ԳԱԹ-ը «Մանուշյանական շաբաթ» նախագծի շրջանակում ներկայացնում է ժամանակավոր ցուցադրություն՝ «Միսաք Մանուշյան․ ականատեսի աչքերով» խորագրով։ Կցուցադրվեն նյութեր Մելինե Մանուշյանի զարմուհու՝ Կատյա Գիրագոսյանի անձնական արխիվից,  ինչպես նաև Ֆրանսիայից բերված բացառիկ վավերագրեր: «Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով» ցուցադրության մեջ ընդգրկված է Մանուշյանի մեկ այլ նամակ, որը նա գրել է մահից ժամեր առաջ և ուղարկել Մելինեի քրոջը՝ խնդրելով նրան Մելինեի համար ամուսին գտնել։ Բացառիկ նամակը, որը Կատյա Գիրակոսյանի անձնական հավաքածուից է, առաջին անգամ է ներկայացվում հանրությանը:

«Մեկ շաբաթ մեր հանրապետությունը, մեր մայրաքաղաքը ողողված կլինեն մանուշյանական շնչով, և մենք նոր հնարավորություն կունենանք բացահայտելու Մանուշյան պայքարողին, Մանուշյան հային և հերոսին՝ այս ուժեղ կերպարին՝ զուգորդելով նրա նուրբ ու քնարական կերպարը՝ Մանուշյան բանաստեղծին»,- ասել է Սյուզաննա Խոջամիրյանը:

Ֆրանսիացի և հայ պարադոքսալ հերոսի կերպար

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյի համոզմամբ՝ այս մեկ շաբաթվա ընթացքում հնարավորություն կա բացահայտելու Մանուշյանի բազմաշերտ կերպարը՝ դոկումենտալ ֆիլմերի, ստեղծագործական, թատերական ներկայացումների, պատմական փաստերի վերհանման միջոցով:

«Մեզ այսօր միավորում է ֆրանսիացի և հայ պարադոքսալ հերոսի կերպարը, որը երբևէ չի ունեցել ո՛չ Ֆրանսիայի քաղաքացիություն, ո՛չ Հայաստանի: Այդպիսով նա պատկանում է համայն մարդկությանը: Արագոնի ձևակերպմամբ՝ նախընտրությամբ ֆրանսիացի լինելով՝ նա տվել է իր կյանքը Ֆրանսիայի ազատագրման համար: Միաժամանակ հոգով և սրտով հայ լինելով՝ նա միշտ վառ է պահել հայկական կրակը: Հայ կոմունիստ, դիմադրության շարժման մարտիկ և պոետ. այս մեկ շաբաթվա ընթացքում կբացահայտենք Մանուշյանի բազմաշերտ կերպարը տարբեր կողմերից»,- ասել է դեսպանը՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին Մանուշյանի հիշատակը պատվելու, հայ և ֆրանսիացի գործընկերներին՝ մանուշյանական շաբաթն իրականություն դարձնելու, Ժան Պիեռ Սակունին՝ Փարիզի պանթեոնում Մանուշյանի և նրա կնոջ աճյունները վերամփոփելու ջանքերի համար:

«Մանուշյանի հոգին անմահ է բոլորիդ ներկայությամբ»,- խոսքն ամփոփել է դեսպանը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանն էլ տեղեկացրել է, որ Երևանում կտեղադրվի Միսաք Մանուշյանի արձանը: Երևանի քաղաքապետարանի՝ կիսանդրու համար հայտարարված մրցույթում հաղթել է երիտասարդ քանդակագործ Սարգիս Բաբայանի հեղինակած ստեղծագործությունը: Գոշ Սարգսյանի խոսքով՝ արձանը մինչև տարեվերջ կտեղադրվի Միսաք Մանուշյանի անվան պուրակում:

Միջոցառման ընթացքում նաև տեղի են ունեցել Մելինե Մանուշյանի «Միսաք Մանուշյան․ ականատեսի աչքերով» գրքի հայերեն թարգմանության և «Մանուշյան» պիեսի շնորհանդեսներ:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31