Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարզվել է, որ 2005-2025թթ. ընթացքում Հայաստանում Ադրբեջանի քաղաքացիների կողմից անշարժ գույք ձեռք չի բերվել». Կադաստրի կոմիտեն հերքում է իր տրամադրած տեղեկությունները

Մարտ 14,2025 17:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կադաստրի կոմիտեն հերքում է իր իսկ կողմից քաղաքացիներին ու լրատվամիջոցներին տրամադրած տեղեկատվությունն այն մասին, որ 2005-2024թթ. Ադրբեջանի քաղաքացիների կողմից Հայաստանում անշարժ գույք է ձեռք բերվել:

Նշենք, որ Կադաստրի կոմիտեն մասնավորապես 2022 և 2023թթ. ի պատասխան քաղաքացիների և տարբեր լրատվամիջոցների հարցումների՝ տրամադրել էր տեղեկատվություն Ադրբեջանի քաղաքացիների կողմից Հայաստանում տարբեր տարիներին ձեռքբերված անշարժ գույքի տեսակների ու քանակի մասին:

Կոմիտեից նշել էին, որ 2021թ. և 2022թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում Ադրբեջանի քաղաքացիների կողմից ձեռք են բերվել Երևանում 1 բնակարան՝ բազմաբնակարան շենքում, և 1 անհատական բնակելի տուն՝ Լոռիում, 2019թ.` 1 բնակարան և 1 հասարակական տարածք Երևանում, 2018թ.` 1 բնակարան Երևանում, իսկ 2012թ.՝ 2 բնակարան Երևանում և 1 բնակելի տուն Կոտայքում:

Այսինքն`ըստ Կադաստրի կոմիտեի նախորդ տարիների պատասխանների` 2012-2023թթ ընթացքում Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանում ձեռք էին բերել 8 անշարժ գույք:

Ներկայումս Կադաստրի կոմիտեն պարզել է, որ իր կողմից քաղաքացիներին և լրատվամիջոցներին տրամադրած այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և նույնաբովանդակ հարցումների դեպքում հերքում է Ադրբեջանի քաղաքացիների կողմից Հայաստանում գույքի ձեռքբերումը:

«Կադաստրի կոմիտեի կողմից Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգի շտեմարանում հընթացս իրականցվում են անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող սուբյեկտների նույնականացման աշխատանքներ, որի արդյունքում պարզվել է, որ 2005-2024 թվականների ընթացքում Հանրապետությունում Ադրբեջանի քաղաքացիների կողմից անշարժ գույք ձեռք չի բերվել»,-նշել են Կադաստրի կոմիտեից՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կպարզաբանեն տարբեր տարեթվերին տրամադրած իրար հակասող տեղեկությունները:

Կոմիտեից միաժամանակ հայտնել են, որ մինչ 2005 թվականը Կադաստրի կոմիտեի կողմից օտարերկրյա քաղաքացիների տվյալների առանձնացված հավաքագրում (հաշվառում) չի իրականացվել:

 Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31