Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի աշխատանքները համակարգող, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը
Փաշինյանը կարող է ստանալ ստորագրություն, բայց ոչ երբեք պատմության ներողամտությունը:
Ժամանակակից հայկական դիվանագիտության ողբերգականորեն զավեշտալի հատակին հասնելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին ի ցույց է դրել իր քաղաքական անկարողության, ռազմավարական կարճատեսության և անձնատուր լինելու զարմանալի պատրաստակամության ամբողջ հմայքը՝ հանուն սեփական աթոռի պահպանման միակ նպատակի: Ադրբեջանի հետ այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունների ավարտը դիվանագիտական հաջողություն համարելը, ինչն անում է նա, իրականության հետ աղերս չունի: Իրականում դա ամենաբացահայտ խոստովանությունն է, որ նա բանակցային սեղանի վրա ամբողջովին զոհաբերել է հայկական ազգային շահը:
Եկեք սկսենք այս խայտառակության հիմքում ընկած ակնհայտ, աններելի բացթողումներից: Ըստ առկա տեղեկատվության՝ համաձայնագրում նշում չկա Ադրբեջանի՝ Հայաստանի բռնազավթած ինքնիշխան տարածքներն ազատելու մասին: Այն ոչինչ չի ասում նաև Բաքվում անօրինական պահվող հայ գերիների ազատման մասին, ոչ էլ ընդունում է Արցախի բռնի տեղահանված հայ բնակչության վերադարձի իրավունքը: Սրանք սոսկ բացթողումներ չեն. դրանք միտումնավոր բացառումներ են, որոնք անտեսում են հիմնարար ազգային մտահոգությունները: Փաշինյանը նույնիսկ փորձ չի անում արդարացնելու այս ցավալի լռությունը: Հակամարտության բուն էությունը մի կողմ է դրվում կարծես թե այն անկարևոր մի բան էր: Միայն դա բավարար է համաձայնագիրը որակելու որպես ազգային խայտառակություն և դավաճանություն, իսկ Փաշինյանի ղեկավարության ներքո Հայաստանից կորզված զիջումների կուտակային օրինաչափությունը դրա վրա դնում է նրա դրոշմակնիքը:
Կարդացեք նաև
Ըստ Փաշինյանի հայտարարությունների՝ Հայաստանը կատարել է երկու վերջնական զիջում, որոնք այժմ, նրա խոսքով, համաձայնագիրը դարձնում են «պատրաստ ստորագրման»: Բայց պատրաստ ո՞ւմ համար: Պատրաստ, թերևս, Ադրբեջանի համար, որն արդեն իսկ հասել է տարածքային և քաղաքական շոշափելի ձեռքբերումների ռազմական ագրեսիայի և դիվանագիտական ճնշման միջոցով: Այս գործարքը ոչ թե խաղաղություն ձեռք բերելու, այլ Հայաստանի հպատակեցման «օրինականացման» մասին է: Այն խրախուսում է ուժի կիրառումը, օրինականացնում պատերազմի ավարը և Հայաստանի ինքնիշխանությունը ադրբեջանական պահանջների ցուցակի մեջ դիտարկում է որպես բանակցելի կետ:
Բայցևայնպես, անգամ ինքնանվաստացման այս գործողությունը վերջնական լուծում չի բերում: Այժմ ուրվագծվում է երկու հնարավոր սցենար՝ մեկը մյուսից ավելի մռայլ:
Առաջինի դեպքում, Ադրբեջանը, կորզելով Հայաստանի գրավոր զիջումները, կարող է ընդհանրապես չստորագրել փաստաթուղթը: Փոխարենը, այն կարող է ընտրել սպասելու տարբերակը՝ վստահ լինելով, որ Հայաստանը միակողմանիորեն կիրականացնի համաձայնեցված միջոցառումները, ինչպիսիք են Սահմանադրության փոփոխությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը:
Երկրորդ սցենարով, Ադրբեջանը կարող է արարողակարգով ստորագրել փաստաթուղթը, բայց խուսափել խորհրդարանական վավերացումից՝ ճիշտ այնպես, ինչպես Թուրքիան արեց 2010-ին հայ-թուրքական արձանագրությունների դեպքում: Այս մարտավարությունը Բաքվին թույլ կտա շարունակել ճնշումներ գործադրել՝ Հայաստանից հետագա զիջումներ կորզելով «չկատարված պարտավորությունների» պատրվակով: Այդ ցավալի փորձառությունը պետք է դրոշմված լիներ հայկական դիվանագիտության հիշողության մեջ: Սակայն Փաշինյանի օրոք մենք ականատես ենք լինում այդ նվաստացման գրեթե ճշգրիտ վերարտադրմանը: Կրկին, Հայաստանը միակողմանիորեն հիմնարար զիջումներ է անում, իսկ նրա գործընկերն իրեն իրավունք է վերապահում հետաձգել դրանց իրականացումը, պահանջել ավելին և, ի վերջո, մերժել ամեն ինչ, եթե հայկական կողմից որևէ դիմադրություն ի հայտ գա:
Անկախ նրանից, թե Ադրբեջանը որ ուղին է ընտրում, արդյունքը նույնն է՝ հայկական արժանապատվության, ինքնիշխանության և անվտանգության շարունակական քայքայում: Ամենահուզիչ տարրերից մեկը օտար ճնշման ներքո սահմանադրական փոփոխությունների հեռանկարն է՝ գործողություն, որը հավասարազոր է քաղաքական ինքնաոչնչացման: Դա ոչ այլ ինչ է, քան ազգային կանիբալիզմ: Այն գաղափարը, որ Հայաստանը կարող է վերաձևակերպել իր հիմնարար օրենքները՝ բավարարելու ագրեսոր պետության նախապայմանները, ժամանակակից պատմության մեջ հետկոնֆլիկտային ամենավատ զիջումների աղետների մռայլ արտացոլումն է:
Եթե այս համաձայնագիրը ստորագրվի, դա չի նշանակի խաղաղության նոր դարաշրջանի լուսաբաց: Ավելի շուտ, դա կազդարարի Լեռնային Ղարաբաղի երկար ու ողբերգական պատմության հայկական էջի պաշտոնական ավարտը: Սա երկխոսության և հաշտության միջոցով ձեռք բերված խաղաղություն չէ. սա հարկադրանքի, անհավասարակշռության և ռազմավարական վակուումի միջոցով պարտադրված խաղաղություն է: Այն չի ստորագրվի արժանապատվորեն, այլ հրաժարումով ու հուսաբեկությամբ:
Եվ թող պատրանք չլինի. Ադրբեջանը շատ լավ է հասկանում դա: Նրանք գիտեն, որ համաձայնագիր չեն ստորագրում հայ ազգի կամ Հայաստանի ժողովրդի հետ: Նրանք համաձայնագիր են ստորագրում Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական հավատարիմների նեղ շրջանակի հետ, որոնց գերակա մտահոգությունը ոչ թե ազգային ամբողջականությունն է, այլ անձնական գոյատևումը:
Այդքան շատ բանի զիջման դիմաց այդքան քիչ ստանալով՝ Փաշինյանը կարող է ստանալ ստորագրություն, բայց ոչ երբեք խաղաղություն, անվտանգություն, և, իհարկե, պատմության ներողամտությունը: