Մարտի 13-ին Գավառ քաղաքի Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում ՀՀ ՆԳ նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է ընտանեկան բռնության դեմ պայքարի իրազեկման միջոցառումներին նվիրված հանդիպում-քննարկում, որին մասնակցել են ՀՀ ՆԳ նախարարության Ոստիակության ստորաբաժանումների, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, մարզի համայնքապետարանների, հանրակրթական դպրոցների, համայնքային ոստիկանության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքների բնակիչներ։
Բանախոսությամբ հանդես է եկել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանը՝ հանդիպման մասնակիցներին ներկայացնելով ընտանեկան բռնության հետ կապված մի շարք թեմաներ։
«Ընտանիքում բռնության են ենթարկվում ոչ միայն կանայք, այլ նաև մյուս անդամները՝ տղամարդիկ կամ երեխաները։ Գեղարքունիքի մարզում մենք ունենք ընտանեկան բռնությունների հետ կապված դիմելիության համեմատաբար ցածր մակարդակ, որն ավելի շատ պայմանավորված է ոչ այնքան դեպքերի սակավության, որքան՝ դրանք թաքցնելու հանգամանքով։ Նման դեպքերը բացահայտելու և ընտանեկան բռնությունները կանխարգելելու նպատակով էլ պետք է համագործակված աշխատանք տանեն կառավարման բոլոր օղակները՝ ժամանակին արձագանքելով ընտանեկան բռնության ցանկացած դրսևորման»,-նշել է բանախոսը։
Հանդիպումը եզրափակվել է հարց ու պատասխանով։
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ