Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի զարգացման հիմնադրամն այսուհետ կգործի Հայաստանի ազգային պատկերասրահի տարածքում

Մարտ 14,2025 16:53

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է Հայաստանի ազգային պատկերասրահի 8-րդ հարկում տեղակայված Մշակույթի զարգացման հիմնադրամի տարածքում, ծանոթացել կառույցի աշխատանքային պայմաններին ու գործունեության ընթացքին:

Այցին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Շրջելով տարածքում՝ նախարարը հետաքրքրվել է աշխատակազմի գործունեությամբ, ընթացիկ խնդիրներով, նոր միջավայրում աշխատանքային տրամադրվածությամբ և այլ հարցերով:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Մշակույթի զարգացման հիմնադրամի գործարկման միջոցով փորձ է արվում բարձրացնել թանգարանների կառավարման արդյունավետությունը: Մասնավորապես՝ նախատեսվում է ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող թանգարանների վարչատնտեսական կառավարումը պատվիրակել հիմնադրամին։

«Մենք կարևորում ենք թանգարանների մարքեթինգային միասնական քաղաքականությունը, որը կնպաստի թանգարանների տեսանելիության բարձրացմանը և կխթանի այցելուների թվի աճին: Հիմնադրամն այժմ իրականացնում է որոշ թանգարանների բրենդավորման և մարքեթինգային ռազմավարությունների մշակում: Այս ուղղությամբ դեռ շատ աշխատանքներ կան անելու, բայց առաջիկայում արդեն իսկ կտեսնենք մարքեթինգային նոր քաղաքականության առաջին արդյունքները։ Նոր քաղաքականության առանձին ու կարևոր մաս է դիտվում թանգարաններում հուշանվերների վաճառքի ավելի համակարգված կազմակերպումը, քննարկվում են նաև մասնավորի հետ համագործակցության հնարավորությունները՝ հուշանվերների արտադրության և վաճառքի նորովի վերապլանավորվման առումով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ այդ նպատակով համապատասխան  իրավական կարգավորումներն արդեն ապահովված են:

Ըստ նրա՝ թանգարաններում վաճառվող հուշանվերները թողարկվում են այնտեղ պահվող մշակութային արժեքների հիմքով, հետևաբար դրանք նաև հանրահռչակում են թանգարանային հավաքածուները: Հուշանվերների վաճառքի առանձին հատված կգործի նաև  թանգարանների միասնական տոմսային էլեկտրոնային համակարգում:

Նախարարը Մշակութային զարգացման հիմնադրամի գործունեությունը կարևորել է նաև թանգարանների միջազգային համագործակցության խթանման տեսանկյունից՝ նշելով, որ այդ ուղղությամբ պլանավորվում են համատեղ ցուցադրություններ ու տարբեր ծրագրեր  հեղինակավոր թանգարանների հետ:

Հանդիպման շրջանակում քննարկվել են նաև հիմնադրամի զարգացման ընթացիկ և հեռահար ծրագրերը, նախանշվել դրանց ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31