Անհետ կորածների հարազատներն այսօր բողոքի ցույց էին անում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով Ադրբեջանի դեմ հայցերը հետ չկանչել միջազգային ատյաններից։ «Պատերազմ եք ուզո՞ւմ»,- նրանց դիմեց կառավարության ներկայացուցիչը։ «Պատերազմով մի վախեցրեք մեզ, պատերազմ են ուզում, պատերազմ կանենք, ոչ մեկի արյունը մեր երեխեքի արյունից լավը չէ»,- արձագանքեց ծնողներից մեկը։
Նրանք դիմեցին կառավարության ներկայացուցչին՝ պահանջելով․ «Ծնողների անունից ասեք, թող բոլոր գերիներին հետ բերեն։ Մենք չենք ուզում, որ հայցերը հետ կանչեն, իրենք պետք է պայման դնեն՝ այս հարցերը լուծենք, անհետ կորածների ճակատագիրը պարզենք, հետո նոր կստորագրենք։ Հիմա որ ստորագրում են, հայցերը հետ են կանչելու, էլ ո՞վ է զբաղվելու մեր հայցերով»,- ասաց ծնողներից մեկը։
Նա ասաց, որ միջնորդություններ ունի ներկայացրած ՄԻԵԴ․ «Ապացուցված է, որ իմ տղային գերի են տարել, բայց իր ճակատագիրը դեռ պարզ չէ։ Իրավաբաններին դիմել ենք, ասում են՝ ոչ մեկն իրավունք չունի ձեր հայցերը հետ կանչի»։
«ՄԻԵԴ-ից հետ մի կանչեք երեխեքի հայցերը, այդ երեխեքի հարցը մի փոշիացրեք։ Նիկոլ Փաշինյան, էս մարդկանց հետ պիտի հաշվի նստես, ուզես, թե չուզես»,- ասաց մեկ այլ ծնող։ Անհետ կորածների հարազատներն անգամ տեղեկացված չեն՝ հայցերի հետկանչումը վերաբերում է նաեւ անհատական հայցերին, թե՞ միայն միջպետական գանգատներին։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը լրագրողներին ասաց․ «Արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որ այդ պայմանագրի մեջ կա հոդված, որն իրենից ենթադրում է, որ երկու կողմերն էլ արդեն պետք է փաստաթղթերով համաձայնեցված կարգով կազմակերպեն անհետ կորածների որոնողական աշխատանքները»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ Տաթեւի ՍՈՂՈՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից