«Երեկվա զարգացումները կարելի է բնութագրել մեկ բառով՝ դա փաստացիորեն գույժ էր մեր հանրությանը, որ հերթական զիջումներն են իրականացվել եւ այդ հերթական զիջումները բավարարել են ադրբեջանական կողմի պահանջները ՝ առանց մեր ժողովրդի համար որեւէ երաշխիքների կամ անվտանգային ապահով մեխանիզմներ հաստատելու»,- «Հայելի» ակումբում ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը՝ անդրադառնալով խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը եւ դրա զարգացումներին:
«Դրան հաջորդած ոգեւորիչ ասուլիսի ժամանակ կառավարության ղեկին նստած անձը փորձում էր արդարացնել եւ արդեն հանրությանը որպես վստահելի երեւույթ ներկայացնել իրենց համաձայնության հիմքերը՝ դրանք փորձելով ներկայացնել որպես դրական զարգացում: Սակայն, մեր բոլորի համար ակնհայտ է, որ սա չի բավարարել եւ չի կարող բավարարել որեւէ անվտանգային խնդիր եւ հակառակը՝ Հայաստան պետության անվտանգությունն էլ ավելի է իջեցնում մակարդակի առումով, եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ հայ ժողովրդի ու ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ուղղակի չեզոքացնում է»,-հավելեց տիկին Աղաջանյանը:
Նա ասաց, որ մի քանի շերտով պետք է նայել համաձայնագրին. «Առաջինը՝ ի՞նչ է այս պայմանագիրը, ինչո՞ւ հիմա, ի՞նչ դրույթներ է ներառում, որքանո՞վ է վստահելի ադրբեջանական կողմի հայտարարությունը եւ դա հեռանկար ունի՞, թե՛ ոչ: Մյուս կողմից՝ ինչո՞ւ այս իշխանությունները հիմա այս գործընթացը սկսեցին:
Վերլուծաբանների մեծ մասը սա բնութագրում է որպես մեր պետության վերջնական կապիտուլյացիա: Ի դեպ, ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձել է դիվիդենտներ քաղել՝ հայտարարություն անելով եւ դրանով փորձելով նախահարձակ լինել, իսկ դրան հաջորդած՝ Ալիեւի օգնական Հաջիեւի արտահայտությունները ցույց են տալիս, որ ադրբեջանական պահանջների ցանկը որեւէ տեղ չի անհետացել, որովհետեւ նա շարունակում է պնդումներ ներկայացնել, որ ե՛ւ Սահմանադրության փոփոխությունը պետք է լինի, ինչը պայմանագիր կոչվածի դրույթների մեջ ներառված չէ, եւ որ իրենք դեռ որոշակի փոխհատուցումների խնդիր ունեն:
Կարդացեք նաև
Սա ապացուցում է, որ հայկական կողմը գնացել է զիջումների: Եվ դրա վկայությունն է նաեւ այն, որ օրեր առաջ նախքան այս հայտարարություն անելը տեղեկատվություն տարածվեց մամուլում, որ Քաղաքացիական պայմանագիրը հերթական նիստն է անցկացրել, որտեղ կառավարության ղեկին նստած անձը իր թիմակիցներին ասել է, որ ադրբեջանական կողմը ոչ մի կերպ զիջումների չի գնում, եթե հայկական կողմը չհամաձայնի, ապա պատերազմ կլինի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ