«Պարոն Միրզոյան, չե՞ք ամաչում, որ ասում եք՝ գուբերնիա։ Էս գուբերնիա բառը վերջացրեք»,- ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նախարարը տարբեր դրվագներով ՀՅԴ-ին մեղադրեց ՀՀ ինքնիշխանությունը ՌԴ-ի շահերի համար ի սպաս դնելու մեջ։
«Ալիեւի հայր Հեյդարը չէ՞ր բանակցում, բանակցում էր»,- հայտարարեց Գառնիկ Դանիելյանը՝ նկատի ունենալով, որ ժամանակին, երբ Հայաստանն էր հաղթած եւ բանակցում էր Ադրբեջանի հետ, ՀՀ առաջնորդները Ադրբեջանի ղեկավարներին չէին նվաստացնում․ «Իսկ ի՞նչ է եղել մեզ, սենց հապշտապ․․․ էս թուղթն էլ անենք, էն էլ՝ հանկարծ Ադրբեջանին չնեղացնենք։ Մենք հավաքական նվաստացման մեջ ենք»,- հայտարարեց Գառնիկ Դանիելյանը՝ նկատի ունենալով Ադրբեջանի նախագահի երեկ արած հայտարարությունը, որ ՀՀ-ի նկատմամբ զրոյական վստահություն ունեն:
Ընդդիմադիր պատգամավորին զարմացնում են ՀՀ իշխանությունների՝ ինքնիշխանության մասին հայտարարությունները, երբ հարեւան պետությունն անգամ «Նեմեսիսի» արձանն է պահանջում հանել։
«Պարոն Դանիելյան, ասում եք՝ մենք մտահոգ եք եւ այլն․ ես կարծում եմ, որ դուք մտահոգ եք եւ մտահոգություններից ելնելով եք ասում, չեմ կարծում, որ դուք անձնապես ՀՀ-ի դեմ որեւէ դավադրության մեջ եք՝ գիտակցված։ Պրոբլեմը, իմ համեստ, բայց ճիշտ կարծիքով, այն է, որ դուք խոսում եք Մեծ Հայքի մասին, ես կարծում եմ, որ մեծ Հայքը՝ Փայտակարանից մինչեւ Ծոփք, վերականգնելի չի։ Դա եղել է, ես հպարտ եմ, բայց դա վերականգնելի չի»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին խոսելիս «հայրենահանձնում» տերմինն օգտագործելն է իրեն թույլ տալիս նման եզրակացություն անել։ Նա պնդում է, որ այն ՀՀ-ին պատկանող ոչ մի միլիմետր հող Ադրբեջանին չի հանձնվել։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ