«Մենք հանձն ենք առնում հետամուտ լինել մեր բոլոր քաղաքացիների սահմանադրական իրավունքների լիարժեք իրացմանը»,-«ՀայաՔվե» միավորման գրասենյակում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրեց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։ Նա տեղեկացրեց, որ մարտի 30-ին Գյումրիում և Փարաքարում տեղի ունենալիք ավագանու ընտրությունների ժամանակ «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը Երիտասարական ակումբների դաշնություն ՀԿ-ի հետ համատեղ իրականացնելու են դիտորդական առաքելություն։
Ավետիք Չալաբյանը պարզաբանեց․ «Այս որոշումը կայացրել ենք՝ հիմք ընդունելով «Հայաքվեի» գաղափարական հիմքերը, միավորման անդամների հետ քննարկումների արդյունքները, ՀՀ անվտանգային և քաղաքական մարտահրավերները, տեղի ունեցող ընտրական գործընթացների կարևոր նշանակությունը, ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումը, տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների՝ մինչ այժմ հնչեցրած հայտարարությունները։
Որոշել ենք մարտի 30-ի ավագանու ընտրություններին մասնակցել անկախ դիտորդի կարգավիճակով, իրականացնել ընտրական գործընթացի ամբողջական իրավական վերահսկողություն, որևէ քաղաքական ուժի կամ դաշինքի նախընտրական ցուցակի մաս չկազմել, չներգրավվել քարոզչական աշխատանքներում, փոխարենը հետևողական լինել ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացմանը և մեր բոլոր քաղաքացիների ձայների անվերապահ պաշտպանությանը»։
Ավետիք Չալաբյանը կոչ արեց Գյումրու և Փարաքարի քաղաքացիներին իրենց իրավունքների խախտման դեպքում դիմել նախաձեռնության թեժ գծին՝ 033978281 հեռախոսահամարով։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ