Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ Ermenihaber-ը զրուցել է Երևանում գտնվող թուրք լրագրող, «İhlas» (IHA) լրատվական գործակալության միջազգային լուրերի համակարգող Յափրաք Մութլուի հետ։
– Տիկին Մութլու, ինչպես գիտենք, 2022-ից կրկին մեկնարկել է Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Բազմաթիվ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, բայց դրանցից միայն մեկը կամ երկուսն են կատարվել։
Ավելին, թուրք պաշտոնյաներից շարունակում ենք նույն բաները լսել, որ Թուրքիան հարաբերությունները համակարգում է Ադրբեջանի հետ։ Ըստ Ձեզ՝ Թուրքիան ինչո՞ւ է Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կապում Հայաստան–Ադրբեջան կարգավորման գործընթացի հետ։
– Լավ հարց է, բայց կարծում եմ այս հարցին ավելի շատ կարող են պատասխանել դիվանագետները, քան թե մենք՝ լրագրողներս։ Յուրաքանչյուր երկիր գործում է ըստ իր մշակած քաղաքականության։ Հարցազրույց ենք վերցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից և ես նրան հարցրեցի Հայաստանի նախաձեռնած Եվրամիությանն անդամակցելու (ԵՄ) գործընթացի և դրա հետ մեկտեղ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին։ Հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը վարում է հավասարակշռող քաղաքականություն։ Ինչպես արդեն նշեցի, դա վերաբերում է յուրաքանչյուր երկրի։ Հիմա, երբ նայում ենք Թուրքիային, որն Ադրբեջանի հետ ունի երկարամյա եղբայրություն, այդտեղ գերակայում է «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգը։ Մյուս կողմից էլ մենք երկարատև ու տարբեր հարաբերություններ ենք ունեցել Հայաստանի հետ։
Կարդացեք նաև
Իրականում սա մի բան է, որը կարելի է մեկնաբանել ոչ թե որպես լրագրող, այլ որպես փորձագետ ու դիվանագետ։ Կարծում եմ, որ դա կարող է լինել այն պատճառով, որ մենք չենք կարող հավասարակշռություն հաստատել առանց մյուսի հաստատման: Կամ էլ կարող է լինել այն պատճառով, որ նրանք չեն կարող ամբողջությամբ կառավարել շփումն այս կողմում։ Անկեղծ ասած, սա մի փոքր այլ թեմա է։
– Որպես լրագրող՝ սպասո՞ւմ եք հայ–թուրքական սահմանի բացմանը։ Ըստ Ձեզ՝ կբացվեն սահմանները։
– Կարծում եմ այդ հարցին պետք է դրական նայել, որպեսզի դրական քայլեր ձեռնարկվեն։ Չեմ կարծում, որ սահմանների բացման համար կա բացասական պատճառ։ Ըստ իս՝ թե՛ երկու երկրների և թե՛ տարածաշրջանի շահերից է բխում խնդիրների լուծումից հետո սահմանի բացման հարցը, դրա համար եմ կարծում, որ կարող է բացվել։ Արդյոք տեխնիկական խնդիրները լուծվե՞լ են։ Մինչ Հայաստանը «գնդակը» նետում է Թուրքիայի դաշտ, իսկ Թուրքիան էլ՝ Հայաստանի, մենք պետք է լավ նայենք, թե որոնք են սահմանը չբացելու իրական պատճառները: Եթե դրանք կարող են շտկվել, ապա այն կարելի է բացել։
– Հայ պաշտոնյաները մշտապես ասում են, որ գնդակը Թուրքիայի դաշտում է։ Մարգարա սահմանային անցակետում բացման համար աշխատանքներ են տարվել և ազդակ է տրվել, որ այն բերվել է պատրաստի վիճակի։ Մինչդեռ Թուրքիայից ոչ մի արձագանք չեղավ։ Ինչո՞ւ է այս գործընթացը ձգձգվում։
– Կարծում եմ, որ ամեն երկիր մեկնաբանում է իր տեսանկյունից, որովհետև մինչ հայկական կողմը կարծում է, որ թուրքական կողմը գործընթաց չի տանում իսկ, թուրքական կողմն էլ կարող է նույն բանն ասել հայկական կողմի համար։ Կարող են լինել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «մենք պատասխան քայլեր չենք ստանում, չենք տեսնում»՝ բնորոշ յուրաքանչյուր երկկողմ բանակցություններին ու հարաբերություններին։ Դա իմ ոլորտը չէ: Ոլորտը, որին ես հետևում եմ, միջազգային հարաբերություններն են ու այս պահին ես տեղյակ չեմ սահմանի վերջին իրավիճակից։ Չեմ ուզի սխալ բան ասել։