«Բաքվի բանտերում տեղի է ունենում փակ գաղտնի դատավարություն, ապօրինի դատավարություն։ Ես ավելորդ եմ համարում ասել, թե ինչու են այն մարդկանց տարել այնտեղ, ովքեր պայքարել են ինքնորոշման իրավունքի համար։ Այնինչ, այս իշխանությունները դա դարձրել են տարածքային ամբողջականության վեճ, այդ մարդկանց էլ՝ հանցագործ»,- ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ցույցի ժամանակ ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ տեղի ունեցավ բողոքի ցույց, որի մասնակիցները պահանջում են ՄԱԿ-ի ներկայացուցիչներից՝ այցելել Բաքվում պահվող մեր գերիներին եւ ներկա գտնվել կեղծ դատավարությանը։
Թանդիլյանն ասաց, որ ՄԱԿ-ից ու միջազգային կառույցներից պահանջում են հետեւել ու մասնակցել այդ կեղծ դատավարություններին։ «Եթե այդքան արդար է ադրբեջանական «դատավարությունը», ումի՞ց եք վախենում, դե բացեք այն միջազգային լրատվամիջոցների, ՄԱԿ-ի մասնակցության համար։ Ադրբեջանը համարձակվում է դա թույլ չտալ, այսինքն՝ ՄԱԿ-ին, աշխարհին թույլ չտալ անել այն, ինչն իր մանդատի մեջ է։ Ադրբեջանը ոչ միայն իր ստորագրությունը, այլ նաեւ աշխարհի ստորագրությունն է ճղել-գցել մի կողմ, դե հիմա պատկերացրեք՝ մեր «խաղաղության պայմանագրի» հետ ինչ է անելու։ ՄԱԿ կառույցներն ունեն պարտավորություն, եւ մենք այստեղ այլեւս չենք լսելու այն տեքստը, որ՝ գիտեք, ձեզ հասկանում ենք։ Մեզ հասկանալ պետք չէ, գործել է պետք։ Ուրեմն, դուք կզանգեք ձեր Բաքվի գործընկերոջը, կասեք ներկայանա այդ դատական գործընկերոջը, եւ մեզ կտեղեկացնենք՝ զանգել եք, թե ոչ, եւ ինչ են ձեզ պատասխանել Բաքվի հանդուգն եւ ամենաթողության մեջ գործող իշխանությունները։ Գիտե՞ք՝ ինչու են նրանք համարձակվում ձեզ վտարել Ադրբեջանից, որովհետեւ միեւնույն է, ոչինչ չեք անում, դիրքավորվել եք անկարողի կարգավիճակում»,- հայտարարեց Մանե Թանդիլյանը։
Կարդացեք նաև
Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների քաղաքականությանը՝ Մանե Թանդիլյանն ասաց, որ Հայաստանի իշխանությունները կզբաղվեն գերիների հարցով, եթե վախենան, որ կարող են իշխանությունից զրկվել։ Հետեւաբար, Թանդիլյանը կոչով դիմեց հայ ժողովրդին՝ հորդորելով մենակ չթողնել Բաքվի բանտերում գտնվող հայերին։
Ավելի ուշ հայտնեց, որ Հայաստանում ՄԱԿ-ի Մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին նամակ են ուղարկել՝ ակնկալելով մեկշաբաթյա ժամկետում կապ հաստատել Բաքվի իր գործընկերոջ հետ և տեղեկացնել հայ հանրությանը արդյունքների մասին։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ