Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության փաստաթղթով նախատեսված որոշ բաներ կյանքի կկոչվեն․ Արարատ Միրզոյան

Մարտ 14,2025 14:44

2024 թվականը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի համար համարում է ամենախաղաղ եւ կայուն տարին՝ սահմանային միջադեպերի առումով․ այս մասին այսօր հայտարարեց նա՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով 2024 թվականի ԱԳՆ ծրագիրը։

Նա հայտարարեց՝ 2024 թվականի ընթացքում ՀՀ-ի եւ ՌԴ բարձրագույն եւ բարձր մակարդակներով երկխոսությունը շարունակվել է, տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Պուտինի երկու հանդիպում, երկու հեռախոսազրույց․ «Տարվել են աշխատանքներ առանձին, այդ թվում՝ տարածաշրջանային հարցերի շուրջ միակողմանի մեկնաբանություններից խուսափելու համար: Տարվա վերջում նախատեսված էր իմ այցը Ռուսաստանի Դաշնություն եւ հանդիպումը, շփումները իմ գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ, տեխնիկական որոշ պատճառներով այցը հետաձգվեց: Բայց դա տեղի ունեցավ արդեն այս տարվա սկզբին, հունվարի կեսերին»։

Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների մասին էլ Արարատ Միրզոյանն ասաց․ «Միացյալ Նահանգների այդ տարին շատ հետաքրքիր զարգացումներ եղան: Եթե կարճ ասեմ, ապա Երեւանում անցկացված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը պետք է հիշեմ, որին հաջորդեց արդեն այս տարվա սկզբին Վաշինգտոնում՝ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը, որն, իհարկե, նշանավորեց հարաբերությունների մակարդակի բարձրացումը: Խոսվեց այն մասին, որ այս գործընկերությունը հաստատվել եւ համաձայնեցվել է ամերիկյան նախորդ վարչակարգի հետ ու չի շարունակվելու նոր վարչակազմի հետ: Իհարկե, դա այդպես չէ, նոր վարչակազմի ներկայացուցիչները արդեն անցումային փուլում ընդգրկված են եղել աշխատանքներում: Հիմա կարող եք փաստել, որ մեր ակտիվ աշխատանքները ԱՄՆ նոր վարչակազմի, նախագահ Թրամփի, նրա թիմի ներկայացուցիչների հետ շարունակվում են: Հիշում ենք վարչապետի հանդիպումը փոխնախագահ Վենսի հետ, կա աշխատանք թիմի այլ ներկայացուցիչների հետ։ Առաջիկայում էլ կլինեն որոշակի նորություններ, ի դեպ նույն ռազմավարական համագործակցության փաստաթղթով նախատեսված որոշ բաների կյանքի կոչման ուղղությամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31