«Համաձայնեցված երկու կետերից մեկն այն է, որ ՀՀ-Ադրբեջան սահմանին հարակից տարածքում երրորդ երկրի ուժեր տեղակայված չպետք է լինեն։ ԵՄ դիտորդական առաքելությունը երրորդ երկրի ուժի տակ է ներկայացվում։ Ադրբեջանը պնդում է, որ այդ սահմանից պետք է հեռանա ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ դիտորդական առաքելությունը։ Բայց դիտորդները զենք չունեն, հեռադիտակներով քաղաքացիական մարդիկ են։ Պայմանավորվել ՀՀ թե′ ներկայի, թե′ ապագայի համար նման զիջման գնալ, սա ծայրահեղ խայտառակություն է և սա մեր պետությունը դարձնում է հաշմանդամ պետություն»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով խաղաղության համաձայնագրի բովանդակությանը, որի շուրջ երեկ հայտարարվեց, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև։
Էդմոն Մարուքյանը փաստեց՝ ՀՀ Սահմանադրությամբ մենք ինքնիշխան պետություն ենք և մենք մեր ինքնիշխան տարածքում ինչ ուզենք՝ կանենք․ «Բայց Ադրբեջանի հետ այսպես կոչված պայմանագրով ոչ միայն մեր տարածքում ներկայումս ենք մեր հնարավորությունը սահմանափակում, այլև ապագայի համար ենք փակում։ Մենք նաև զրկվում ենք ընտրության հնարավորությունից, թե ինչ զորք բերել ՀՀ մեր անվտանգության ապահովման համար։ Այս հայտարարությունները նաև նրա մասին են, որ մյուս պետությունները՝ օրինակ՝ Թուրքիան կարող է պահանջել, որ ՀՀ-Թուրքիա սահմանին ևս չպետք է լինեն երրորդ պետության ուժեր»։
Դիմելով այսպես կոչված «արևմտամետներին»՝ Էդմոն Մարուքյանն ասաց․ «Դե ձայն հանեք, ձեր ասած ընտրության հնարավորությունից է զրկվում ՀՀ-ն այսօրվա պայմանավորվածությունների պատճառով։ Փաստարկներ են բերելու, թե Ադրբեջանն էլ իր հերթին է հրաժարվում երրորդ երկրի ուժերից։ Ադրբեջանը նախ նման խնդիր այս պահին չունի, մյուս կողմից էլ՝ Ադրբեջանի և Թուրքիայի բանակներն այն մակարդակով են ինտեգրված, որ չեք էլ կարող տարբերել, թե ինչ ուժ է»։
Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաև համաձայնեցված մյուս կետին՝ ընդդեմ Ադրբեջանի ներկայացված միջազգային հայցերից հրաժարումը․ «Այստեղ ամենասկզբունքային հարցն այն է, որ մենք Ադրբեջանի դեմ ռազմական, պատերազմական հանցագործությունները պետք է ներկայացնեինք միջազգային դատարան․ Հռոմի ստատուտը դրա համար էր ընդունվել։ Բայց դրանից հետո ոչ մի գործ չի ներկայացվել Ադրբեջանի հանցագործությունների մասին։ Այս հրաժարումով նաև հրաժարվում ենք, որ ապագայում էլ կներկայացնենք։ Հենց հիմա Ադրբեջանում դատում են ՀՀ քաղաքացիներին, բայց Ադրբեջանը մեզ պարտադրում է իրենց նկատմամբ հայցերից հրաժարվել և նորերը չներկայացնել, բայց իրենք շարունակելու են իրենց դատարաններում դատել ՀՀ քաղաքացիներին։ ՀՀ այսօրվա իշխանությունը չունի մանդատ նմանատիպ զիջումների գնալու։ Այս զիջումները պիտի դրվեն հանրաքվեի․ ժողովուրդն է որոշում՝ մենք համաձա՞յն ենք ապագա հարյուր տարվա համար զրկվել ընտրելու իրավունքից, թե ում հետ պետք է համագործակցեն։
Կարդացեք նաև
Լավ դաշնակից ուզողները հիմա ո՞ւր են, ինչո՞ւ ձայն չեն հանում։ Այսօրվա գործող իրավակարգավորումներով այլևս այդ փաստաթղթի ստորագրումից հետո որևէ մեկը չի կարող գործել նաև ՀԱՊԿ շրջանակում։ Դրանով ասում ենք, որ դուրս ենք գալիս բոլոր տեսակի ռազմական պայմանագրերից նաև»։
Էդմոն Մարուքյանը վրդովվեց՝ մի կողմից ասում են՝ մի զինվեք, մյուս կողմից ասում են՝ աշխարհում որևէ դաշնակից պետություն մի ունեցեք․ «Աշխարհում նման պետություն կա՞, որ նման իրավիճակում է։ Սա ինձ հիշեցնում է Ալեքսանդրապոլի պայմանագիրը, թե քանի հատ հրանոթ կունենաք, խելոք, ձայն մի հանեք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Sputnik Արմենիայի