Ադրբեջանի փոխզիջումը ո՞րն է եղել․ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հարցրեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ադրբեջանական կողմը ռեւանշիզմի մասին է խոսում եւ ռեւանշիստ է համարում Ամենայն հայոց կաթողիկոսին, որը խոսում է արցախահայերի վերադարձի մասին։
«Ձեր համար ամենայն հայոց կաթողիկոսը ռեւանշի՞ստ է, պայքարելո՞ւ եք նրա դեմ, որ ասում է՝ արցախցիները պետք է վերադառնան»,-հարցրեց Քրիստինե Վարդանյանը՝ նկատելով, որ ՀՀ իշխանության վարկն այն է, որ իր «կառուցողական գործընկերոջ» հետ բանակցություններին զուգահեռ՝ Ադրբեջանն անմիջապես երկու պահանջ է հրապարակում։
Կաթողիկոսի դեմ պայքարելու, նրան ռեւանշիստ հայտարարելու մասով Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ոչ»։
Կարդացեք նաև
Քրիստինե Վարդանյանը դժգոհեց՝ երկու տարի է հարցնում է՝ ի՞նչն է փոխզիջել Ադրբեջանը ու հարցի պատասխանը չի ստանում։
«Լավ չեք հասկանում մեր պատասխանները»,- հակադարձեց Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից իր գնահատմամբ մեծ, լավագույն զիջում է 1991-ի Ալմա Աթայի փաստաթղթով երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը։
Նա հավելեց, որ ըստ ընթացակարգերի, երբ խաղաղության համաձայնագիրը կհրապարակվի, կերեւա, որ դրանում չկա որեւէ կարգավորում, որը ՀՀ-ի նվաստացումն է արձանագրում եւ ձեռնտու է միայն Ադրբեջանին։
«Խաղաղությունը ՀՀ-ի գոյության միակ ձեւն է, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը եւ խաղաղության ապահովումը բխում է ՀՀ-ի շահերից»,-հայտարարեց նա՝ հավելելով, որ կան հարցեր, որոնց վերաբերյալ տարբեր մոտեցումներ ունեն կողմերը, կան հարցեր, որոնց շուրջ գուցե մինչեւ վերջ էլ աշխատեն ու չկարգավորվեն, օրինակ, անհայտ կորածների հարցը։
Արարատ Միրզոյանը մեղադրեց ընդդիմությանը այլ երկրի կամ ուժի ծառայության մատուցելու մեջ, որը ՀՀ-ին դիվիդենտ չի բերում․ «Առաջարկում եմ միմյանց հիմար բաներով չխաբել․ պատրանքը, որը կարող է տրվել ժողովրդին այն մասին, որ խաղաղությունը ունի այլընտրանք, ի դեմս պատերազմի»։
Այս թեմայի շուրջ «Հայաստան» խմբակցության, ՔՊ-ական Արման Եղոյանի եւ Արարատ Միրզոյանի միջեւ լեզվակռիվ սկսվեց։
«Ես ասում եմ՝ կարճաժամկետ դիվիդենտների համար ՀՀ-ն ավելի խորը փոսի մեջ չգցենք, դուք մի բառից եք կախվում»,- Գառնիկ Դանիելյանին նախատեց Արարատ Միրզոյանը։
Քրիստինե Վարդանյանն էլ հակադարձեց՝ ՀՀ-ին ավելի վատ ծառայություն մատուցած ուժ միայն ՔՊ-ն է եւ հայտարարեց, որ այդպես էլ երկու տարի չի ստանում հարցի պատասխանը՝ ինչ է զիջել Ադրբեջանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարում՝ 2020-12-2. Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի հետ