Հայաստան-Ադրբեջան համաձայնեցված խաղաղության համաձայնագրի տեքստում չկա որեւէ դրույթ այն մասին, որ մինչեւ ԽՍՀՄ փլուզումը երկու երկրների տարածքներում բնակեցված, հետո այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները կամ այն տարածքները, որտեղ իրենց նախնիներն ապրել են․ այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Լսեցինք Ադրբեջանի մտահոգությունները մեր Սահմանադրության մասին»,- ասաց նա՝ հավելելով, որ համաձայնագրի տեքստում որեւէ միակողմանի կարգավորում չկա, այդ թվում՝ նաեւ Սահմանադրությունների մասին։
«Հայտնի է, որ մենք էլ ունենք մեր մտահոգությունները Ադրբեջանի Սահմանադրության մասին, հայտնի է, որ մենք այնտեղ տեսնում ենք որոշակի նկրտումներ ՀՀ-ի տարածքների նկատմամբ, բայց նաեւ հայտնի է, որ մենք համաձայնագրի տեքստում ունենք որոշակի դրույթներ, որոնք փարատում են մտահոգությունները»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Ըստ Արարատ Միրզոյանի, սահմանազատման-սահմանագծման արդյունքում ՀՀ ՍԴ-ի դիրքորոշումն ուղեգիծ է եւ փարատում է ՀՀ Սահմանադրությանը վերաբերող կասկածները, բայց եթե նույնիսկ տեսականորեն, Սահմանադրություններում կարող են լինել պահանջներ, ապա համաձայնագրի տեքստի ստորագրմամբ եւ վավերացմամբ, որը նույնպես ՍԴ-ով պետք է անցնի, այդ հարցերը միանգամայն կփարատվեն։
Կարդացեք նաև
Միաժամանակ, Արարատ Միրզոյանը հայտարարում է՝ որեւէ խաղաղության համաձայնագիր միանգամից բոլոր հարցերին լուծումներ չի տալիս, երկու ժողովուրդներին հաշտ չի դարձնում, կան հարցեր, որոնք պետք է լուծումները ժամանակի մեջ գտնեն՝ հարաբերությունները վերջնական կարգավորելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ