Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք լրագրողների տրամաբանական հաջորդականությամբ հնչող հարցերին տրվեցին լղոզված ու հայկական շահեր չսպասարկող ու վախվորած պատասխաններ

Մարտ 14,2025 11:49

«Աննախադեպ» երևույթներին մանկամտության աստիճանի կարևորություն տվող ՀՀ ներկայիս իշխանությունները թուրք լրագրողներին Հայաստան հրավիրելով կրկին հարվածի տակ դրեցին հայ մարդու ազգային արժանապատվությունն ու ինքնասիրությունը։ Թուրք լրագրողների տրամաբանական հաջորդականությամբ հնչող հարցերը, որոնց վստահ եմ, կարելի էր շատ ավելի հստակ ու խելամիտ պատասխանել, այդուհանդերձ տրվեցին լղոզված ու, ըստ իս, հայկական շահեր չսպասարկող ու վախվորած պատասխաններ։

ՀՀ իշխանությունները իրենց վախերը փորձում են ներկայացնել որպես զգուշավոր արտաքին քաղաքականություն, սակայն դա այդպես չի ընկալվում։ Զգուշավոր արտաքին քաղաքականություն իրականացնող կառավարությունը պետք է զգուշավոր ներքին քաղաքականություն նույնպես իրականացնի, ոչ թե ներսում «յաշիկ – յաշիկ» հետ բերելուց խոսի, իսկ թուրք լրագրողների հետ խոսելիս վախենա ցեղասպանության հարցը արտաքին քաղաքականության առաջնահերթություններից համարել, կամ, ընդհանրապես, խուսափել ցեղասպանություն բառը համարձակ հնչեցնելուց։ Այդտեղ զգուշավորություն չկա, դա դասական վախկոտություն է, ընդ որում վախ ոչ թե ազգի անվտանգության համար, այլ վախ քաղաքական իշխանությունը կորցնելու համար, ինչը կարող էր նողկանք առաջացնել հենց այդ նույն թուրք լրագրողների մոտ, ովքեր վստահ գիտեն թե ի՞նչ անուն ունի 20-րդ դարասկզբին Արևմտյան Հայաստանում հայերի հետ տեղի ունեցածը։

Հայ-թուրքական հարաբերություններում ՀՀ վարչապետի լավատեսությունը արժանացավ թուրք լրագրողների թաքնված հեգնանքին և դա, բնականաբար, սպասելի էր։

Կարծում եմ, հայ հանրությունը և քաղաքագետները դեռ կվերլուծեն հարցազրույցն ու իրենց մասնագիտական կարծիքները կհայտնեն, սակայն ես ուզում եմ այս համատեքստում անդրադառնալ մի շատ կարևոր հանգամանքի վրա, որը երբեք չի դադարելու առաջնային լինել։ Մենք քրիստոնյա ենք, իսկ քրիստոնեությունը պայքարի ու հաղթանակի կրոն է։ Պատմական փաստ է, որ քրիստոնյաների նկատմամբ անհանդուրժող են եղել մեր թուրք ու ադրբեջանցի հարևանները և այդ անհանդուրժողականությունը միշտ արտացոլվել է նրանց քաղաքականության մեջ։ Սա չպետք է մոռանալ։ Չի կարելի Թուրքիայից կամ Ադրբեջանից ողորմություն ու կարեկցանք ակնկալել։ Դա չի տեղավորվում իրենց ծրագրերի մեջ։

Իհարկե, բազմաթիվ մահմեդական երկրներում քրիստոնյաներն ու մուսուլմանները կողք կողքի խաղաղությամբ ապրում են, առևտուր են անում, ինչը անշուշտ, շատ ուրախալի և խրախուսելի է, սակայն հայ-թուրքական հարաբերությունները շատ զգայուն և յուրահատուկ են։ Կարծում եմ, եթե իսկապես Թուրքիայի և Հայաստանի իշխանությունները կայուն խաղաղության են ձգտում, ապա պետք է սկսել կրոնական երկխոսությունից։ Անվիճելի է, որ քաղաքական գործիչների հանդիպումներն ու բանակցությունները ինչ-որ դրական ֆոն ստեղծում են, սակայն դա գործնական որևէ նշանակություն չունի։

Հայ-թուրքական հարաբերությունների մեջ դրական շարժ կարող է լինել միայն ու միայն երկու ազգերի հոգևոր առաջնորդների հանդիպում կազմակերպելով և ցույց տալով հայ և թուրք հասարակությանը, որ լինելով տարբեր կրոնի հետևորդներ, այդուհանդերձ մենք արձանագրում ենք, որ վերացած է մեր միջև կրոնական անհանդուրժողականությունը։ Այլ խոսքով, խաղաղության գործընթացի սկիզբը պետք է լինի կրոնական անհանդուրժողականության բացառումը։

Կրոնի գործոնը քաղաքականության մեջ միշտ էական նշանակություն է ունեցել։ Վերադառնալով թուրք լրագրողներին հրավիրելու փաստին, ասեմ, որ գաղափարը նույնիսկ շատ լավն էր, սակայն գաղափարի արդյունավետ իրականացումը զրոյական էր, ինչպես, ըստ վարչապետի, զրոյական է իրական Հայաստանի գաղափարախոսության կողմնակիցների քանակը։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31