Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկար բանակցություններից հետո Հայաստանը գնում է համարձակ զիջումների». մի շարք երկրներ ողջունել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը

Մարտ 14,2025 12:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը։ Այս մասին նշված է ՀՀ-ում Իրանի դեսպանատան հայտարարության մեջ, որը հրապարակվել է X միկրոբլոգում։

Պաշտոնական Թեհրանը սա անհրաժեշտ և կարևոր քայլ է համարում Հարավային Կովկասում կայուն խաղաղության ճանապարհին, հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։

Իրանը հույս ունի, որ կողմերը ջանքեր կգործադրեն տարաձայնությունները լուծելու եւ վերացնելու համար, եւ շուտով «մենք ականատես կլինենք երկու երկրների միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»։

Գերմանիան նույնպես անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությանը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի կնքման լուրերը հուսադրող են. այն փաստը, որ տասնամյակների թշնամությունից և պատերազմից հետո կայուն խաղաղությունն այժմ կարող է իրականություն դառնալ, կարևոր է թե՛ տարածաշրջանի համար, թե՛ դրա սահմաններից դուրս:

Երկար բանակցություններից հետո Հայաստանը գնում է համարձակ զիջումների՝ հնարավոր դարձնելով այս վերջին քայլը այն ճանապարհին, որով մենք ուղեկցել ենք երկու երկրներին։ Կողմերին կոչ եմ անում ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- նշված է նախարար Անալենա Բերբոքի անունից Գերմանիայի ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում տարածված հայտարարության մեջ։

Իսպանիան նույնպես ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև համաձայնագրի մասին լուրը և հույս ունի, որ այս հայտարարությունը կհանգեցնի երկու երկրների միջև վերջնական համաձայնագրի կնքմանը։ Այս մասին ասված է X-ում Իսպանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։

«Իսպանիան վերահաստատում է իր հավատարմությունը Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը»,- ասված է Իսպանիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ ձեռք բերված համաձայնությունը, Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մագնուս Ցահկնան այս հանգամանքն անվանել է պատմական։

«Էստոնիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված պատմական համաձայնագիրը։ Սա երկար սպասված քայլ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու ուղղությամբ, և մենք հուսով ենք հնարավորինս շուտ խաղաղության պայմանագրի ստորագրում», – X-ի իր միկրոբլոգում նշել է Էստոնիայի ԱԳ նախարարը։

«Պատմական քայլ դեպի կայուն խաղաղություն և կայունություն տարածաշրջանում». Վրաստանի ԱԳՆ-ն ևս ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը խաղաղության պայմանագրի 17 կետերի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք գերատեսչության X-ի միկրոբլոգից:

Չինաստանի իշխանությունները հույս ունեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները կհանգուցալուծվեն` ապահովելով խաղաղությունը տարածաշրջանում:

ՉԺՀ-ի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգի խոսքով` Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման առաջընթացը, ինչը, նրա խոսքով, կարևոր դեր է խաղում Անդրկովկասում։

Չեխիայի ԱԳՆ-ի՝ X-ում հայտարարության մեջ նշվում է. «Մենք ողջունում ենք առաջընթացը, որը Հայաստանն ու Ադրբեջանը գրանցել են խաղաղության հասնելու ճանապարհին։ Հույս ունենք, որ համաձայնագիրն արագ կստորագրվի։ Վերջին զարգացումները կարևոր քայլ են տարածաշրջանում կայունության և բարգավաճման ուղղությամբ»:

X- ում Ռումինիայի ԱԳՆ-ի հայտարարությունում նշվում է. «Ջերմորեն ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։

Շնորհավորում ենք Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին իրենց անխոնջ ջանքերի և խիզախության համար։ Տևական խաղաղությունն առանցքային նշանակություն ունի կայունության, բարգավաճման և տարածաշրջանի հսկայական ներուժը բացելու տեսանկյունից»:

Նաև Քուվեյթն է ողջունել խաղաղության բանակցությունների ավարտը՝ հույս հայտնելով, որ «այդ պատմական քայլը կնպաստի երկու երկրների միջև նոր էջի բացմանը՝ ուղղված դեպի ավելի մեծ կայունությանն ու բարգավաճմանը, ինչպես նաև՝ կովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը»։

Քուվեյթի արտաքին գործերի նախարարության X-ի հարթակում նշված է, որ Քուվեյթը վերահաստատում է աջակցությունը հակամարտությունները երկխոսության և խաղաղ ճանապարհով լուծելու և կարգավորելու՝ տարածաշրջանային և միջազգային բոլոր ջանքերին։

Լեհաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնությունը և հուսով է, որ այն արագ կստորագրվի։

«Հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի տարածաշրջանում համագործակցության կայունությանն ու զարգացմանը՝ օգուտ տալով երկու երկրներին»,- նշված է Լեհաստանի ԱԳՆ X-ի միկրոբլոգում։

Արաբական Միացյալ Էմիրությունները նույնպես ողջունել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունները խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտի մասին՝ հույս հայտնելով, որ այս պատմական քայլը կամրապնդի հաղորդակցության, երկխոսության և կայունության կամուրջները և կնպաստի  Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների, և ընդհանուր առմամբ, կովկասյան տարածաշրջանի զարգացմանը։ Այս մասին հայտնել է էմիրաթական WAM լրատվական գործակալությունը։

ԱՄԷ արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով օգնական Լանա Նուսեյբան նշել է, որ ԱՄԷ-ն աջակցում է երկու բարեկամ երկրների կողմից ընդունված բոլոր որոշումներին՝ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում անվտանգության և խաղաղության, ինչպես նաև՝ կայուն և կառուցողական համագործակցության նոր էջ բացող կարգավորման ամրապնդման գործում։

Նուսեյբան ընդգծել է, որ ԱՄԷ-ն ամուր հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ` ակնկալելով նրանց միջև համագործակցության ընդլայնոքւմ՝ ընդհանուր շահերին հասնելու համար:

Սաուդյան Արաբիայի Թագավորությունը նույնպես ողջունել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և խաղաղության շուրջ համաձայնության ձեռքբերումը՝ հույս հայտնելով, որ համաձայնագիրը կհանգեցնի կայունության և բարգավաճման նոր փուլի։ Այս մասին նշված է Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության X-ի էջում կատարված գրառման մեջ:

Նախարարությունը վերահաստատել է Սաուդյան Արաբիայի աջակցությունն այն ամենին, ինչը կամրապնդի միջազգային անվտանգությունն ու կայունությունը և կապահովի զարգացման և բարգավաճման համար նպաստավոր պայմաններ։

X-ում Մեքսիկայի ԱԳ նախարարության գրառման մեջ նշվում է. «Մեքսիկայի կառավարությունը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի հայտարարությունը խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ՝ ակնկալելով, որ այն շուտով կիրականացվի։ Դրանով երկու կողմերը նպաստում են Կովկասի կայունությանը և տարածաշրջանի բարգավաճմանը»:

X-ում Իտալիայի ԱԳ նախարարության գրառման մեջ նշվում է. «Իտալիան ողջունում է խաղաղության համաձայնագրի բանակցությունների նախագծի ավարտի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների վերականգնման մասին հայտարարությունը։ Իտալիայի կառավարությունը կշարունակի աջակցել կարգավորման գործընթացին՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար»:

Երեկ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։

Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը հաստատում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։

Այսպիսով, Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31