Եվրախորհրդարանի լիագումար նիստում երեկ ընդունվեց Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձեւը։
Քաղաքական գիտությունների թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի կարծիքով՝ չնայած բանաձեւի խորհրդատվական բնույթին, այն իր ազդեցությունն ունենալու է․ «Նախկինում եւս նման բանաձեւեր ընդունվել են, թեպետ եվրոպական ընթացակարգերով դրանք իմպերատիվ բնույթ չունեն գործադիր իշխանության համար, բայց սրանք Եվրոպական խորհրդարանի քաղաքական կամքի բյուրեղացումն են։ Եվրոպական գործադիր իշխանությունը կարող է որոշակիորեն հաշվի առնել-չառնել նման բանաձեւերը, բայց մշտապես չի կարող դրանց վրա աչք փակել, գալու է ինչ-որ ժամանակ, որ դրանք իրենց ազդեցությունն ունենալու են․ հաշվետվողականության հարց կա օրենսդիր իշխանությանը եւ այլն, եւ նման բանաձեւերի հաճախակի ընդունումը, այսպես թե այնպես, նպաստում է եվրոպական գործադիր իշխանության վարքի փոփոխությանը։ Մենք դեռ չենք տեսել վարքի այնպիսի շրջադարձ, որպիսին ակնկալում ենք գործադիր իշխանության կողմից, բայցեւ ակնհայտ է, որ վերջին տարիների ընթացքում Եվրախորհրդարանի ճնշմամբ գործադիր իշխանությունը գոնե դիրքորոշումների մակարդակում էական փոփոխություն է մտցրել։ Իհարկե, մեր՝ Հայ դատի ակնկալիքներն այլ են, մասնավորապես, պատժամիջոցների կիրառման հարցով, բավական ժամանակ է, որ Եվրախորհրդարանը պահանջում է Ադրբեջանի նկատմամբ կիրառել պատժամիջոցներ՝ մարդու իրավունքների խախտումների համար»։
Գեւորգ Ղուկասյանի կարծիքով, նման բանաձեւերի ընդունումը կարեւոր է նաեւ Արցախի հարցն օրակարգում պահելու տեսանկյունից․ «Ե՛վ Ադրբեջանի, ե՛ւ Թուրքիայի, ցավոք սրտի՝ նաեւ Հայաստանի իշխանություններն այնպիսի տպավորություն են ստեղծում, որ ղարաբաղյան հիմնախնդիրը վերջացած է, բայց նման բանաձեւերը գալիս են փաստելու, որ ղարաբաղյան խնդիրը փակված չէ, եւ այն ձեւակերպումները, որ կան բանաձեւում՝ արցախցիների վերադարձի իրավունքի իրացման նախապայման սահմանել Ադրբեջանի եւ ԵՄ հարաբերությունների իրավապայմանագրային հետագա զարգացման տեսանկյունից, չափազանց կարեւոր են»։
Գեւորգ Ղուկասյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանից հնչող արձագանքները եւս հուշում են, որ ցանկալի չէ նման բանաձեւերի ընդունումը։ Բանաձեւի մշակման նախաձեռնությունը, ի դեպ, Հայ դատինն է․ «Իշխանությունները չունեն դերակատարում այս բանաձեւի ընդունման գործընթացում՝ սկզբնավորման, նախաձեռնման գործում, աշխատանքները հիմնականում իրականացվել են Հայ դատի եվրոպական գրասենյակի միջոցով եւ ջանքերով»։
Կարդացեք նաև
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: