Ադրբեջանի իշխանությունները համառորեն շարունակում են ապացուցել, որ Հայաստանի «խաղաղության» օրակարգը կյանքի կոչելու ոչ ցանկություն ունեն, ոչ էլ առավելեւս` նպատակ
Արցախի Ազգային ժողովը պատրաստվում է դիմել Շվեյցարիայի կառավարությանը՝ միջնորդություն ստանձնելու եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքի շուրջ միջազգային քննարկումներ նախաձեռնելու նպատակով:
Հայտարարությունը, որը տարածվել է Արցախի օրենսդիրների անունից, նախորդում է Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատում հաջորդ շաբաթ սպասվող քննարկումներին: Օրակարգում լինելու են միջազգային վերահսկողությամբ կամ միջազգային հիմնական խաղացողների երաշխիքներով Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հայերի միջեւ երկխոսության հաստատման, ինչպես նաեւ հայերի ապահով վերադարձի հարցերը:
Արցախի խորհրդարանի ներկայացուցիչները նախ ակնկալում են, որ քննարկումների արդյունքում բանաձեւ ընդունվի, հետո արդեն Շվեյցարիայի կառավարությունը կոնկրետ քայլերի դիմի:
Կարդացեք նաև
«Եթե պառլամենտը նման որոշում է կայացնում, ապա հերթական քայլը դա պետք է լինի, որ պետք է միջազգային քննարկում նախաձեռնվի, որովհետեւ հենց որոշման հիմքում դա է դրված, որ միջազգային քննարկում նախաձեռնվի ու արցախահայության հավաքական վերադարձի հետ կապված հարցերին անդրադարձ լինի: Բնականաբար, ինչպես ասում են, մեր թիրախը դա է, մեր նպատակակետը դա է», – ըստ «Ազատության», նշել է Արցախի նախկին պատգամավոր Վահրամ Բալայանը:
Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձի հարցը միջազգային քննարկման առարկա դարձնելու համար ամիսներ առաջ բանաձեւ է ընդունել եւ Շվեյցարիայի կառավարությանն է դիմել այդ երկրի խորհրդարանի ստորին պալատը, բայց մինչ օրս այդ ուղղությամբ տեսանելի քայլեր չկան: Եթե եւս մի բանաձեւ էլ ընդունվի հաջորդ շաբաթ՝ արդեն վերին պալատում՝ Կանտոնների խորհրդում, արցախցիները հույս ունեն, որ Շվեյցարիայի կառավարությունն արդեն կզբաղվի խնդրով:
Հայաստանի կառավարության օրակարգում արցախցիների վերադարձի հարցը չկա: Այս պայմաններում, եթե անգամ միջազգային հարթակներում քննարկումներ ծավալվեն, ովքե՞ր են ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, Վահրամ Բալայանն ասաց՝ Արցախի ընտրված իշխանությունը: «Դա ավելի բարդ ճանապարհ է, իսկ ավելի կարճ ճանապարհը հենց Հայաստանի Հանրապետության միջոցով դա իրականացնելն է: Բարդ ճանապարհ է, բայց անհնարին ոչինչ չի լինում, եթե որոշակի աշխատանք լինում է», – նշել է Բալայանը:
Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը հիմք ընդունելով` կարելի է ենթադրել, որ արցախահայերի վերադարձի մասին խոսելը, բացի իրատեսական չլինելուց, նաեւ, ըստ նրանց` հակասում է Հայաստանի պետական շահերին:
Բայց ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունների հարմարվողական կեցվածքն էլ չի նպաստում նրան, որպեսզի պաշտոնական Բաքուն բանակցություններում դադարի նորանոր պահանջներ ներկայացնել:
Հայաստանի իշխանությունները 2023 թվականի ադրբեջանական հարձակումից եւ Արցախի նկատմամբ լիակատար վերահսկողությունից հետո, Հայաստանի կառավարությունը, որպես առաջնահերթություն, խոսում է միայն Արցախի ժողովրդի հումանիտար խնդիրներից: Արցախցիների վերադարձի հարցը որեւէ հարթակում չի բարձրացվում, նրանք սա համարում են` «ոչ իրատեսական», «անհնար» ճանապարհ:
Հայաստանյան որոշ ընդդիմադիրներ էլ կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի հնարավորություն կարող է ընձեռել միայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Սա էլ, մեղմ ասած, իրականությունից հեռու կարծիք է, որովհետեւ այդ փաստաթղթի բոլոր կետերը ոտնահարել են հենց Մոսկվան ու Բաքուն, ապացուցելով, որ բացառապես հայկական կողմից են ակնկալում զիջումներ: Այլ հարց է, որ հայաստանյան ընդդիմադիրներին հաճելի կլիներ, որպեսզի Մոսկվայի ակնկալիքները բավարարվեին:
Իսկ Ադրբեջանի իշխանությունները համառորեն շարունակում են ապացուցել, որ Հայաստանի «խաղաղության» օրակարգը կյանքի կոչելու ոչ ցանկություն ունեն, ոչ էլ առավելեւս` նպատակ:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Աստանայում, Ղազախստանի փոխվարչապետ եւ արտգործնախարար Մուրատ Նուրթլեուի հետ ճեպազրույցի ժամանակ, օրերս անդրադարձել է նաեւ Հայաստանի հետ հարաբերություններին: Բայրամովը դարձյալ խոսել է, թե, ըստ Բաքվի տեսակետի, ինչն է խոչընդոտում խաղաղության գործընթացին:
«Չնայած Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ միջպետական հարաբերությունների կարգավորման եւ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ անցած մեծ ճանապարհին, եւս մեկ անգամ ուզում եմ նշել, որ Հայաստանի Սահմանադրության շրջանակներում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը, Հայաստանի սպառազինումը եւ ռեւանշիզմի միտումը շարունակում են մնալ խաղաղ գործընթացի ամենամեծ խոչընդոտը»,- ընդգծել է Բայրամովը:
Հիշեցնենք, որ պաշտոնական Երեւանը փետրվարի վերջին ստացել է խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրումը: Ասվում էր, թե չհամաձայնեցված երկու կետ կա եւ այդ երկու կետերի վերաբերյալ Երեւանն առաջարկներ էր ներկայացրել։ Բաքվից 12-րդ խմբագրումը ստանալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դրանք մնում են չհամաձայնեցված:
Հայտնի է, որ կողմերը դեռեւս չէին համաձայնեցրել միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու եւ սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։ Բացի այդ, Բաքուն պահանջում է փոխել Հայաստանի Մայր օրենքը՝ խնդրահարույց համարելով նախաբանում հղումը Անկախության հռչակագրին, որում Արցախի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։
Պաշտոնական Երեւանը բազմիցս հակադարձել է Բաքվին, նշելով, որ ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարեւան երկրների նկատմամբ, մատնանշելով Սահմանադրական դատարանի 2024թ. սեպտեմբերի 26-ի որոշումը, որտեղ նշվում է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի հղումը վերաբերում է բացառապես հռչակագրի այն դրույթներին, որոնք ամրագրված են Սահմանադրության հոդվածներում։
Իսկ ի՞նչ է պահանջում Երեւանը Բաքվից…
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.03.2025