Վարդեւան Գրիգորյանի կարծիքով՝ «Ակադեմիական քաղաք» նախագիծը դատարկելու է մարզերը ակտիվ երիտասարդությունից
«Ավելի մեծ աբսուրդ, քան «Ակադեմիական քաղաքն է»՝ գոյություն չունի»։ «Առավոտի» հետ զրույցում կառավարության մշակած «Ակադեմիական քաղաք» նախագծի վերաբերյալ այսպիսի գնահատական հնչեցրեց 2002-2016 թվականներին Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի (մինչեւ 2016-ը՝ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ – խմբ.) ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը։
Նա համոզված է՝ «Ակադեմիական քաղաք» նախագիծը մարզերը դատարկելու է երիտասարդությունից։
«1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Գյումրիի բոլոր բուհերը որոշեցին գործունեությունը շարունակել Երեւանում։ Մանկավարժական ինստիտուտը միակն էր, որ ուսումնական գործընթաց էր կազմակերպում Գյումրիում»,- հիշում է Գրիգորյանը։
Կարդացեք նաև
«Եթե ամբողջ երիտասարդությունը տեղափոխվի Երեւան, Գյումրին՝ որպես բնակավայր, չի մնա»
«Պատճառը պարզ էր. եթե Մանկավարժական ինստիտուտն էլ դուրս գար Գյումրիից, Գյումրին՝ որպես բնակավայր, կոչնչանար այս քարտեզի երեսից։ Եթե ամբողջ երիտասարդությունը տեղափոխվի Երեւան, Գյումրին՝ որպես բնակավայր, չի մնա»,-մտահոգվում է Գրիգորյանը։
Հասարակության կյանքում երիտասարդության դերն ընդգծելու համար Գրիգորյանը մանրամասնեց, որ նախքան երկրաշարժը, 1,200 ուսանող ունեցող Մանկավարժական ինստիտուտը գտնվում էր քաղաքի կենտրոնում, տեսանելի էր երիտասարդության էներգիան եւ ակտիվությունը։ «Շենքի վթարային լինելու պատճառով, իմ ղեկավարման ժամանակ տեղափոխվեցինք քաղաքի ծայրամաս։ Այդ ժամանակ արդեն 6,500 ուսանող ունեինք տարբեր ինստիտուտներից։ Պատկերացրեք՝ ինստիտուտի փողոցը դարձել էր Գյումրու ամենաբանուկ փողոցներից մեկը, քանի որ 5,000-6,000 երիտասարդ կար այդտեղ»,-հիշում է Վարդեւան Գրիգորյանն ու եզրահանգում՝ բնակավայրի զարգացումը կապված է երիտասարդության առկայության հետ։
«Ծերե՞րն են բնակավայր զարգացնելու»,-հռետորական հարց է հնչեցնում նա։
«Փոխանակ մարզերի բուհերն ուժեղացնեն…»
Գրիգորյանի խոսքով՝ երիտասարդության պակասի խնդիր Գյումրիում այսօր էլ է զգացվում։ Այն ուսանողների մեծ մասը, որը մեկնում է Երեւանում ուսանելու՝ ավարտելուց հետո ցանկություն չունի վերադառնալ մարզ։
«Աղջիկների 90%-ն ամուսնանում, մնում է Երեւանում, իսկ տղաների համար Երեւանն ավելի դուրին տարածք է աշխատանք գտնելու եւ գումար վաստակելու համար»,- համոզված է 2002-2016 թթ. ՇՊՀ ռեկտոր Գրիգորյանը։
Մեզ հետ զրույցում պաշտոնաթող ռեկտորը վերհիշեց՝ իր ռեկտորության շրջանում Շիրակի պետական համալսարանն ու Վանաձորի պետական համալսարանը Երեւանի մանկավարժական համալսարանի հետ համագործակցություն կնքեցին, որի դրույթներից մեկով՝ Շիրակից եւ Լոռիից Երեւանի մանկավարժական համալսարան ընդունված ուսանողները կարող էին դասապրոցեսն անցնել, համապատասխանաբար, Շիրակի եւ Վանաձորի պետական համալսարաններում՝ հանդիսանալով Երեւանի մանկավարժականի ուսանողներ։
Նրա համոզմամբ՝ «Նպատակը մարզի ուսանողի, նրա ծնողների կյանքը, հոգսը, բեռը թեթեւացնելն էր։ Ուսանողը կարող էր մնալ տանը, չգնալ եւ կեցության վարձի խնդիր չառաջանար»։
«Փոխանակ մարզերի բուհերն ուժեղացնեն, կրթական որակը բարձրացնեն, որպեսզի տեղի երիտասարդներն այդտեղ մնան ուսանող, հավաքում, բոլորին տանում են մի տեղ։ Այդ բնակաբայրերն ո՞ւմ համար են», -տարակուսում է Վարդեւան Գրիգորյանը։
«Սահմանամերձ բնակավայրերն արդեն իսկ դատարկվում են»
Մեր հարցին՝ «Ակադեմիական քաղաք» նախագիծը կարող է ժողովրդագրական աղետի՞ հանգեցնել, Վարդեւան Գրիգորյանի պատասխանը հստակ էր՝ «Իհարկե, կարող է… սահմանամերձ բնակավայրերն արդեն իսկ դատարկվում են, իսկ ակտիվ երիտասարդությանը հանելը նպաստելու է դրան։ Ի՞նչ է, Գյումրին սահմանամերձ չէ՞ Թուրքիային, Վանաձորը սաhմանամերձ չէ՞ Վրաստանին, Գորիսը, Կապանը, սահմանամերձ չե՞ն Ադրբեջանին»։
ՇՊՀ նախկին ռեկտորը զրույցում ասաց, որ նույն խնդիրը առկա էր նաեւ Ռուսաստանում, քանի որ Սիբիրի եւ Ուրալի ակտիվ եւ գիտակ երիտասարդները տեղափոխվում էին Մոսկվա սովորելու, իսկ ավարտելուց հետո չէին վերադառնում իրենց բնակավայրեր։
«Ռուսաստանի կառավարությունը որոշում կայացրեց՝ խոշորացնել Ուրալում, Սիբիրում եւ Դոնի Ռոստովում գործող համալսարանները։ Դա նպաստեց, որ տեղի երիտասարդները մնան, Մոսկվա չհասնեն», -պատմում է Գրիգորյանը։
Կամպուսների տարբերակը
Նրա ենթադրությամբ՝ «Ակադեմիական քաղաք»-ի հիմքում վերցված է ամերիկյան եւ եվրոպական կամպուսների մոդելը։ Ակադեմիկոսը դեմ չէ կամպուսների հիմնմանը, բայց տարակուսում է՝ չե՞ն կարող Շիրակում կամպուս հիմնել։
«Ես թե՛ ամերիկյան, թե՛ եվրոպական խոշոր բուհերի կամպուսներում եմ եղել։ Ուսանողները նախընտրում են որոշակի գումար վճարել եւ կամպուսի հանրակացարանում ապրել։ Կամպուսները Գյումրիի չափ տարածք են։ Գործում է տրանսպորտ, շուրջօրյա գործում են ընթերցասրահներ, համակարգչային լսարաններ։ Կամպուսը հնարավորություն է ստեղծում ուսանողին ապրել համալսարանում, սովորել, աշխատել, երբ ցանկանա»,- մեկնաբանում է Գրիգորյանը եւ առաջարկում՝ «Թո՛ղ երեք խոշոր կամպուսներով բուհեր ստեղծեն Գյումրիում, Վանաձորում եւ Գորիսում»։
Շենքերն են պետք
Հետաքրքրվեցինք՝ հնարավոր չէ՞ «Ակադեմիական քաղաք» ստեղծել, միաժամանակ պահպանելով համալսարանները մարզերում։
«Բուհական հասարակության մոտ այն տպավորությունն է, որ «Ակադեմիական քաղաք» նախագիծն իրականացվում է բուհերից շենքերը վերցնելու եւ իշխանության մտերիմներին վաճառելու համար»,- պատասխանեց «Առավոտի» զրուցակիցը։
Մասնագետների խնդիրը լուծված է
Վարդեւան Գրիգորյանն անդրադարձավ պնդմանը, թե «Ակադեմիական քաղաքը» միտված է լուծել մարզային բուհերի՝ մասնագետների պակասի խնդիրը։ Գրիգորյանի խոսքով՝ այսօր տեխնոլոգիական հնարավորություններն այնքան են զարգացել, որ մասնագետները կարող են օնլայն տարբերակով դասախոսություն կարդալ մարզային բուհերի ուսանողների համար։
Նա ասաց. «Մասնագետը կարող է օնլայն դասախոսություններ կարդալ, եւ ամսվա կամ կիսամյակի ընթացքում մի քանի անգամ գործնական պարապմունք եւ կենդանի շփում անցկացնել ուսանողների հետ»։
Խնդիրն ավելի մեծ է
Վարդեւան Գրիգորյանը ընդլայնեց թեման։ Ինչպես մարզից մեկնում են Երեւան սովորելու եւ չեն վերադառնում, այդպես էլ Հայաստանից մեկնում են Եվրոպա սովորելու եւ չեն վերադառնում. «Պայմաններ պետք է ստեղծեն, որ մեր երիտասարդները մարզից չգնան Երեւան, Հայաստնից էլ՝ Եվրոպա»։
Հանրապետության բոլոր բուհերը՝ մեկ վայրում. վարչապետ
Ըստ նախագծի՝ «Ակադեմիական քաղաքի» ստեղծումը պայմանավորված է որակյալ բարձրագույն կրթության եւ հետազոտության համար արդիական միջավայրի ապահովման նպատակով։
«Ակադեմիական քաղաք ստեղծելու անհրաժեշտությունն առաջացել է կրթության, հետազոտության եւ արդյունաբերության ու ծառայությունների մատուցման ոլորտների միջեւ կապ ստեղծելու նպատակից ելնելով՝ տնտեսվարող սուբյեկտների արդի պահանջները բավարարող ու առաջադիմական կրթություն եւ հետազոտություն ապահովելու նպատակով»,-նշվում է նախագծի բնութագրի մեջ։
«Ակադեմիական քաղաք» նախագիծը միգուցե այսքան խնդրահարույց չլիներ, եթե վարչապետ Փաշինյանը չհայտարարեր, որ ի վերջո այս քաղաքից դուրս որեւէ բուհ պետք է չգործի Հայաստանում։
«Շահարկման կամ քննարկման իմաստով ամենակարեւոր թեմաներից մեկը՝ մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք, որ ի վերջո Երեւան քաղաքում երկարաժամկետում պետք է ոչ մի բուհ չլինի, եւ «Ակադեմիական քաղաքից» դուրս պետք է ոչ մի բուհ չլինի: Հանրապետության բոլոր բուհերը՝ հայաստանյան, թե՛ օտարերկրյա, մասնավոր, թե՛ պետական, պետք է գործեն միայն «Ակադեմիական քաղաքում», -2024-ի գարնանն ասել էր Փաշինյանը։
Մարզերում ակադեմիական գործունեության դադարեցման եւ երիտասարդների դուրսբերման շուրջ մտահոգություններով դիմել էինք Շիրակի, Վանաձորի եւ Գորիսի պետական համալսարաններին։ Մեր գրավոր հարցումները եւ բազմաթիվ զանգերն անպատասխան մնացին։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.03.2025