Մարտի 10-ին Բրանդենբուրգյան դարպասների առջեւ հավաքված հանրությունը թեեւ խիստ բազմամարդ չէր՝ մոտ 50 հոգի, սակայն միայն հայերից բաղկացած չէր, բազմակառույց էր՝ Գերմանահայոց կենտրոնական խորհուրդ, Վտանգված ազգերի ընկերակցություն, Ցեղասպանության ճանաչման հանձնախումբ, Մարդու իրավունքների միջազգային ընկերակցություն (IGFM), Գերմանիայի ACAT կազմակերպություն (Action by Christians for the Abolition of Torture- Խոշտանգումների վերացմանն ուղղված քրիստոնյաների գործողություն), «Թեոֆանու» ակումբ: Ցավալի բացական Բեռլինում ՀՀ դեսպանն էր, դեսպանությունը:
… «Մենք ազատության խորհրդանիշ դարձած Բրանդենբուրգյան դարպասների առջեւ ենք՝ Ադրբեջանից հայ պատանդներին անհապաղ ազատ արձակելու պահանջով: Նրանց կալանավորումը անմարդկային արարք է, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների (ներառյալ ցեղասպանության) ոտնահարում է, էթնիկ հետապնդման շարունակություն», մարդու իրավունքների պաշտպաններին, ներկաներին դիմելով նշեց Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Յոնաթան Շպանգենբերգը, որի ելույթը մեկ ընդգծված սեւեռում ուներ՝ ցույց տալ, որ Ադրբեջանի գործողությունը ցեղասպանություն է:
«Գերմանիան հատուկ պատասխանատվություն ստանձնած պետություն է, պարտավոր է գործել ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիայի համաձայն», ասաց ԳԿԽ ատենապետը՝ հիշատակելով 2023-ի սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի պարզաբանումը, որ «ԼՂ-ի քաղաքացիական բնակչությունը ռազմական գործողությունների հետեւանքով բռնության, ներառյալ ցեղասպանության վտանգի տակ է, դրանից բխող վայրագությունների վտանգն առկա է» եւ «ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի բարձրագույն մարմնի այս նախազգուշացումը պետք է դրդեր ԳԴՀ կառավարությանը անհապաղ կատարելու ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայով ստանձնած պարտավորությունը: Արդարադատության միջազգային դատարանի համաձայն, ցեղասպանությունը կանխելու պարտավորությունն առաջանում է այն պահին, երբ պետությունն իրազեկ է դառնում ցեղասպանության լուրջ սպառնալիքի մասին: Այն, որ ԳԴՀ տեղյակ էր հայ բնակչությանը սպառնացող լուրջ վտանգի մասին, վկայեց նաեւ արտգործնախարար Աննալենա Բերբոքի ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ում 2023-ի սեպտեմբերի 22-ին», ասաց Շպանգենբերգը:
Նա նշեց, որ հիշատակվածն արտոնում է եզրակացնել, որ ԳԴՀ կառավարության արձագանքը չպետք է սահմանափակվեր քննադատությամբ եւ դիվանագիտական կոչերով միայն: «Գերմանիան պետք է գործի. Դաշնային հաջորդ կառավարությունը կարող է եւ պետք է դիմում ներկայացնի Հաագայի միջազգային քրեական դատարան՝ բռնապետ Ալիեւին պատասխանատվության ենթարկելու համար», ասաց Շպանգենբերգը:
Կարդացեք նաև
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում
Լուսանկարը՝ Յոնաթան Շպանգենբերգի ֆեյսբուքյան էջից