«Քաղաքականությունն այստեղ կապ չունի, այդ մարդը քրեական հանցագործություն է կատարել եւ պետք է կրի իր պատիժը»: Այդպես էին ասում իշխանությունները, երբ վերջին 30 տարիների ընթացքում պետք էր ազատազրկել իրենց այս կամ այն պատճառով դուր չեկող մարդուն: Նույնն է ասում ՌԴ, Ադրբեջանի կամ Բելառուսի իշխանությունը: Մոտավորապես նույնը մենք լսել ենք Բրեժնեւի ու նույնիսկ Ստալինի ժամանակ: Հիմա էլ ենք լսում «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում:
Իհարկե, չեմ բացառում, որ նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը ինչ-որ մեկին ինչ-որ հարցով միջնորդել է: Բայց որեւէ կասկած չունեմ, որ սրընթաց հարստացած ՔՊ-ականների շարքերում Աղազարյանն առաջին տեղերում չէ: ՔՊ-ական վերնախավում սեփական եւ հարազատների բիզնեսների, պետպատվերներին տիրանալու, օտար ափերում անշարժ գույք ունենալու եւ «գործեր դզելու» առումով կան շատ ավելի «խոշոր ձկներ»: Եթե իշխանափոխությունից հետո պահպանվի «հակակոռուպցիոն կոմիտե» կոչվող կառույցը, ապա այն հաստատ պարապ չի մնա: Բայց առայժմ ձեւ է արվում, որ ամենախոշոր կոռուպցիոները Հովիկ Աղազարյանն է:
Իրականությունը չափազանց թափանցիկ է: Հենց որ անցած տարվա դեկտեմբերին Աղազարյանը սկսեց որոշ չափով շեղվել «կուսակցության գլխավոր գծից», Փաշինյանը հրահանգեց նրա վրա կոմպրոմատ պեղել: Եվ, ինչպես նույն Ստալինն էր ասում, եթե կա մարդը, հոդված միշտ էլ կգտնվի: Եթե Աղազարյանը հրաժարվեր մանդատից, ապա դրա անհրաժեշտությունը գուցե եւ չլիներ: Բայց հիմա նախկին ՔՊ-ականի ճակատագիրը որոշված է. եթե նույնիսկ չազատազրկվի, ապա հաստատ մանդատից կզրկվի: (Լավ է, այդ հարցով պետք չեղավ համազգային հանրաքվե անցկացնել):
Ինչ խնդիր է դրանով լուծում իշխանությունը: Շատ պարզ. թող որեւէ մեկը, որին «շեֆն» ընդգրկել է ՔՊ ցուցակում եւ այդպիսով պատգամավոր է դարձրել, չհամարձակվի հակադրվել երկրի միապետին: Միանգամայն կանխատեսելի է, որ այլեւս ոչ մի ՔՊ-ական որեւէ ինքնուրույնություն չի դրսեւորի: Նախ՝ նա տեսնում է, թե ինչ հետեւանքների է դա բերելու: Երկրորդ՝ եթե խոսքը պատգամավորների մասին է, ապա մեկ տարի անց ընտրություններ են լինելու, եւ, բնականաբար, ՔՊ-ականները հույսեր են փայփայում, որ Փաշինյանն այս անգամ եւս նրանց ցուցակի մեջ կընդգրկի, ինչը կերկարաձգի նրանց երջանիկ կյանքը եւս 5 տարով: Որպեսզի կյանքի այդ երազանքը իրականանա, պետք է այս տարվա ընթացքում ոչ միայն չհակադրվել, այլեւ որքան հնարավոր է՝ ագրեսիվ լինել «նախկինների» եւ «ռուսական գործակալների» հանդեպ:
Կարդացեք նաև
Իսկ ի՞նչ կլինի, երբ Փաշինյանն այս կամ այն ձեւով զրկվի իր «գահից»: Այստեղ նույնպես ոչ մի գաղտնիք չկա: Հիշեք թեկուզ, թե ինչեր էին խոսում Ստալինի շրջապատի մարդիկ «մեծն առաջնորդի» մահվանից հետո:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հարգելի պարոն Աբրահամյան
Միանշանակ ճիշտ եք։ Սակայն կցանկանայի նշել, որ այսօր ամբողջ աշխարհում է նման տենդենց։ Հիշենք Թրամփի վերաբերյալ քրեական գործերը, Միջազգային արժութային հիմնադրամի նախկին ղեկավարի վարկաբեկումը, Ռումինիայի ընտրություններում առաջատարի նկատմամբ գործը։ Էնպես որ Ռուսաստան, Բելառուս, Ադրբեջան եռյակի բացի այսօր շատ են այլ Սուպերժողովրդավարեր