Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի եւ «Սիներջի ինտերնեյշնըլ սիսթեմզ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Աշոտ Հովհաննիսյանի գործով գրավոր ապացույցների հետազոտման դատական նիստը: Հանրային մեղադրողը շարունակեց հրապարակել փոխնախարար Անի Իսպիրյանի գաղտնալսման արձանագրությունները:
Ըստ գործի՝ նախարարությունը տենդեր է հայտարարել հանրային ներդրումների բանկի համակարգչային ծրագրի ստեղծման համար, որին մասնակցել են «Սիներջի» եւ «Հարմոնիա» ընկերությունները եւ հայտարարված մրցույթի համար այնպիսի չափորոշիչներ են սահմանվել, որոնք նպաստավոր են եղել «Սիներջի» ընկերության համար: Հանրային մեղադրող Գեւորգ Սարգսյանը նշեց, որ նախարարության նպատակը ոչ թե իրական, այլ ձեւական մրցույթ հայտարարելն է եղել:
Դատական նիստի ավարտին Վահան Քերոբյանը Aravot.am-ի հետ կարճատեւ զրույցում ասաց. «Դատախազությունը փորձում է ապացուցել, որ մենք նախօրոք պայմանավորված ենք, բայց այսօրվա, ինչպես նաեւ մնացած բոլոր օրերի բոլոր ապացույցները նրա մասին են, որ որեւէ պայմանավորվածություն չի եղել, էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները աշխատել են պետական շահերի համար եւ ես էլ որեւէ մասնակցություն չեմ ունեցել մրցույթի պրոցեսին»:
Կարդացեք նաև
Գործում առկա գրավոր ապացույցների հետազոտումը կշարունակվի հաջորդ դատական նիստում, որը կկայանա մարտի 26-ին, ժամը 10:00-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ