«Մենք նաեւ անվտանգության խորհրդի ֆորմատով ենք քննարկել եւ եկել ենք այն եզրակացության, որ այս պահին առկա բովանդակությունը կարող է համարվել այն փոխզիջումային տարբերակը, որը կարող է ընդունելի լինել եւ ըստ էության այս հանգամանքներում ընդունելի է Հայաստանի Հանրապետության համար»,-լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով խաղաղության համաձայնագրի բովանդակությանը:
Հարցին՝ իսկ ո՞րն է Ադրբեջանի փոխզիջումը, նա այսպես արձագանքեց. «Հատկապես այս փուլում շատ կարեւոր է, որ միակողմանի ձեւակերպումներ եւ հայտարարություններ չանենք: Եթե համաձայնություն է ձեռք բերվել, նշանակում է՝ ադրբեջանական կողմը մտածել է, որ այս տեքստը ձեռնտու է իրեն եւ Հայաստանի Հանրապետությունն էլ որոշել է, որ այս տեքստը նաեւ իրեն է ձեռնտու: Դրանք այն կոմպրոմիսներն են, որոնց մասին մենք հրապարակային խոսել ենք:
Կարդացեք նաև
Ըստ էության, դրույթ առ դրույթ՝ ամեն ինչի մասին խոսել ենք, եւ այո, կայացրել ենք որոշում, որ սա կոմպրոմիսային տեքստ է, ինչպիսին որ կարող է լինել խաղաղության համաձայնագիրը: Այլ ժանր խաղաղության համաձայնագիրը չի նախատեսում»:
Հարցին՝ ՀՀ Սահմանադրության փոփոխության հետ կապված Երևանը Բաքվի հետ որևէ քննարկում ունի՞, ՀՀ վարչապետը պատասխանեց. «Ոչ, չունի դրա հետ կապված քննարկում։ ՀՀ Սահմանադրությունը չունի տարածքային պահանջներ որևէ երկրի նկատմամբ»։
Բաքվից այսօր պնդել էին, որ «հաջորդ փուլում պետք է հանվեն Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումները»:
Անդրադառնալով գերիների թեմային՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «Մենք բոլոր հնարավոր տեղերում ու բոլոր հնարավոր ձևերով այդ հարցը բարձրացնում ենք, եթե չի լուծվել հարցը, դա նշանակում է, որ համաձայնություն չկա: Դա նշանակում է, որ ոչ թե Հայաստանի Հանրապետությունը չի բարձրացնում հարցը, այլ՝ չկա համաձայնություն»:
Ադրբեջանին ճանապարհ տալո՞ւ եք հարցին էլ նախ պատասխանեց. «Ես ոչ միայն չեմ բացառում, այլև հաստատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հաղորդակցությունները, տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիները ապաշրջափակել, այդ թվում՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար Հանրապետության միջև, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակներում»:
Լրագրողի հետագա պնդումներին, թե արդյոք «ճանապարհ տալո՞ւ եք, թե՞ ոչ», արձագանքեց. «Այո, ճանապարհ տալու ենք: Ինչպե՞ս ենք ճանապարհ տալու, իմ վերջին հոդվածում մանրամասն գրանցված է, ձևակերպված:
Մենք սպասում ենք Ադրբեջանի պաշտոնական պատասխանին, և երբ մեր առաջարկին Ադրբեջանի պաշտոնական պատասխանը լինի, հենց հաջորդ վայրկյանից մենք պատրաստ ենք մեր առաջարկի իրագործմանը»։
Մանրամասն՝ տեսանյութում